Հա

Քաղաքական

20/01/2019 - 14:40

«Վերջին շրջանում աւելի է խորանում էներգետիկ երկխօսութիւնն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ». Փորձագէտ զգուշացնում է, տարածաշրջանային էներգետիկ շուկաներից Հայաստանի դուրս մնալու վտանգի մասին

Էներգետիկ ոլորտում 2019-ի ամենակարեւոր մարտահրաւէրներից մէկը, ըստ էներգետիկ ոլորտի փորձագէտ Վահէ Դաւթեանի, Հայաստանի ներսում արտադրւող էլեկտրաէներգիայի ինքնարժէքի խնդիրն է: 

«alikonline.ir» - Էներգետիկ ոլորտում 2019-ի ամենակարեւոր մարտահրաւէրներից մէկը, ըստ էներգետիկ ոլորտի փորձագէտ Վահէ Դաւթեանի, Հայաստանի ներսում արտադրւող էլեկտրաէներգիայի ինքնարժէքի խնդիրն է: 

Նա «Tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ այսօր արդէն ստեղծւել է մի իրավիճակ, երբ Հայաստանը, որն աւանդաբար դիտարկւում էր որպէս տարածաշրջանում էներգետիկ հզօրութիւնների աւելցուկ ունեցող պետութիւն եւ արտահանման հզօր ներուժ ունեցող պետութիւն, կորցրել է իր դիրքերը։

«Մասնաւորապէս, բաւական է նշել, որ 2016-ին ընդհանրապէս էլեկտրաէներգիա չենք արտահանել վրացական ուղղութեամբ, 2018-ին մի փորք բարելաւել ենք դիրքերը, այն էլ այն բանի շնորհիւ, որ Վրաստանի էներգահամակարգում վթար էր տեղի ունեցել եւ, այո, վթարների ժամանակ, ինչպէս յայտնի է, մենք ապահովում ենք այդ էլեկտրաէներգիայի մի մասը, որն անհրաժեշտ է Վրաստանին: Եթէ անգամ այդ վթարն ենք դիտարկում, ապա Հայաստանից դէպի Վրաստան երբ համեմատում ենք արտահանումը, ասենք, Ադրբեջանի, ՌԴ-ի հետ, ապա տեսնում ենք, որ Հայաստանն արտահանման մասով վերջին տեղն էր զբաղեցնում եւ վրացական շուկայում գնալով իր դիրքերը զիջել էր ադրբեջանական եւ թուրքական էլեկտրաէներգիային»,- ասաց Դաւթեանը։

Էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի զարգացման կամ կիրառման քաղաքականութեան ոլորտում ՀՀ-ն բաւականին յետ է մնացել, կարծում է փորձագէտը՝ շեշտելով, որ եթէ գոնէ 2019-2020 թթ. ինչ-որ օպերատիւ քայլերի ՀՀ իշխանութիւնները չգնան եւ չփորձեն երկրի ներսում էապէս նւազեցնել արտադրւող էլեկտրաէներգիայի ինքնարժէքը, ապա Հայաստանն առհասարակ դուրս կը մնայ տարածաշրջանային էներգետիկ շուկաներից:

Նա մատնանշեց յատկապէս Իրանի օրինակը։

«Աւանդաբար Իրանը դիտարկել ենք որպէս մեր էլեկտրաէներգիայի սպառման առանցքային առարկայ, դիտարկել ենք որպէս դեֆիցիտ ունեցող պետութիւն, բայց 2017-2018 թթ. ընթացքում, ի հեճուկս պատժամիջոցային քաղաքականութեան, Թեհրանը գնալով հզօրացրեց իր էներգետիկ համակարգը, կառուցեց արդէն նոր ջերմաէլեկտրակայան 300 մեգավատ հզօրութեամբ, այս ընթացքում էլեկտրակայաններ կառուցեց այն տարածքներում, որտեղ պակասուրդ էր զգացւում, էլկտրաէներգիայի դեֆիցիտ էր զգացւում, եւ արդէն այս տարւայ կէսերին՝ մօտաւորապէս մայիս-յունիս ամսին, յայտարարեց, որ ինքն է պատրաստ, այդ թւում՝ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա արտահանել դէպի Վրաստան, իսկ Ադրբեջանի տարածքով՝ դէպի ՌԴ»,- ընդգծեց նա։

Վահէ Դաւթեանն ուշադրութիւն հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ վերջին շրջանում աւելի է խորանում էներգետիկ երկխօսութիւնը Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը յատկապէս արտայայտւեց 2018 թւականին: Նրա խօսքով՝ յունւարից ի վեր արդէն Ադրբեջանն է էլեկտրաէներգիա արտահանում դէպի Իրան, մօտաւորապէս 80 մեգավատ հզօրութեան, եւ խօսքն այն մասին է, որ 2019-ին այդ հզօրութիւնը կը հասնի 180 մեգավատի:

«Որպէս այս երկխօսութեան կուլմինացիա, իհարկէ, կարելի է դիտարկել Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան, որը ստորագրւեց 2018-ի օգոստոսի 12-ին, որը լրացուցիչ մեխանիզմներ եւ գործիքներ ստեղծեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, այդ թւում՝ էներգետիկ ոլորտում երկխօսութիւնն ակտիւացնելու եւ զարգացնելու համար»,- ներկայացրեց Վահէ Դաւթեանը։

Այստեղից, ըստ փորձագէտի, ի յայտ է գալիս յաջորդ մարտահրաւէրը, որն այն առանցքային ենթակառուցւածքային նախագիծն է։ Ըստ Դաւթեանի՝ Հիւսիս-հարաւ էլեկտրաէներգետիկ միջանցքն է, որը կարծես թէ կամաց-կամաց միտում ունի տեղափոխւելու դէպի Ադրբեջան:

«Սա բաւական ակտիւօրէն Ադրբեջանի կողմից լոբբինգ է արւում, եւ մենք արդէն տեսնում ենք, որ ստեղծւել է աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք բացայայտ Հիւսիս-հարաւին այլընտրանքային միջանցք ձեւաւորելու միտում ունեն: Ինչ վերաբերում է Հիւսիս-հարաւին, ապա մենք բաւականին յետ ենք ընկել աշխատանքային գրաֆիկից, օրինակ՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ ցանցը պէտք է յանձնւէր դեկտեմբերին, բայց մօտ 2 ամիս առաջ եղաւ պաշտօնական յայտարարութիւն իշխանութիւնների կողմից, որ այդ նախագծի ընդամէնը 15 տոկոսն է պատրաստ»,- մանրամասնեց փորձագէտը։

Դաւթեանի գնահատմամբ՝ այս տեմպերով ՀՀ-ն ընդհանրապէս կարող է դուրս մնալ տարածաշրջանային էներգետիկ շուկայից, իսկ դրանում ներգրաււած լինելը ինչ-որ չափով նաեւ աշխարհաքաղաքական լուրջ դիւիդենտներ կարող է բերել Հայաստանին՝ ստեղծելով երկրի անվտանգութեան համար լրացուցիչ երաշխիքներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։