Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից մէկի` Ջեմալ Փաշայի թոռը` յայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալի գործը քննող դատախազը պահանջել է 1 տարի 10 ամսից մինչեւ 9 տարի 4 ամիս ազատազրկում:
«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից մէկի` Ջեմալ Փաշայի թոռը` յայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալի գործը քննող դատախազը պահանջել է 1 տարի 10 ամսից մինչեւ 9 տարի 4 ամիս ազատազրկում: Ջեմալի նկատմամբ դատական գործ է բացւել 2015 թ. դեկտեմբերի 4-ին «T24» կայքում հրապարակւած` «Սիլւանից. Մեզ այնքան են ընտելացրել ցաւերին եւ մահւան, որ…» վերնագրով յօդւածի պատճառով: Ըստ դատարանի, յօդւածում Քրդական աշխատաւորական կուսակցութեան քարոզն էր արւում: Դատական լսումները, Ջեմալի փաստաբանի` պաշտպանւելու ցանկութիւն յայտնելուց յետոյ, յետաձգւեցին.: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Sputnik»-ի թուրքական ծառայութիւնը:
Նշենք, որ յօդւածում Ջեմալը անդրադառնում էր Սիլւան քաղաքում (պտմ. Տիգրանակերտ մայրաքաղաք) տեղի ունեցող իրադարձութիւններին, քաղաքի բնակչութեանը եւ բախումներին` քրդերի ու թուրքերի միջեւ: Նաեւ անդրադարձ կար հայերի մասին: Մասնաւորապէս հարցազրոյց էր վերցրել տեղի բնակիչներից մի կնոջից, ով նշում էր.
«Ինձ ամուսնացրել են 15 տարեկանում: Ամուսինս քուրդ է: Մայրս էլ, հայրս էլ հայեր են: Վախից ոչ ոք չի ասում որ հայ է: 4-րդ դասարան էի, երբ իմացայ, որ հայ եմ: Դպրոցում թաղամասում վատ բան էր Հայ բառը: Մօրս հարցրեցի ինչ է հայը: Ասաց, որ մենք ենք հայ: Բայց խստօրէն զգուշացրեց չխօսել դրա մասին: Սիլւանում շատ են իսլամացւած հայերը»: