Հա

Քաղաքական

04/05/2019 - 14:10

Թուրքիայի մեկուսացումը. քաղաքական խա՞ղ, թէ՞ իրականութիւն

Վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ արտաքին ճնշումները ոչ միայն պահպանւում են, այլեւ նկատելի են դառնում ճնշումների ընդլայնման միտումներ։ Առանձնակի կարեւորութիւն է ներկայացնում յատկապէս Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ քաղաքական բնոյթի տարակարծութիւնների հարցը։ Փորձագէտներից ոմանք առաջ են քաշում այն համոզմունքը, թէ հէնց ԱՄՆ-ի հետ հակասութիւններն են էական ազդեցութիւն թողնում Թուրքիայի միջազգային ու տարածաշրջանային մեկուսացման գործընթացի վրայ։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Վաշինգտոն-Անկարա հակասութիւնները պահպանւում են

Վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ արտաքին ճնշումները ոչ միայն պահպանւում են, այլեւ նկատելի են դառնում ճնշումների ընդլայնման միտումներ։ Առանձնակի կարեւորութիւն է ներկայացնում յատկապէս Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ քաղաքական բնոյթի տարակարծութիւնների հարցը։ Փորձագէտներից ոմանք առաջ են քաշում այն համոզմունքը, թէ հէնց ԱՄՆ-ի հետ հակասութիւններն են էական ազդեցութիւն թողնում Թուրքիայի միջազգային ու տարածաշրջանային մեկուսացման գործընթացի վրայ։

Յիշեցնենք, որ Վաշինգտոնը կիրառական քայլերի անցաւ եւ 2018 թ. օգոտսոսին տնտեսական պատամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ՝ պայմանաւորելով դա Թուրքիայում ամերիկացի հոգեւոր հովիւ Էնդրիւ Բրանսոնի ձերբակալութեամբ։

Միամտութիւն է կարծել, որ քահանայի ձերբակալութիւնն էր հիմնական առիթը կողմերի միջեւ լարւածութեան համար։ Ըստ էութեան, Վաշինգտոն-Անկարա հակասութիւնները շատ աւելի խորքային են եւ թերեւս չեն սահմանափակւում զուտ քաղաքական բնոյթով։ Իրականում, ամերիկացի քահանայի ձերբակալութիւնը երկկողմ խորքային անհարթութիւնների երեւացող դրսեւորումներից մէկն էր։ Աւելին` թերեւս չենք սխալւի, եթէ հաստատենք, որ այդ տարակարծութիւններն անգամ չեն սահմանափակւում Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զէնիթահրթիռային համալիրների ձեռք բերման հարցի կապակցութեամբ Վաշինգտոնի դժգոհութեամբ։ Հարցի առնչութեամբ նշենք, որ ամերիկեան կողմը բացայայտ սպառնում է Անկարային պատժամիջոցներով, եթէ նա չհրաժարւի այդ գործարքից։

Հակւած ենք այն տեսակէտին, որ Միացեալ Նահանգների ու Թուրքիայի միջեւ տարակարծութիւնները Վաշինգտոնի մերձաւորարեւելեան ռազմավարութիւնում շեշտադրումների փոփոխութեան հետեւանք են։ Իհարկէ, այստեղ խօսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Սպիտակ տունը վերանայում է Մերձաւոր Արեւելքում իր ռազմավարական դաշնակցի հետ նախկին համագործակցային ձեւաչափը։ Սակայն այն, որ Թրամփի վարչակազմում Մերձաւոր Արեւելքում ամերիկեան ռազմավարութեան «տեղայնացման» նախկին գործելակերպը դարձել է աւելի պրագմատիկ, «չոր» հաշւարկւած, երկու կարծիք լինել չի կարող։ Վաշինգտոնում համարում են, որ, շահերի արագ փոփոխման տրամաբանութիւնից ելնելով, Մերձաւոր Արեւելքում երկկողմ ձեւաչափով նախկին ռազմավարական դաշինքները կարող են վերաձեւակերպւել։

Առաւելութիւն է տրւում բազմաձեւաչափ կամ, այլ կերպ ասած, կոալիցիոն սկզբունքով ստեղծւող դաշինքներին, որոնցում ներկայացւած են տարբեր շահեր։ Նման դաշինքները հնարաւորութիւն են տալիս Վաշինգտոնին նւազեցնելու մէկ կենտրոնից կախւածութեան ռիսկերը, որոնք երբեմն խնդրայարոյց են երկկողմ դաշինքների դէպքում։ Օրինակ` Վաշինգտոնում մեծ են ակնկալիքները հակաիրանական կոալիցիայի ստեղծման հարցում։ Միւս կողմից` Միացեալ Նահանգները քաղաքական զգալի աջակցութիւն է ցոյց տալիս Յունաստան-Իսրայէլ-Կիպրոս եռակողմ դաշինքին, որը փորձագիտական դաշտում յայտնի է հակաթուրքական առանցք անւանումով։ Ակնյայտօրէն, Յունաստանն ու Կիպրոսը, որոնք ընկալում են Թուրքիան որպէս իրենց բնական հակառակորդ, դաշնակցային համագործակցութիւն են հաստատել Իսրայէլի հետ՝ մի երկրի, որը վերջին տարիներին նոյնպէս հակասութիւններ ունի Անկարայի հետ։ Աւելին` այսօր Վաշինգտոնում բացայայտ խօսում են այն մասին, որ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների սառեցման դէպքում Վաշինգտոնը կարող է Թուրքիայի «Ինջիրլիք» աւիաբազայում գտնւող ամերիկեան զօրքերը եւ սպառազինութիւնը տեղակայել Յունաստանում։ Ի դէպ, ասւածի հաստատումն է այն, որ, խոշոր հաշւով, այսօր այլեւս դադարել է գործել Իսրայէլ-Թուրքիա երկկողմ ռազմավարական դաշինքը, որը ժամանակին կարեւորագոյն նշանակութիւն ունէր Վաշինգտոնի մերձաւորարեւելեան ռազմավարութեան ճարտարապետութիւնում։

 

Խնդիրներ Սաուդական Արաբիա-Թուրքիա յարաբերութիւններում

Սաուդական Արաբիայի ու Թուրքիայի միջեւ տնտեսական համագործակցութեան տրամաբանութիւնը չի արտացոլում երկկողմ գործակցութիւնը քաղաքական հարթութիւնում։ Սաուդական Արաբիային մտահոգում է նաեւ Մերձաւոր Արեւելքում Թուրքիայի հեղինակութեան ու դերի մեծացման հարցը։ Տարածաշրջանում երկու տէրութիւնները մշտապէս մրցակցել են արաբական, իսլամական աշխարհում առաջնորդութեան «տիտղոսի» համար։ Այս ճամբարում Անկարայի դերակատարման հնարաւորութիւններն ընդլայնւել են՝ պայմանաւորւած Իսրայէլի հետ Անկարայի յարաբերութիւնների սառեցման հանգամանքով։ «Արաբական գարնան» ալիքը լաւ հնարաւորութիւն է Անկարայի համար՝ ամրապնդելու դիրքերը տարածաշրջանում։ Մինչ վերջերս հարթ էին ընթանում ինչպէս Սաուդական Արաբիայի, այնպէս էլ Թուրքիայի ռազմավարական գործակցային յարաբերութիւնները Միացեալ Նահանգների հետ։ Մինչ վերջերս երկու երկրներն էլ ամերիկեան սպառազինութիւնների մատակարարման խոշոր շուկաներից էին։ Իրավիճակը որոշակիօրէն փոխւեց հէնց Թուրքիայի պարագայում. պաշտօնական Անկարան փորձում է դիւերսիֆիկացնել սպառազինութեան մատակարարման ուղիները` մասնաւորաբար ոլորտում զարգացնելով երկխօսութիւնը Մոսկւայի հետ։ Արդիւնաւէտ է ընթանում նաեւ Անկարա-Մոսկւա քաղաքական գործակցութիւնը։

Վերջին շրջանում կողմերի միջեւ յարաբերութիւնները սառեցին՝ կապւած 2018 թ. հոկտեմբերի սկզբին Ստամբուլում Սաուդական Արաբիայի հիւպատոսութեան տարածքում սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանութեան հետ։ Լրագրողն իր հրապարակախօսականներում քանիցս քննադատել էր ինչպէս Սաուդական Արաբիայի, այնպէս էլ ԱՄՆ ղեկավարութեանը։ 2017 թ.-ից Սաուդական Արաբիայի իշխանութիւնների ճնշումների հետեւանքով նա լրագրողական գործունէութիւնը ծաւալում էր ԱՄՆ-ում։ Պէտք է նշել, որ Խաշուկջիի սպանութիւնը բացասաբար անդրադարձաւ նաեւ Սաուդական Արաբիայի ու Միացեալ Նահանգների փոխյարաբերութիւնների վրայ։ Վաշինգտոնում չեն բացառում սպանութեան հարցում Սաուդական Արաբիայի իշխանութիւնների ներգրաււածութիւնը։ Շրջանառւում էր այդ երկրի գահաժառանգ Մուհամադ իբն Սալմանի անունը, որի հասցէին բացայայտ քննադատութիւն էր հնչեցնում սաուդցի լրագրողը։ Կայ փորձագիտական կարծիք, որի համաձայն` Սաուդական Արաբիայի իշխանութիւնների նկատմամբ ամերիկեան դժգոհութիւնները նոր չեն, եւ Վաշինգտոնում տարբերակներ են քննարկւում այդ երկրում նոյնպէս յեղաշրջման ալիք «տեղայնացնելու» հնարաւորութիւն։ Շրջանառւող այլ վարկածով` սաուդցի լրագրողի սպանութիւնը կազմակերպել են Թուրքիայի յատուկ ծառայութիւնները՝ Վաշինգտոն-Էր-Ռիադ յարաբերութիւններում լարւածութեան հրահրման, տարածաշրջանում Սաուդական Արաբիայի դիրքերը թուլացման նպատակներով։ Կարծում ենք, որ լրագրողի սպանութեանը Սաուդական Արաբիայի իշխանութիւնների մասնակցութեան հաւանականութիւնն այնքան էլ մեծ չէ։ Հասկանալի էր, որ լրագրողի սպանութիւնն արժանանալու էր Վաշինգտոնի սուր քննադատութեանը։ Սպասելի էր նաեւ, որ այդ քննադատութիւնների հասցէատէրը լինելու էին Սաուդական Արաբիայի իշխանութիւնները, որոնց քաղաքական օրակարգում չէր կարող լինել Վաշինգտոնի հետ յարաբերութիւնների սառեցման հարց։

Ինչեւէ, վերադառնալով Սաուդական Արաբիա-Թուրքիա հակասութիւններին, նշենք, որ վերջերս Սաուդական Արաբիայի իշխանութիւնները մեծացնում են Անկարայի նկատմամբ արտաքին ճնշումները՝ օգտագործելով Օսմանեան կայսրութիւնում հայերի դէմ իրականացւած Ցեղասպանութեան ճանաչման հարցը։ Ընթացիկ տարւայ ապրիլի սկզբին Լիբանանում ՍաուդականԱրաբիայի դեսպան Վալիդ Բուհարին այցելեց Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսարան, հանդիպում ունեցաւ Արամ Առաջինի հետ եւ Հայոց Ցեղասպանութեան մատուռում յարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: Իհարկէ, դատապարտելի է, երբ հայերի դէմ իրականացւած Ցեղասպանութեան ճանաչման հարցը դառնում է միջազգային յարաբերութիւններում քաղաքական գործիք եւ չի դիտարկւում հարցի լուծման համամարդկային, բարոյական կողմերից, այդուհանդերձ, արձանագրենք, որ Սաուդական Արաբիայի նման նախաձեռնութիւնը խորհրդանշական է` մի երկրի, որն այդպէս էլ չի ճանաչել ՀՀ անկախութիւնը։ Կարծում ենք, որ հայկական կողմի համար սա լաւ առիթ է Սաուդական Արաբիայի հետ քաղաքական երկխօսութիւն հաստատելու համար։

 

Անորոշ հեռանկարներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցում

Պահպանւում է Թուրքիա-ԵՄ համագործակցութեան հեռանկարի անորոշութիւնը։ Այս տարւայ փետրւարի 20-ին Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում ընդունւած բանաձեւի նախագծով` Եւրոյանձնաժողովին եւ Եւրոմիութեան անդամ երկրներին առաջարկւում էր սառեցնել այդ կառոյցին Թուրքիայի անդամակցութեան հարցի շուրջ տարւող բանակցութիւնները: Նման որոշումը հիմնաւորւում է Թուրքիայում մարդու իրաւունքների խախտման, դատական համակարգի գործունէութեանը գործադիր իշխանութեան միջամտութեան, կոռուպցիայի եւ այլ պատճառներով: Պաշտօնական Անկարան ակնկալում է, որ մայիսին նախատեսւող` Եւրոխորհրդարանի ընտրութիւնների արդիւնքում նոր կազմը դրական գնահատական կը տայ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացին։

 

Ամփոփում

Անհրաժեշտ է նշել, որ այս ամէնի համատեքստում համեմատաբար հարթ են ընթանում Թուրքիայի քաղաքական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։ Կարծում ենք, որ դա կարող է պայմանաւորւած լինել երկու հանգամանքով՝ Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման հարցի շուրջ ընթացող բանակցութիւններով եւ Անկարայի նկատմամբ Մոսկւայի «փափուկ» դիրքորոշմամբ։ Ռուսական կողմի տեսանկիւնից` գործարքն ունի ոչ միայն ռազմատեխնիկական, այլեւ ռազմավարական հետեւանքներ, եթէ հարցը դիտարկենք Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ազդեցութեան նւազեցման հնարաւորութեան համատեքստում։ Մեր գնահատմամբ` նման հաւանականութիւնը բաւական ցածր է կամ, լաւագոյն դէպքում, իրավիճակային բնոյթ կունենայ։ Եւ երկրորդ` Ռուսաստանը կարեւորում է Թուրքիայի մասնակցութիւնը սիրիական ճգնաժամի յաղթահարման գործին։ Այդ ամէնով հանդերձ, նոյն սիրիական ուղղութեամբ թէեւ կողմերը ունեն գործակցային հիմքեր, առկայ են նաեւ քաղաքական, ռազմական անհամաձայնութիւններ. հակադրւում են կողմերի շահերը քրդերի, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի իշխանութեան պահպանման եւ, առհասարակ, Սիրիայում դիրքերի ու ազդեցութեան ուղղութեամբ մրցակցութեան հարցերում։ Մոսկւան բաւական ցաւոտ է ընկալում Սիրիայում ինչպէս Իրանի, այնպէս էլ Թուրքիայի դիրքերի ընդլայնումը, որի զսպման ուղղութեամբ Մոսկւան փորձում է զարգացնել գործակցութիւնը Իսրայէլի հետ։

Ամփոփելով վերը շարադրւածը` յաւելենք, որ միջազգային յարաբերութիւններում Թուրքիայի համար ստեղծւած ոչ այնքան բարենպաստ իրավիճակում հայկական կողմի համար հնարաւորութիւններ են բացւում աշխատանքներ տանելու հակաթուրքական բնոյթի գործընթացներում ու ճամբարներում։ Միաժամանակ նշենք, որ որեւէ երաշխիք չկայ, որ այդ իրավիճակը կը պահպանւի առաջիկայում եւս։ Ասենք աւելին` փոքր չէ հաւանականութիւնը, որ Անկարան ստեղծւած իրադրութիւնը կարող է «զարգացնել»՝ Վաշինգտոնից առաւելագոյնը ստանալու ակնկալիքով։ Ուստի, թէեւ կողմերի միջեւ պահպանւում է լարւածութիւնը, սակայն չենք բացառում յարաբերութիւններում կտրուկ շրջադարձի հնարաւորութիւն՝ յօգուտ Անկարայի։

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցը, որ հայկական կողմը կարող է եւ պէտք է մեզ համար ձեւաւորւող նման բարենպաստ քաղաքական, դիւանագիտական միջավայրն օգտագործել հակաթուրքական միտումներում Թուրքիայի հետ Ադրբեջանի ասոցացման, ադրբեջանական կողմի ներգրաւման քաղաքականութեան առաջ մղման համար։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։