Հա

Քաղաքական

29/05/2019 - 14:00

Փորձագէտ. «Խաղարկւում են կոնկրետ սցենարներ Արցախի դէմ՝ տարբեր կորպուսների մակարդակով»

Ադրբեջանը միշտ մեծ գումարներ է ծախսում՝ ստեղծելու համար տոլերանտ, բազմազգ, աշխարհի համար ընկալելի երկրի միջազգային իմիջ, եւ պարբերաբար Բաքւում անցկացւում են միջազգային միջոցառումներ, սակայն հայերի հետ կապւած միշտ մի միջադէպ է տեղի ունենում, որը ջուրն է գցում այդ իմիջային ծախսերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարեանի շուրջ սկանդալին ու հայատեացութեան քարոզին Ադրբեջանում:

«alikonline.ir» - Ադրբեջանը միշտ մեծ գումարներ է ծախսում՝ ստեղծելու համար տոլերանտ, բազմազգ, աշխարհի համար ընկալելի երկրի միջազգային իմիջ, եւ պարբերաբար Բաքւում անցկացւում են միջազգային միջոցառումներ, սակայն հայերի հետ կապւած միշտ մի միջադէպ է տեղի ունենում, որը ջուրն է գցում այդ իմիջային ծախսերը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագէտ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարեանի շուրջ սկանդալին ու հայատեացութեան քարոզին Ադրբեջանում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը

«Առաջին անգամ չէ, որ Մխիթարեանը չի գնացել Բաքու եւ չի խաղացել: Բոլորս գիտենք, որ գոյութիւն ունի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակ», եւ Մխիթարեանի մուտքը Բաքու Արցախ այցելելու համար առաջին անգամ 2015-ին արգելեցին, երբ «Բորուսիա»-ում էր խաղում: Այս անգամ պարզապէս աւելի ճկուն գտնւեցին, թէ` «սեւ ցուցակում» կայ, մուտքն արգելւած է, բայց եթէ գալիս է, թող գայ: Երկրորդ բանը, որի վրայ կը ցանկանայի ուշադրութիւն հրաւիրել, երկրպագուների հետ կապւած իրավիճակն է: Նրանք, լինելով տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ունենալով հայկական արմատներ, ազգանուն, չկարողացան ստանալ ադրբեջանական վիզա, որ մասնակցեն եզրափակիչ խաղին: Ես հակւած չեմ մտածել, որ այդ մարդիկ էին Ադրբեջանի համար գլխացաւանք, որ կարող էին լինել լրտեսներ կամ վտանգ ներկայացնել, այլ Ադրբեջանի իշխանութիւնները, այդ մարդկանց անվտանգութիւնն իրենց հասարակ քաղաքացիներից չկարողանալով ապահովել, որոշեցին այդ թեման փակել, որպէսզի աւելի տգեղ միջադէպերի ականատես չդառնանք, երբ կարող են երկրպագուների վրայ հիւրանոցում յարձակում գործել, կամ անհասկանալի պատմութիւններ լինեն մարդկանց հետ, որոնք հայ են եւ Բաքւում են յայտնւել»,- նշեց ադրբեջանագէտը:

Էլիբեգովայի խօսքով` միջազգային սպորտային այս միջոցառումը վեր հանեց Ադրբեջանի հայատեաց քաղաքականութեան թաքնւած պաշարը: «Ինչո՞ւ` թաքնւած, որովհետեւ վերջին տարւայ ընթացքում, առհասարակ, բանակցային գործընթացի շրջանակում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը անընդհատ շեշտում են, որ հասարակութիւններին պէտք է պատրաստել խաղաղութեան եւ իջեցնել միմեանց հանդէպ ագրեսիւ դրսեւորումների քանակը, կոնտենտը: Ադրբեջանը պարբերաբար պաշտօնական մակարդակով խօսում է, թէ դրա վրայ աշխատում են եւ լուրջ յաջողութիւններ ունեն, բայց բաւական է Հենրիխ Մխիթարեանի այցը Բաքու, որ ցոյց տայ՝ դա բացարձակ սուտ է, Ադրբեջանը որեւէ երկխօսութեան եւ խաղաղասիրական ծրագրերի չի պատրաստւում, այլ պատրաստւում է պատերազմի»,- ընդգծեց նա:

Հանդիպմանը ներկայ` «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանեսեանն էլ յաւելեց՝ ռազմական ոլորտում որեւէ բան չի փոխւել, մօտեցումների եւ ռազմավարութեան առումով` եւս:

«Ինչպէս եղել է, այդպէս էլ շարունակւում է՝  ե՛ւ մարտական պատրաստութիւնը, ե՛ւ զէնքի գնումները: Եւ եթէ մի փոքր դադար կար ռազմատենչ հռետորաբանութեան մասով, ապա այդ դադարը եւս աւարտւել է. փետրւարից սկսած` հնչում են ռազմատենչ յայտարարութիւններ, սպառնալիքներ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի, ԳՇ պետի կողմից: Ինչ վերաբերում է մասշտաբային զօրավարժութիւններին, ապա դրանք կրկնւում են նոյն յաճախութեամբ, ինչպէս միշտ եղել է: Ընդ որում՝ խաղարկւում են  կոնկրետ սցենարներ Արցախի դէմ՝ տարբեր կորպուսների մակարդակով»,- շեշտեց Վրթանեսեանը՝ յատկանշական համարելով այն, որ ադրբեջանական զօրավարժարաններում յատուկ հատւածներ կան, որտեղ վերարտադրւած են մեր պաշտպանական գիծը, մեր գծի տարբեր հատւածներ, եւ զօրավարժութիւնների ժամանակ ինչ-որ պահի ադրբեջանական զինուժը գործողութիւններ է անում այդ գիծը ճեղքելու եւ յաղթահարելու համար: 

«Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկեանը լրացրեց՝ մայիսին անցկացւած զօրավարժութեան ժամանակ Ադրբեջանի ստորաբաժանումները խաղարկել են Արցախի հարաւային սահմանների ուղղութեամբ յարձակման գործողութիւններ: «Ներգրաււել էին հիմնականում այդ ուղղութեամբ տեղակայւած ադրբեջանական կորպուսի ստորաբաժանումները, որոնց աջակցում էին թիկունքային՝ Բաքւում եւ մերձբաքւեան հատւածում տեղակայւած զօրամասերը, ինչպէս նաեւ աւելի հիւսիս գտնւողները: Իրականացւում էին զօրաշարժերի դրւագներ: Իհարկէ, չի կարելի սրանից եզրակացնել, որ Ադրբեջանը հիմնականում Արցախի հարաւային ուղղութիւնն է ընտրել, օրինակ` երբ մարտին անցկացրեցին զօրավարժութիւն, այդ ժամանակ էլ ռազմական գործողութիւնների խաղարկման ուղղութիւնը Արցախի հիւսիսն էր եւ հիւսիսարեւելեան հատւածը»,- մանրամասնեց փորձագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։