Հա

Քաղաքական

20/06/2019 - 12:40

Հանդիպում «բազէի» հետ. ինչից է խօսելու Թրամփի խորհրդականը Մնացականեանի եւ Մամեդեարովի հետ

Վաշինգտոնում, որտեղ նախատեսւած են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցութիւնները, երկու երկրների նախարարներին կընդունի ոչ թէ պետքարտուղար Մայք Պոմպէոն, այլ ազգային անվտանգութեան գծով Թրամփի խորհրդական Ջան Բոլթոնը։

«alikonline.ir» - Վաշինգտոնում, որտեղ նախատեսւած են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցութիւնները, երկու երկրների նախարարներին կընդունի ոչ թէ պետքարտուղար Մայք Պոմպէոն, այլ ազգային անվտանգութեան գծով Թրամփի խորհրդական Ջան Բոլթոնը։

Միացեալ Նահանգների նախագահի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջան Բոլթոնը վերջին շրջանում ակտիւ զբաղւում է իրանական ուղղութեամբ։ Եւ Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխգործակցութիւնը պէտք է դիտարկել նաեւ այս համատեքստում։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը։ Արդէն յայտնի է, որ Վաշինգտոնում, որտեղ նախատեսւում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական բանակցութիւնները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդութեամբ, երկու երկրների նախարարներին կընդունի ոչ թէ պետքարտուղար Մայք Պոմպէոն, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ջան Բոլթոնը։

«Երեւանի եւ Բաքւի ներկայացուցիչների հետ ամերիկացիների համար քննարկման կենտրոնական թեման այս դէպքում ոչ միայն եւ ոչ այդքան Արցախն է, որքան իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ եւ մասնաւորապէս Իրանի շուրջ ստեղծւածը»,- նշեց Սարգսեանը։

Ընդ որում` վերոնշեալը չի նշանակում, որ Պետդեպարտամենտը դադարել է զբաղւել արցախեան հակամարտութեան կարգաւորման խնդրով, եւ այդ «արտօնութիւնը» փոխանցում է անվտանգութեան գծով Թրամփի խորհրդականի գրասենեակին։ ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, եւ Փարիզում եւ Մոսկւայում Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումներից յետոյ Վաշինգտոնեան բանակցութիւնները լրացում են այդ բանակցութիւններին։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա փորձագէտը յիշեցրեց, որ Բոլթոնը համարւում է Իսլամական Հանրապետութեան մասով ԱՄՆ ներկայիս քաղաքականութեան ճարտարապետներից մէկը։ Եւ քանի որ Մնացականեանն ու Մամեդեարովը Վաշինգտոնում են, Թրամփի խորհրդականը չէր կարող բաց թողնել նրանց հետ տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը քննարկելու հնարաւորութիւնը։ Միեւնոյն ժամանակ, ինչ վերաբերում է Երեւանին, ապա ամերիկացիները հակւած չեն որեւէ ճնշում գործադրել հայկական կողմի վրայ հակաիրանական դիրքորոշում զբաղեցնելու, ԱՄՆ պատժամիջոցներին միանալու եւ այլ նպատակներով։

«Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Հայաստանը երբեք չի աջակցի Իրանի դէմ նրանց գործողութիւններին։ Այս գիտակցումը ԱՄՆ-ի մօտ ձեւաւորւել է տասնամեակներով։ Ի պատիւ հայաստանեան իշխանութիւնների պէտք է ասել, որ նրանք միշտ կարողացել են հիմնաւորել իրենց դիրքորոշումը եւ լաւ յարաբերութիւններ կառուցել Թեհրանի հետ։ Հայաստանից պահանջւում է առաւելագոյն զգուշութիւն, որպէսզի պահպանի շահերի հաւասարակշռութիւնը»,- նշեց նա։

ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Երեւան եւ Բաքու անցած տարի կատարած այցը խորհրդանշական դարձաւ ամերիկեան չինովնիկի կողմից մի շարք աղմկահարոյց արտայայտութիւնների պատճառով։ Այսպէս, նա առաջարկել էր երկու երկրներին սկսել ամերիկեան զէնք գնել, քանի որ «այն ռուսականից լաւն է»։ Սարգսեանի կարծիքով` ասել, թէ Բոլթոնն այսօր որեւէ լոբբիստական աշխատանք է տանում այդ ուղղութեամբ, չի կարելի։

«Իրականում Բոլթոնի յայտարարութիւնը «փորձնական քայլ էր»։ Նա փորձեց պարզել երկու պետութիւնների տրամադրութիւնները։ Միեւնոյն ժամանակ պէտք է հասկանալ, որ փոխել կողմնորոշումը դէպի ամերիկեան սպառազինութիւն անիրական է։ Այդ զէնքը շատ թանկ է, բացի այդ բազմաթիւ իրաւական և քաղաքական խոչընդոտներ կան»,- ասաց նա։

Սարգսեանը յիշեցրեց պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի յայտարարութիւնն այն մասին, որ Հայաստանն ԱՄՆ-ից զէնք գնելու վերաբերեալ որեւէ առաջարկ չի ստացել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։