Հա

Քաղաքական

13/07/2019 - 14:40

Երբ Անկարան ձեռք բերի «S-400» համալիրները...

Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալւի, եթէ ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկւող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաեւ հայաստանեան մեդիայում։ Թէեւ պէտք է նշել, որ դրանք տեղեկատւական բնոյթի են, իսկ վերլուծականներ գրեթէ բացակայում են։

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

 

Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի ձեռք բերման գործարքը շարունակում է պահպանել ինտրիգը։ Չենք սխալւի, եթէ ասենք, որ այն մեդիա-փորձագիտական դաշտում ամենաշատ քննարկւող թեմաներից է։ Քիչ չեն գործարքին անդրադարձները նաեւ հայաստանեան մեդիայում։ Թէեւ պէտք է նշել, որ դրանք տեղեկատւական բնոյթի են, իսկ վերլուծականներ գրեթէ բացակայում են։

Ընդհանուր առմամբ, նշենք, որ գործարքը բացասաբար անդրադարձաւ Վաշինգտոնի ու Անկարայի` առանց այդ էլ լարւած յարաբերութիւնների վրայ։ Սակայն գործարքի նշանակութիւնն ու հետեւանքները չեն պայմանաւորւում զուտ ԱՄՆ-Թուրքիա կամ ռուս-թուրքական երկկողմ յարաբերութիւններով, հարցն անհամեմատ աւելի խորքային է եւ ընդգրկում է ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ միջազգային համատեքստ։

Երկու խօսքով անդրադառնանք «S-400» համալիրների ռազմատեխնիկական հնարաւորութիւններին, ինչը կօգնի հարցն առաւել մասնագիտական, լայն պատկերացնել։ Ըստ տարբեր ռազմական փորձագէտների` ռուսական արտադրութեան «S-400» զենիթահրթիռային համալիրները համարւում են աշխարհի ամենակատարելագործւած ՀՕՊ համակարգերից մէկը, եթէ ոչ` լաւագոյնը։ Հեռու եւ միջին հեռահարութեան «S-400» զենիթահրթիռային ցամաք-օդ դասի համալիրները համալրել են ՌԴ զինւած ուժերը 2007 թւականից։ Համալիրների արտադրութեամբ զբաղւում է ռուսաստանյան «Ալմազ-Անթէյ» կոնցեռնը։ Այս համակարգերն ուրոյն տեղ են զբաղեցնում, այսպէս կոչւած, արգելափակման գօտու «Anti-Access/Area Denial» (A2/AD) հայեցակարգում, որը հնարաւորութիւն չի տալիս հակառակորդին տեղակայելու կամ տեղաշարժւելու պաշտպանութեան գօտու ներսում։ «S-400» համալիրը կարող է խոցել աերոդինամիկ թիրախներ մինչեւ 400 կմ., տակտիկական բալիստիկ հրթիռներ՝ մինչեւ 60 կմ. հեռաւորութեան վրայ։ Թիրախ կարող են հանդիսանալ թեւաւոր հրթիռները, տակտիկական եւ ռազմավարական աւիացիան, հիպերձայնային թիրախները։ «S-400» ռադարային տեխնիկան կարողանում է յայտնաբերել թիրախը մինչեւ 600 կմ. հեռաւորութեան վրայ։ Համալիրը կարողանում է որսալ երկրի մակերեւոյթից մինչեւ 0.01 կմ. բարձրութեամբ սլացող հրթիռները։ Որոշ տւեալներով` համալիրը կարող է միաժամանակ խոցել մինչեւ 80 թիրախ։

«S-400» համալիրները կարող են արձակել 4 տեսակի հրթիռներ՝ գերհեռահարութեան «40N6E» տեսակի (400 կմ.), երկար հեռահարութեան «48N6» տեսակի (250 կմ.), միջին հեռահարութեան «9M96E2» տեսակի (120 կմ.) եւ կարճ հեռահարութեան «9M96E» տեսակի (40 կմ.)։

ԱՄՆ-ը Թուրքիայի կողմից «S-400» համալիրների ձեռք բերման հարցում ունի հետեւեալ մտահոգութիւնները։ Ըստ Վաշինգտոնի` ՆԱՏՕ-ի կարեւորագոյն անդամ Թուրքիայի կողմից ձեռք բերւող ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը չեն կարող ինտեգրւել Հիւսիսատլանտեան դաշինքի հակաօդային պաշտպանութեան ցանցային համակարգում։ Սա, ըստ էութեան, խօսում է ոչ միայն ռազմատեխնիկական անհամատեղելիութեան մասին։ Խնդիրն ունի նաեւ քաղաքական, անվտանգային կարեւոր նշանակութիւն․ Հիւսիսատլանտեան դաշինքում խորանում է մտահոգութիւնը, որ այդ գործարքը կարող է պառակտման հող նախապատրաստել դաշինքի ներսում, Վաշինգտոն-Բրիւսէլ յարաբերութիւններում։

Երկրորդ՝ Վաշինգտոնի անհանգստացման պատճառներից մէկն էլ այն է, որ գործարքի դէպքում գաղտնիութեան ապահովման տեսանկիւնից խոցելի իրավիճակում կարող են յայտնւել Թուրքիային մատակարարւած ամերիկեան «F-35» կործանիչ-ռմբակոծիչները եւ դրանց արտադրման նախագիծն` առհասարակ։ Վաշինգտոնն արդէն յայտարարել է, որ Թուրքիան կարող է ոչ միայն զրկւել ամերիկեան «F-35» կործանիչ-ռմբակոծիչների հետագայ մատակարարումներից, այլեւ ընդհանրապէս դուրս մնալ այդ ծրագրից, որը նախատեսում է նաեւ թուրք օդաչուների վերապատրաստում։

Ի տարբերութիւն Վաշինգտոնի, «S-400» ՀՕՊ համակարգերի ձեռք բերման գործում բաւական հիմնաւոր է թւում Անկարայի դիրքորոշումը։ Խնդիրն այն է, որ դեռեւս 2013 թւականից Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել Թուրքիայում ամերիկեան արտադրութեան յայտնի «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանութեան համակարգերի տեղակայման հարցի շուրջ։ Փոխհամաձայնութեան նպատակայարմարութիւնը երկուստեք էր․ այն պաշտպանում էր Թուրքիայի օդային տարածքը Սիրիայից հնարաւոր օդային յարձակումներից։ Սա իր հերթին զսպում էր Սիրիայում եւ առհասարակ տարածաշրջանում Իրանի կողմից պրոքսի-հիբրիդային գործողութիւնները, ինչն ուղղակիօրէն բխում էր Միացեալ Նահանգների շահերից։

Այդ համալիրները մինչ 2015 թւականի հոկտեմբերը պաշտպանում էին Թուրքիայի օդային տարածքը։ Սակայն իրավիճակը փոխւեց, երբ Վաշինգտոնում որոշում ընդունւեց չերկարաձգել Թուրքիայում ամերիկեան ՀՕՊ համալիրների տեղակայման մանդատը եւ դրանք դուրս բերել այդ երկրից։ Պաշտօնական Անկարան դէմ արտայայտւեց Վաշինգտոնի այդ որոշմանը՝ պատճառաբանելով, որ սիրիական ճգնաժամը շարունակւում է, մեծ են Թուրքիայի ուղղութեամբ Սիրիայից օդային յարձակումների պոտենցիալ ռիսկերը։

Վաշինգտոնի կայացրած որոշումը հիմնւում էր մինչ այդ ՆԱՏՕ-ի փորձագիտական շրջանակներում իրականացւած գնահատականների վրայ, որոնց համաձայն` Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղութեամբ օդային յարձակումների սպառնալիքները շատ փոքր են։

ԱՄՆ-ի այդ որոշումը, անկախ այն բանից, թէ ինչ քաղաքական շարժառիթներով էր ընդունւել, բացասաբար անդրադարձաւ երկկողմ յարաբերութիւնների վրայ։ Իսկ կէս տարի անց՝ 2016 թւականի յուլիսին, Թուրքիայում տեղի ունեցած յեղաշրջման փորձը, Ֆեթուլլահ Գիւլէնի արտայանձնման հարցը խորացրեցին Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ տարաձայնութիւնները։ Ձգձգւեցին նաեւ Թուրքիայում ամերիկեան հակաօդային պաշտպանութեան համակարգերի տեղակայման հնարաւոր նոր գործարքի շուրջ Վաշինգտոն-Անկարա բանակցութիւնները։

Անկարային այլ բան չէր մնում, քան մտածել երկրի օդային տարածքն այլընտրանքային միջոցներով պաշտպանելու տարբերակների մասին։ Այդ հարցում ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում յայտնւեց Մոսկւան՝ Թուրքիային առաջարկելով ոչ պակաս արդիւնաւէտ` հակաօդային պաշտպանութեան «S-400» համալիրները։ Խօսքը համալիրների 4 միաւորի մատակարարման մասին է։ Անկարան, զուգահեռաբար, բանակցութիւններ էր վարում նաեւ չինական ընկերութեան հետ։

«S-400» համալիրների ձեռք բերման շուրջ ռուս-թուրքական գործարքից յետոյ Վաշինգտոնում փորձեց Թուրքիային նոր առաջարկներ անել ամերիկեան «Patriot» տեսակի համալիրների մատակարարման հարցում։ Վաշինգտոնն առաջարկում էր նոր համալիրներ տեղակայել Թուրքիայում՝ ընդհանուր առմամբ, 3․5 մլրդ. ԱՄՆ դոլար արժողութեամբ, այն դէպքում, երբ ռուսական կողմի առաջարկը ֆինանսապէս անհամեմատ շահաւէտ է՝ 2․5 մլրդ. ԱՄՆ դոլար։ Անշուշտ, Անկարան, հաշւի առնելով ինչպէս հարցի ֆինանսական կողմը, այնպէս էլ Վաշինգտոնի հետ ունեցած խնդիրները, ընտրութիւն է կատարում յօգուտ ռուսական առաջարկի։ Աւելին` Էրդողանը օրերս յայտարարեց, որ գործարքն այլեւս իրականութիւն է, եւ համալիրները մատակարարւելու են արդէն յուլիսին։

Դեռեւս չկան յստակ տեղեկութիւններ, թէ Թուրքիայում աւելի ստոյգ որտեղ է տեղակայւելու «S-400» համալիրները։ Հարցի առնչութեամբ փորձագիտական շրջանակում շրջանառւող լուրերը հակասական են։ Որոշ աղբիւրների համաձայն` սկզբնական շրջանում «S-400»-ները տեղակայւելու են գլխաւորապէս Անկարայից դէպի հիւսիս-արեւմուտք` 35 կմ. հեռաւորութեամբ, այդ երկրի ռազմաօդային ուժերի Աքինջի ռազմաբազայում։ Հետագայում դրանք կը տեղափոխւեն այլ վայրեր։  Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը, անդրադառնալով Թուրքիայում «S-400» տեղակայման հարցին, նշել էր. «Մեզ համար անհրաժեշտութիւն է տեղակայել օդային պաշտպանութեան այդ համակարգը՝ պաշտպանելու համար մեր 82 մլն.-անոց բնակչութեանը եւ երկիրը։ Սիրիական սահմանից Թուրքիան գտնւում է օդային եւ հրթիռային յարձակումների ներքոյ»։

2019 թ. մայիսին լուրեր պտտւեցին, որ Թուրքիան մտադիր է «S-400» համալիրները շահագործել երկրի հարաւային հատւածում՝ Արեւելեան Միջերկրականում իր էներգետիկ շահերը պաշտպանելու նպատակով։ Շատ է խօսւել Արեւելեան Միջերկրականի աւազանում՝ Կիպրոսի, Իսրայէլի հատւածներում յայտնաբերւած բնական գազի հսկայական պաշարների մասին։ Անկարան ձգտում է այդ պաշարներից իր մասնաբաժինն ապահովագրել՝ խնդրի իրաւա-քաղաքական հարթութիւնում թուրքական Կիպրոսի ներգրաւման ճանապարհով։

«S-400» ձեռք բերման ու Արեւելեան Միջերկրականում օդային վերահսկողութեան հաստատման դէպքում Թուրքիան ռազմական, ռազմաքաղաքական ճնշումներ կը բանեցնի ինչպէս Յունաստանի, Կիպրոսի, այնպէս էլ ամերիկեան կողմի վրայ։ Եթէ համալիրներ տեղակայւեն այդ հատւածում, ապա Թուրքիայի ազգային հակաօդային պաշտպանական տիրոյթում են յայտնւում նաեւ Ինջիրլիքի բազայում գտնւող ՆԱՏՕ-ի զօրքերն ու ռազմական սպառազինութիւնը։ Հասկանալի է դառնում Վաշինգտոնի յայտարարութիւնը, որ «S-400» համալիրների ձեռք բերման դէպքում ԱՄՆ-ն կը տեղափոխի իր զօրքերն ու արսենալը Ինջիրլիքի աւիաբազայից։ Եւ ուշագրաւն այն է, որ սպառազինութեան, այդ թւում` միջուկային զինանոցի տեղափոխման վայր նշւում է Յունաստանը։ Յիշեցնենք, որ Ինջիրլիքի աւիաբազայում է տեղակայւում նաեւ ՆԱՏՕ-ի միջուկային որոշ տեխնիկա։

Աւելին` չի բացառւում, որ Անկարան որոշում կայացնի «S-400» ԶՀՀ-երը տեղակայել նաեւ երկրի արեւելեան շրջաններում՝ դրանով իսկ վերահսկելով արդէն Հարաւային Կովկասի օդային տարածքը։ Սա, անշուշտ, ուղղակիօրէն առնչւում է Հարաւային Կովկասում Ռուսաստանի ազգային ռազմավարական շահերին։ Եւ դժւար է ասել` արդեօ՞ք կողմերի միջեւ կայ որոշակի կոնսենսուս այդ հարցում, թէ՞ ոչ։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։