Հա

Քաղաքական

17/07/2019 - 11:30

Թրամփը յայտարարել է Թուրքիային ամերիկեան «F-35» կործանիչների վաճառքի դադարեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա՝ նշելով, որ Անկարան այլեւս կարող է չակնկալել ամերիկեան «F-35» կործանիչների ձեռքբերումը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա՝ նշելով, որ Անկարան այլեւս կարող է չակնկալել ամերիկեան «F-35» կործանիչների ձեռքբերումը: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Ria.ru»-ն:

Ուրբաթ Ռուսաստանը սկսել է զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։ Ընդհանուր առմամբ 4 օրում «Միւրթեդ» աւիաբազա է ժամանել 13 ինքնաթիռ՝ «S-400»-ների բաղադրիչներով:

ԱՄՆ նախագահը Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանագիրն «անարդար» է անւանել: Նա յիշեցրել է, որ Անկարան պատւիրել է հարիւր «F-35» կործանիչ։  Ընդ որում՝ Թրամփը յայտարարել է, որ Թուրքիան «չի կարողանայ աւելին գնել»՝ «S-400»-ի գործարքի պատճառով։

«Նրանք շատ լուրջ իրավիճակում են յայտնւել: Մենք Միացեալ Նահանգներում նոյնպէս այդպիսի իրավիճակում ենք յայտնւել: Բայց ընդհանուր առմամբ մենք աշխատում ենք այդ ուղղութեամբ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

Դոնալդ Թրամփի խօսքով՝ Թուրքիան մտադիր է եղել գնել ամերիկեան «Patriot» համակարգերը, սակայն Բարաք Օբամայի վարչակազմը հրաժարւել է վաճառել։

Յիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնութեան եւ Թուրքիայի միջեւ «S-400» համակարգերի գնման շուրջ բանակցութիւնների մասին առաջին անգամ յայտնի էր դարձել 2016 թւականի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքւել էր 2017 թւականի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերւած զենիթահրթիռային 4 միաւոր համակարգերի արժէքը 2.5 մլրդ. դոլար է կազմել:

Օրեր առաջ՝ յուլիսի 12-ին, ռուսական «S-400» համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարւել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դէմ` ռուսական «S-400»-ների մատակարարման մեկնարկի առնչութեամբ:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընտրել է պատժամիջոցների երեք փաթեթներից մէկը, որը դեռեւս պէտք է արժանանայ Թրամփի հաւանութեանը: Հաղորդւում է, որ վարչակազմը մտադիր է պատժամիջոցների մասին յայտարարել այս շաբաթւայ վերջին։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։