Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ ալ Սիսի Կահիրէի Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում աւտովթարի հետեւանքով տեղի ունեցած պայթիւնն ահաբեկչական գործողութիւն է անւանել:
«alikonline.ir» - Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ ալ Սիսի Կահիրէի Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում աւտովթարի հետեւանքով տեղի ունեցած պայթիւնն ահաբեկչական գործողութիւն է անւանել. տեղեկացնում է BBC-ն:
Ալ Սիսին այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ Եգիպտոսը վճռականօրէն է տրամադրւած ահաբեկչութեան դէմ պայքարի եւ այն ոչնչացնելու գործում:
Երկրի ներքին գործերի նախարարն էլ նշել է, որ յարձակումը իրագործել է «Մուսուլման եղբայրների» հետ կապւած «Հասմ շարժում» ահաբեկչական խմբաւորումը: Յատկանշական է, որ դէպքից անմիջապէս յետոյ, նախարարութիւնը բացառել էր ահաբեկչական գործողութեան տարբերակը:
Յիշեցնենք, որ նախօրէին Կահիրէի կենտրոնում գտնւող Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւել է 20 մարդ, վիրաւորւել՝ 47-ը:
Պայթիւնը որոտացել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում գտնւող ճանապարհին՝ աւտովթարի պատճառով: Հրապարակած լուսանկարներում պարզորոշ երեւում է երկու այրւած մեքենայ, որոնցից մէկը պայթիւնի ուժգնութիւնից միանգամայն ջարդուփշուր է եղել: