Հա

Քաղաքական

28/08/2019 - 09:30

Հայերի բնաջնջման մասին առաջին որոշումը կայացւել է 1914 թ․ դեկտեմբերի 1-ին

Անւանի թուրք ցեղասպանագէտ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատւամիջոցում հրապարակած իր յօդւածում անդրադարձել է Թուրքիայի արխիւներում պահւող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերեալ մինչ օրս յայտնի ամենահին օսմանեան փաստաթուղթն է։

«alikonline.ir» - Անւանի թուրք ցեղասպանագէտ Թաներ Աքչամն ընդդիմադիր «T24» լրատւամիջոցում հրապարակած իր յօդւածում անդրադարձել է Թուրքիայի արխիւներում պահւող մի փաստաթղթի, որը հայերի մասսայական ոչնչացման վերաբերեալ մինչ օրս յայտնի ամենահին օսմանեան փաստաթուղթն է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

1914թ․ դեկտեմբերի 1-ով թւագրւած այս որոշումն ընդունւել է Էրզրումի կենտկոմի կողմից եւ նոյն օրը «գաղտնի» նշումով ուղարկւել Ստամբուլ։ Որոշումն ուղարկւել է հեռագրի տեսքով եւ պահանջւել է, որպէսզի ոչնչացւի հեռագրատանն առկայ կրկնօրինակը։

Նշւած որոշումը վերաբերում էր Վանի եւ Բիթլիսի հայերին: «Թէ կենտրոնում եւ թէ շրջաններում անհրաժեշտ է նախապէս ձերբակալել յեղափոխութեան առաջնորդ հանդիսացող կամ մուսուլմանների վրայ յարձակւել պատրաստւող հայերին, իսկ յարձակւելու դէպքում՝ աքսորել նրանց Բիթլիս եւ ոչնչացնել»,- ասւած է փաստաթղթի 4-րդ յօդւածում։

Աքչամի գնահատմամբ՝ սա ըստ էութեան միայն տղամարդկանց վերաբերող մի իւրատեսակ «կանխարգելիչ միջոցառում» էր, եւ նշւած որոշման մէջ «ոչնչացում» (թուրք․՝ İmha) բառի կիրառութիւնը չափազանց կարեւոր է։

«Մենք այլ աղբիւրներից էլ գիտենք, որ 1914 թ․ դեկտեմբերի 1-ի այդ որոշումը գործի դրւեց, սակայն իրականում այն կիրառւեց ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց եւ երեխաների նկատմամբ։ Պոտենցիալ սպառնալիքը կանխելու նպատակով կիրառւող ոչնչացումը մի շարք ցեղասպանութիւնների բնորոշ առանձնայատկութիւնն է», -գրում է Աքչամը՝ զուգահեռներ անցկացնելով հրեաների դէմ նացիստների իրականացրած Հոլոկոստի հետ։ Այս դէպքում եւս նախապէս վճռւած էր կանխել տղամարդկանց ապստամբութիւնը, բայց, ի վերջոյ, թիրախում յայտնւեցին նաեւ կանայք եւ երեխաները։

Թաներ Աքչամը նշում է նաեւ, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ պաշտօնական որոշումը միայն այս մէկը չէր, որն, ի դէպ, վերաբերում էր միայն որոշակի վայրերի։ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ վերջնական որոշումները կայացւել են 1915թ․ փետրւարի 15-ին եւ մարտի 3-ին։ Թուրք ցեղասպանագէտը յայտնում է, որ այդ որոշումների առկայութեան մասին վկայել է երիտթուրքերի «Միութին եւ առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամներից Բահաեթթին Շաքիրը։

Շաքիրը 1915 թ․ մարտի 3-ին իր գործընկերոջը գրած նամակում բառացիօրէն ասել է․ «Կուսակցութիւնը (İttihat ve Terakki Cemiyeti) վճռել է հայրենիքն ազատագրել այդ անիծեալ ցեղից (հայերից), ոչնչացնել Թուրքիայում բնակւող բոլոր հայերին, որպէսզի անգամ մի հայ չմնայ, եւ այս առումով լիազօրել է կառավարութեանը։ Իսկ սպանելով ոչնչացնելու մեթոդների վերաբերեալ կառավարութիւնը անհրաժեշտ հրահանգներ կը տայ նահանգների եւ բանակի ղեկավարներին»։

Աքչամի վկայութեամբ՝ նամակը կրում է հէնց Շաքիրի ստորագրութիւնը, ինչը հեշտութեամբ ապացուցելի է։

Ցեղասպանագէտը տեղեկացնում է, որ առկայ են նաեւ 1914-1915 թթ․ տարբեր նահանգապետների կողմից Ստամբուլ ուղարկւած մի շարք հեռագրեր, որոնցում նահանգապետները (օրինակ՝ Վանի, էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի) բացեիբաց խօսում են հայերին ոչնչացնելու անհրաժեշտութեան մասին, անգամ այդ նպատակով ճնշում են գործադրում Ստամբուլի վրայ։

Բոլոր այս փաստաթղթերն ու վկայութիւնները չէզոքացնում են Թուրքիայի պաշտօնական թեզի մէջ շեշտւող այն պնդումը, թէ հայերի ոչնչացման վերաբերեալ ուղղակի եւ նպատակադրւած որոշում երբեւէ չի եղել եւ հայերի դէմ գործողութիւնները իբր նախապէս ծրագրւած չեն եղել։

Յարակից լուրեր

  • Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում
    Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում

    Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ:

  • Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր
    Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր

    Միացեալ Նահանգներու նախագահ Տոնըլտ Թրամփ կը պատրաստուի չորեքշաբթի, 13 նոյեմբերին հիւրընկալելու Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Սա անուղղակի հրաւէր մըն է հայութեան` յաւելեալ զօրաշարժի ենթարկելու իր քաղաքական-քարոզչական կարողութիւնները, միացնելու Հայաստանի ու սփիւռքի ձեռքերը, Միացեալ Նահանգներու եւ աշխարհի աչքերուն դիմաց պարզելու համար Թուրքիոյ պետութեան անցեալի ու ներկայի ոճրային արարքները` Ցեղասպանութենէն մինչեւ ճակատագրակից ժողովուրդներու սպանդը, Կիպրոսն ու Սուրիա-Իրաքը, քիւրտերն ու եզիտիները:

  • Չաւուշօղլուն եւ Պոմպէոն քննարկել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը
    Չաւուշօղլուն եւ Պոմպէոն քննարկել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը

    Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւերը:

  • ԱՄՆ Սենատում աւելացել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակից սենատորների թիւը
    ԱՄՆ Սենատում աւելացել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակից սենատորների թիւը

    Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի աջակիցների թիւը հասել է 19-ի:

  • «Իմ տատու վերապրածները պատմաբանների գործը չի». Փայլան
    «Իմ տատու վերապրածները պատմաբանների գործը չի». Փայլան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի վերաբերեալ հերթական անիմաստ բառաշարքն է օգտագործել՝ նշելով, որ դա պատմաբանների գործն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։