Հա

Քաղաքական

11/09/2019 - 08:30

Բլերը կոչ է արել նոր հանրաքւէ անցկացնել Brexit-ի շուրջ ճգնաժամից դուրս գալու համար

Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցութեան շուրջ կրկնական հանրաքւէն, այլ ոչ թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները կը կարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծւած ճգնաժամը:

«alikonline.ir» - Միայն ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցութեան շուրջ կրկնական հանրաքւէն, այլ ոչ թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները կը կարողանան լուծել Brexit-ի շուրջ ստեղծւած ճգնաժամը: Այս կարծիքը, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Միացեալ Թագաւորութեան նախկին վարչապետ Թոնի Բլերը:

«Սկզբունքօրէն ճիշտ չէ խորհրդարանական ընտրութիւնները կապել Brexit-ի մասնաւոր հարցի հետ: Եթէ Բրիտանիան ընտրութիւններ անցկացնի Brexit-ի շրջանում, ապա կը խառնւեն թեմաներն ու հարցերը, որոնք հարկաւոր է տարանջատել»,- ասել է Բլերը:

Նրա խօսքով՝ Brexit-ի շուրջ վէճը լուծելու համար «անհրաժեշտ է հանրաքւէ… ընտրութիւններն անցկացւում են աւելի ընդգրկուն հարցերի լուծման համար»:

Նախօրեակին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները վերջին օրերին երկրորդ անգամ քւէարկել են երկրում վաղաժամկէտ ընտրութիւնների անցկացման դէմ: Վաղաժամկէտ ընտրութիւնների օգտին հանդէս են եկել ներկայ պատգամաւորներից 293-ը, դէմ՝ 46-ը: Սակայն 650-տեղանոց խորհրդարանի շատ պատգամաւորներ որոշել են չքւէարկել ո՛չ կողմ, ո՛չ դէմ: Որպէսզի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկութիւնը հաւանութեան արժանանար, այն պէտք է պաշտպանէին Համայնքների պալատի անդամների առնւազն երկու երրորդը՝ առնւազն 298 պատգամաւոր, սակայն այդ արդիւնքին հասնել չի յաջողւել:

Անցեալ շաբաթ խորհրդարանը նոյնպէս մերժել էր կառավարութեան համանման առջարկութիւնը:

Ջոնսոնն առաջարկում էր ընտրութիւններն անցկացնել հոկտեմբերի 15-ին՝ մինչեւ հոկտեմբերի 31-ին Եւրոմիութիւնից երկրի դուրս գալու նախատեսւած վերջին ժամկէտը:

Ընտրութիւնների շուրջը քւէակութիւնից անմիջապէս յետոյ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը: Վաղաժամկէտ ընտրութիւնների հարցի շուրջը պատգամաւորները կրկին քւէարկել կարող են սոսկ վերադառնալուց յետոյ, հետեւաբար այժմ Մեծ Բրիտանիայում վաղաժամկէտ ընտրութիւններ կարելի կը լինի անցկացնել նոյեմբերի վերջից ոչ շուտ, այսինքն՝ Եւրոմիութիւնից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրեալ ժամկէտից՝ հոկտեմբերի 31-ից, յետոյ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։