Գերմանիայի կառավարութիւնը թոյլտւութիւն չի տրամադրի Թուրքիա սպառազինման նոր մատակարարում իրականացնելու համար՝ Սիրիայում իրականացւող ռազմական գործողութիւնների պատճառով:
«alikonline.ir» - Գերմանիայի կառավարութիւնը թոյլտւութիւն չի տրամադրի Թուրքիա սպառազինման նոր մատակարարում իրականացնելու համար՝ Սիրիայում իրականացւող ռազմական գործողութիւնների պատճառով: Tert.am փոխանցմամբ՝ նման կարծիք է յայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասը:
«Հաշւի առնելով Սիրիայի հիւսիս-արեւելքում ռազմական գործողութիւնները՝ դաշնային կառավարութիւնը թոյլ չի տայ պաշտպանական համալիրների արտադրանքի նոր մատակարարումներ իրականացնել Թուրքիա, որը կարող է օգտագործւել Սիրիայում»,- ասել է գերմանացի նախարարը տեղի պարբերականին տւած հարցազրոյցում:
Նա յաւելել է, որ Գերմանիայի կառավարութիւնը 2016-ից ի վեր կոշտ քաղաքականութիւն է վարում Թուրքիա սպառազինութիւն մատակարարելու հարցում, յատկապէս սիրիական Աֆրինում իրականացւած թուրքական ռազմարշաւից յետոյ: Այսպիսով, նա նշել է, որ Գերմանիան առաջին անգամ էմբարգօ է սահմանում Թուրքիա նոր սպառազինման արտահանման համար:
Աւելի վաղ Մաասը քննադատել էր Թուրքիային Սիրիայում ռազմարշաւ սկսելու համար:
Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին յայտարարել է «Խաղաղութեան աղբիւր» ռազմարշաւի մեկնարկի մասին, որն ուղղւած է Քուրդիստանի աշխատաւորական կուսակցութեան եւ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման դէմ: