Հա

Քաղաքական

13/10/2019 - 11:50

«Թուրքիայի նման անկանխատեսելի հարեւան ունենալը մշտական սպառնալիք է, թուրքերի նպատակներից է նաեւ Սիրիայում հայկական հետքը ջնջելը»․ Արմէն Պետրոսեան

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողութիւն սկսելու մտադրութիւն ունէր դեռ ամենասկզբից՝ 2012-2013 թթ.-ից՝ կանխելու Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններում քրդական ինքնավարութեան ստեղծումը, սակայն դրա հնարաւորութիւնը չէր ընձեռնւում։

«alikonline.ir» - Թուրքիան Սիրիայում ռազմական գործողութիւն սկսելու մտադրութիւն ունէր դեռ ամենասկզբից՝ 2012-2013 թթ.-ից՝ կանխելու Սիրիայի հիւսիս-արեւելեան շրջաններում քրդական ինքնավարութեան ստեղծումը, սակայն դրա հնարաւորութիւնը չէր ընձեռնւում։

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ նշելով, որ մինչեւ 2015-ը լուրջ խնդիրներ կային ՌԴ-ի, Իրանի, արաբական որոշ երկրների հետ, իսկ 2015-ից յետոյ հիմնական դերակատարը ԱՄՆ-ն էր, որը դարձել էր քրդերի հովանաւորը, սակայն Թրամփի կողմից ամերիկեան զորախմբի դուրսբերման մասին յայտարարելուց յետոյ այդ խօսակցութիւնները դարձեալ ակտիւացան։

«Օգոստոսի սկզբին Թուրքիան եւ ԱՄՆ-ն ստեղծեցին համատեղ գործողութիւնների պլան՝ Թուրքիայի ուզած անվտանգութեան գօտին ապահովելու համար՝ համագործակցելով նաեւ եւրոպական որոշ դերակատարների հետ, սակայն այս գործընթացը եւս չյաջողեց։ Թուրքական կողմը եւս, չցանկանալով սպասել, նախաձեռնեց ինքնուրոյն գործողութիւն։ Իհարկէ, արդէն ակնյայտ երեւում է, որ այդ գործողութիւնները եթէ անգամ չեն համաձայնեցւել, ապա դրանց մասին առնւազն տեղեակ են պահել սիրիական հակամարտութեան մէջ ներգրաււած հիմնական դերակատարներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Իրանին»,- ասաց նա։

Անդրադառնալով թուրքական գործողութեան դրդապատճառներին՝ արաբագէտը նշեց, որ Թուրքիայի հնչեցրած պատճառաբանութիւնը՝ ահաբեկիչներին վերացնելու վերաբերեալ, միայն պաշտօնական իրաւական ձեւակերպումն է, քանի որ միջազգային իրաւունքով նման միջամտութիւնը չի արտօնւում։

Խօսելով Հայաստանի եւ հայերի վրայ ստեղծւած իրավիճակի հնարաւոր ազդեցութեան մասին՝ Արմէն Պետրոսեանը նշեց, որ նման անկանխատեսելի եւ յաւակնոտ հարեւանի ներկայութիւնը մշտական սպառնալիք է մեր երկրի համար։

«Երբ դիտարկում ենք նրա գործողութիւնները նոյն Սիրիայի տարածքում, յատկապէս այն շրջաններում, որտեղ առկայ է հայկական համայնք, սա արդէն մէկ այլ մարտահրաւէր է։ Վստահաբար կարող եմ պնդել, որ եթէ ոչ առաջնային, ապա գոնէ տասներորդական նպատակ են հետապնդել հայ համայնքի հետքերը վերացնել, օրինակ՝ Ցեղասպանութեան իրողութեան հետքերը վերացնել, դրա վառ օրինակն է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը, Հալէպում, Քեսաբում հայկական մշակութային ժառանգութեան դէմ իրականացւածը։ Սրանք պատմական հայրենիքին ամենամօտը գտնւող գաղթօջախներն են, որոնք կարեւոր դերակատարութիւն են ունեցել մեր Սփիւռքի պատմութեան եւ հայ պահանջատիրութեան հարցում։ Նրանց դիրքերի թուլացումը, նրանց այնտեղից դուրս մղելը Թուրքիայի կարեւորագոյն խնդիրներից է եղել»,- ասաց նա։

Անդրադառնալով Սիրիայի հիւսիս-արեւելքում այս պահին տիրող վիճակին, փորձագէտը նշեց, որ այսօր ռազմական գործողութիւնները համեմատաբար պասիւ են եղել, բայց դրանք ընթացքի մէջ են։

«Թուրքիան հասնելու է իր նպատակներին՝ գոնէ նւազագոյն 10-15 կմ. խորութեամբ անվտանգութեան գօտին ձեւաւորւելու է։ Այլեւս փաստ է, որ Թուրքիան ներկայութիւն ունի Սիրիայի հիւսիս-արեւելքում։ Գուցէ 3 օր առաջ քրդերը կարողանային լուծել այս հարցը, եթէ ընդունէին Դամասկոսի գերակայութիւնը։ Այսօր արդէն չեն կարող, փաստ է՝ Թուրքիան այնտեղ է եւ այս շրջանն, առնւազն, վերածւելու է Թուրքիայի ազդեցութեան գօտու, եթէ ոչ աւելի»։

 

Հեղինակ՝ Քրիստինա Բոյաջեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։