Հա

Քաղաքական

16/10/2019 - 09:00

Իրանը եւ Գերմանիան շեշտել են Եմէնում եւ Սիրիայում ռազմական գործողութիւնների դադարեցման անհրաժեշտութեան մասին

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին երէկ՝ հոկտեմբերի 15-ին, Բելգրադում ընթացող Միջխորհրդարանական վեհաժողովի 141-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի փոխխօսնակ Կլաուդիա Ռոթի հետ:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին երէկ՝ հոկտեմբերի 15-ին, Բելգրադում ընթացող Միջխորհրդարանական վեհաժողովի 141-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի փոխխօսնակ Կլաուդիա Ռոթի հետ. տեղեկացնում է Icana.ir-ը:

Հանդիպման ընթացքում, դոկտ. Լարիջանին անդրադառնալով Թուրքիայի ԶՈՒ-ի ներխուժմանը Սիրիա, ասել է. «Իրանը յայտնել է, որ դէմ է Թուրքիայի պահւածքին, քանի որ այն նպաստում է Սիրիայում սպանդին ու տեղահանութեանը, եւ բարդացնում է Սիրիային վերաբերող հարցերը, եւ չպէտք է թոյլ տալ, որ Սիրիայում ընթացող վերջին իրադարձութիւններն առաւել խորանան»:

Նա շեշտել է. «ԵՄ-ի դերը Սիրիայում չի կարող սահմանափակւել միայն խորհրդատուի կարգավիճակով: Դուք սովոր էք պարզապէս մեզ խորհուրդներ տալ, մինչդեռ Գերմանիան կարող է առաւել առանցքային դեր ունենալ, բայց այդպէս չի վարւում»:

Նշելով, որ Պարսից ծոցում չկայ լարւածութիւն, Իսլ. խորհրդարանի խօսնակն ընդգծել է, որ Պարսից ծոցի անվտանգութեան ապահովումն Իրանի օրակարգի անքակտելի մասն է. «Խնդիրը, սկայան, տարածաշրջանի այլ խաղացողների հետ է»,- ասել է նա՝ շեշտելով. «Իհարկէ, Իրանի նախագահը Պարսից ծոցի անվտանգութեան ապահովման համար ներկայացրել է «Հորմոզի խաղաղութեան նախագիծը», որը չի ենթադրում արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը»:

«Եթէ սաուդացիները համաձայնեն քաղաքական լուծմանը, Իրանը կը միջնորդի Եմէնի հարցում, չնայած այն փաստի, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Սաուդական Արաբիայից դրամ շորթելու շրջանը դեռ չի աւարտւել»,- յստակեցրել է դոկտ. Լարիջանին:

Գերմանիայի խորհրդարանի փոխխօսնակն էլ իր հերթին նշելով, որ Բեռլինը խորապէս անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի միջամտութիւնից, ասել է. «Մտահոգիչ է փախստականների նոր ալիքը դէպի Էրբիլ եւ Իրաքի քրդաբնակ այլ քաղաքներ»:

Պատասխանելով դոկտ. Լարիջանիի այն հարցին, թէ Սիրիայի հետ կապւած ԵՄ-ն ինչ քայլեր է ձեռնարկում, Կլաուդիա Ռոթն ասել է. «ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին ճնշում գործադրել Էրդողանի վրայ, եւ զէնք չվաճառել Թուրքիային, բայց Էրդողանը յայտարարել է, որ կազատի փախստականների նոր ալիքը դէպի Եւրոպա, եթէ ԵՄ-ը փորձի ճնշում բանեցնել ռազմական գործողութիւնների հետ կապւած, Իրանը կարող է օգնել այս հարցում»:

Գերմանիայի խորհրդարանի փոխխօսնակը շեշտել է, որ Սիրիայի հարցով ԵՄ-ը եւ Գերմանիան պէտք է յանձնառու լինեն, քանի որ դա այդ երկրի ժողովրդի եւ կառավարութեան շահերից է բխում. «Հետեւաբար, սահմանադրական յանձնաժողովի հնարաւորութիւնը պէտք է օգտագործւի եւ ուժեղացւի՝ սիրիական հիմնախնդրի լուծման տարբերակներին հասնելու համար»,- նշել է նա:

Կլաուդիա Ռոթը ողջունել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի՝ Իրանի եւ Սաուդական Արաբիայի միջեւ առկայ խնդիրների կարգաւորմանն ուղղւած միջնորդկան ջանքերը:

Անդրադառնալով Եմէնի ճգնաժամին, նա այդ երկրում հումանիտար վիճակն աղէտալի է որակել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։