Հա

Քաղաքական

20/10/2019 - 10:00

Ադրբեջանը զինւում ու պատրաստւում է. ի՞նչ է անում Հայաստանը

Ադրբեջանի ֆինանսների նախարարութիւնը հրապարակել է 2020-ի բիւջէի նախագիծը, որից պարզ է դառնում, որ  երկրի պաշտպանութեան ու ազգային անվտանգութեան համար նախատեսւած ծախսերն աճել են. պաշտպանութեան ու ազգային անվտանգութեան համար նախատեսւում է տրամադրել մօտ 2.3 մլրդ դոլարին համարժէք մանաթ, ինչը նախորդ տարւայ ցուցանիշի համեմատ մօտ 21%-ով աւելին է։

ԱՐՄԷՆ ԿԱՐԷՅԵԱՆ

 

Ադրբեջանի ֆինանսների նախարարութիւնը հրապարակել է 2020-ի բիւջէի նախագիծը, որից պարզ է դառնում, որ  երկրի պաշտպանութեան ու ազգային անվտանգութեան համար նախատեսւած ծախսերն աճել են. պաշտպանութեան ու ազգային անվտանգութեան համար նախատեսւում է տրամադրել մօտ 2.3 մլրդ դոլարին համարժէք մանաթ, ինչը նախորդ տարւայ ցուցանիշի համեմատ մօտ 21%-ով աւելին է։

Պէտք է նկատել, որ պաշտպանական ծախսերի աւելացումն Ադրբեջանում կրում է, ըստ էութեան, սիստեմատիկ բնոյթ: Գրեթէ ամէն տարի, երբ հրապարակւում է բիւջէի նախագիծը, պարզւում է, որ տւեալ ոլորտին տրամադրւող ծախսերն աւելին են, քան նախորդ շրջանում. սա, ըստ էութեան, նիւթական արտայայտութիւնն է Ադրբեջանի պետական քաղաքականութեան հիմքում դրւած ռազմատենչութեան, որի հիմնական ու գլխաւոր թիրախը Արցախն է ու Հայաստանը։

Այս կոնտեքստում պարզ չէ, սակայն ՀՀ կառավարութեան՝ սեպտեմբերի 30-ի նիստում ընդունած յաջորդ տարւայ բիւջէի նախագծի՝ խիստ խաղաղասիրական բնոյթը. ռազմական պաշտպանութեան ծախսերն աճել  են ընդամենը 0.8%-ով (քանի որ այս թիւը գնաճից ցածր է, ապա համադրելի գներով այն պրակտիկօրէն նւազում է ենթադրում), ներկայ 300.5 մլրդ դրամից հասնելով 303 մլրդ դրամի, այն դէպքում, երբ ընդհանուր պետական բիւջէն ծախսերի մասով նախատեսւում է աւելացնել ամբողջ 14%-ով. նախատեսւում է մօտ 4 մլրդ դոլարի ծախս։

2020-ի բիւջէով, մասնաւորապէս, 21%-ով կաւելանան առողջապահութեանը յատկացւող գումարները, կրթութեան ոլորտին տրւող ֆինանսաւորումը կաճի 15%-ով,  սոցիալական պաշտպանութեան ոլորտինն էլ՝ 10 տոկոսային կէտով:

Թէ վերջնարդիւնքում ինչի կարող է յանգեցնել  Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ծախսերի ծաւալների միջեւ գոյութիւն ունեցող համեմատական վիհն այն էլ  Ադրբեջանի՝ զէնքի առուծախի բազմամիլիադրանոց պայմանագրերի ու ահագնացող հայատեաց յայտարարութիւնների ֆոնին, երկար-բարակ բացատրել պէտք չէ. հայկական երկու պետութիւնները փաստացի կանգնած են  հերթական անգամ ռազմական ագրեսիայի ենթարկւելու վտանգի առաջ: Ենթադրււմ էր, որ այսօրինակ իրավիճակը պէտք է հարկադրէր իշխանութիւններին բիւջէի նախագիծ մշակելիս շատ աւելի բալանսաւորւած մօտեցումներ ցուցաբերել, քան փաստացի արւել է:

Ճիշտ է՝ կայ կարծիք նաեւ, որ իրականում սխալ է բիւջէի նախագծին նայելով լիարժէք պատկերացում կազմել Հայաստանի ռազմական ծախսերի մասին՝ հաշւի առնելով հարցի սպեցիֆիկան, սակայն ակնյայտ է, որ նման տրամաբանութեամբ առաջնորդւելիս կարելի է շատ հեռուն գնալ. նոյն տրամաբանութեամբ կարելի է եւ Ադրբեջանի ռազմական ծախսերի վերաբերեալ ներկայացւած թւերը համարել խիստ պայմանական ու ենթադրել, որ իրականում նախատեսւող գումարները ոչ թէ մի քանի միլիարդ դոլարի են հասնում, այլ՝ մի քանի տասնեակ:

Իսկ հիմա հարցի միւս կողմի մասին: Ո՞րն է, այնուամենայնիւ, Կառավարութեան՝ գրեթէ բացառապէս սոցիալական ուղղւածութեան բիւջէ ձեւաւորելու բուն նպատակը, երբ 10  կամ 20 տոկոսային կէտով աւելացւում են ոչ թէ պաշտպանական, այլ ասենք առողջապահութեան կամ կրթութեան  ոլորտների ծախսերը:

Միանշանակ է, որ նմանբովանդակ նախագիծ բերելով՝ Կառավարութիւնը փորձ է անում առաջին հերթին լուծել իր համար գերառաջնային հարցը՝ ղեկավարի քաղաքական ամբիցիաների խնդիրը: Փաշինեանն, ով երկրի ղեկին է շուրջ մէկ եւ կէս տարի, խնդիր ունի իշխանութիւնների համար հասարակական իրական, չմաշւող  հենք ստեղծելու,  հասարակութեան շրջանում դրական ակնկալիքները սրելու, որ մարդիկ մտածեն, թէ թէկուզ դանդաղ, բայց ինչ-որ պրոցես ընթանում է ու դրա վրայ հիմնւելով՝ աղմուկ  չբարձրացնեն, շարունակեն հաւատալ, թէ վաղն ամէն բան լաւ է լինելու: Այսինքն՝ գործ ունենք պոպուլիստական բիւջէի նախագծի հետ, ուր ակներեւաբար անտեսւած է  ազգային անվտանգութեանը սպառնացող խնդիրներին ադեկվատօրէն արձագանքելու հրամայականը՝ առաւելութիւնը տալով «աւելի կարեւոր» խնդիրների լուծմանը։ Իշխանութիւնը, փաստացի, ներկայացնում է բիւջէի նախագիծ՝ յուսալով, որ պատերազմ չի լինի։

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։