Հա

Քաղաքական

22/10/2019 - 13:30

Թրամփը, քրդերը եւ փոքր պետութիւնների անվտանգութեան խնդիրները

Այսօր համատարած ընկալում կայ, որ ԱՄՆ, աւելի ճիշտ նախագահ Թրամփը դաւաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դէմ առ դէմ Թուրքիայի, որը Սիրիայի հիւսիս-արեւելքում վերաձեւում է անվտանգութեան համակարգը՝ ըստ իր, Ռուսաստանի, Իրանի, նաեւ Սիրիայի նախագահի ցանկութիւնների ու մտահոգութիւնների։ ԱՄՆ-ը կարծես այս փուլում դուրս է գալիս տարածաշրջանային անվտանգութեան հաւասարումից՝ միաժամանակ քրդերին դարձնելով այդ հաւասարութեան «հանելին»։

ԱՆՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ

 

Այսօր համատարած ընկալում կայ, որ ԱՄՆ, աւելի ճիշտ նախագահ Թրամփը դաւաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դէմ առ դէմ Թուրքիայի, որը Սիրիայի հիւսիս-արեւելքում վերաձեւում է անվտանգութեան համակարգը՝ ըստ իր, Ռուսաստանի, Իրանի, նաեւ Սիրիայի նախագահի ցանկութիւնների ու մտահոգութիւնների։ ԱՄՆ-ը կարծես այս փուլում դուրս է գալիս տարածաշրջանային անվտանգութեան հաւասարումից՝ միաժամանակ քրդերին դարձնելով այդ հաւասարութեան «հանելին»։

Դաւաճանութիւնը գուցէ ուժեղ բառ է՝ զգացմունքներով լի, գուցէ կարելի է այլ բառ կամ եզրոյթ օգտագործել։ Բայց դրանից իրավիճակը չի փոխւի. փաստն այն է, որ ուժեղը, ելնելով ինչ-ինչ հաշւարկներից, թողնում է իր թոյլ դաշնակցին՝ մէկ այլ ուժեղի դէմ միայնակ։ Սա ասիմետրիկ դաշինքի օրինակ է, որից սովորաբար օգտւում է աւելի ուժեղ կողմը, իսկ նւազ կարողութիւններ ունեցողը յաճախ դուրս է մնում խաղից՝ խափւած եւ վտանգւած։ Պատմութիւնը հարուստ է նման օրինակներով ե՛ւ մեր տարածաշրջանում, ե՛ւ այլուր։ Եւ ամէն անգամ նման դէպքերի մասին լսելիս կամ վերյիշելիս՝ առաջ է գալիս յաւէրժ թւացող հարցը՝ ինչպէ՞ս կարող են թոյլերն ապահովել իրենց անվտանգութիւնը, եթէ հնարաւոր չէ ապաւինել աշխարհիս հզօրների բարի կամքին, եթէ ուժերի հաւասարկշռման դաշինքային տարատեսակը արդիւնաւէտ չի գործում։

Թրամփի մօտեցումը քրդական հարցին, եւ ընդհանրապէս նրա վարած արտաքին քաղաքականութիւնը, մեծ մտահոգութիւնների տեղիք է տալիս ԱՄՆ դաշնակիցների մօտ ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլ ողջ աշխարհում, նաեւ Եւրոպայում։ Բոլորի մօտ նոյն հարցերն են՝ ո՞վ է անվտանգութեան երաշխաւորը, հնարաւո՞ր է վստահել ամերիկեան գործընկերներին, ինչպէ՞ս զսպել բռնութիւնը ու ագրեսիան։

Գլոբալ անվտանգային համակարգի առաջին պատասխանատու երկրի՝ ԱՄՆ վարած «անպատասխանատու» քաղաքականութիւնը բերել է ջունգլիների՝ «իւրաքանչիւրն իր համար» սկզբունքի վերադարձին։ Իսկ Թուրքիայի նման երկրների հարեւանութեամբ ապրող ժողովուրդների համար այդ հարցերը միայն տեսական մտավարժանքներ չեն, այլ առօրեայ անվտանգային խնդիրներ, որոնց լուծման համար շատ ճանապարհներ չկան։

Տարածաշրջանային գերակայութիւն հաստատելու Թուրքիայի անթաքոյց ձգտումները բնական ռեակցիա են առաջացրել նրան շրջապատող երկրների, ու յատկապէս նւազ կարողութիւններ ունեցող պետութիւնների մօտ, որոնք ձգտում են ինչ-որ կերպ հակակշռել այդ սպառնալիքը։

Հետաքրքրական է, թէ վերջին շրջանում ինչպէս են այդ երկրները միմեանց հետ փորձում աւելի սերտ համագործակցել՝ տարատեսակ ձեւաչափեր ստեղծելու միջոցով, օրինակ՝ Յունաստան-Կիպրոս-Իսրայէլ, Յունաստան-Կիպրոս-Եգիպտոս, Յունաստան-Կիպրոս-Լիբանան, Յունաստան-Կիպրոս-Յորդանան, վերջերս նաեւ Յունաստան-Կիպրոս-Հայաստան։ Իսկ որ Թուրքիան տարածաշրջանում մեծ ախորժակ ունի, դա այլեւս կասկած չի յարուցում, ինչի անուղղակի ցուցիչն է նաեւ վերջերս սոցիալական ցանցերում Թուրքիայի պաշտպանութեան նախարարի անունով տարածւած քարտէզը, որտեղ Թուրքիայի կազմում էին հարեւան շատ երկրների տարածքներ։

Թուրքական վտանգը հարեւան երկրների համար աւելի մուգ երանգներ է ստանում ռուս-թուրքական արդի մերձեցման ստւերի ներքոյ։ Ռուսաստանը, որը երկար ժամանակ համարւել է Թուրքիայի համար իրական հակակշիռ, գոնէ ներկայ փուլում աւելի համագործակցային է տրամադրւած եւ ռացիոնալ հաշւարկի հիման վրայ կարող է ցանկացած հարցում պայմանաւորւել Թուրքիայի հետ։ Իսկ թէ ո՞վ կը յայտնւի քրդերի դերում, մտածելու տեղիք է տալիս։

Աւելորդ դրամատիզացիան թերեւս տեղին չէ, սակայն որոշակի տագնապալի նշաններ կան, եւ այդ ամէնը գալիս են ներկայ աշխարհակարգի առաջատար գերտէրութիւնից՝ ԱՄՆ-ից, ով պէտք է լինէր միջազգային յարաբերութիւնների կայունութեան երաշխաւորը եւ կարեւորագոյն գործօնը ուժային հաւասարակշռման ցանկացած հաւասարումներում՝ ի շահ իրեն եւ նաեւ յօգուտ մնացածի։ Այսօր իրավիճակն այլ է։ Երբ նախագահ Թրամփը յայտարարում է, որ հազարամեակներ շարունակ, սկսած Հին Հռոմից ԱՄՆ-ը եւ Իտալիան կապւած են ընդհանուր մշակութային ու քաղաքական ժառանգութեամբ, երեւի նկատի ունէր նաեւ որոշ ընդհանրութիւնները՝ իր եւ Հռոմի տխրահռչակ որոշ կայսրերի՝ Ներոնի, Կալիգուլայի կամ Կոմոդոսի միջեւ։ Ի դէպ, վերջինս յայտնի էր նաեւ մոլուցքի հասնող ինքնագովեստով, որի պակասը չունի նաեւ նախագահ Թրամփը։ Եւ նման առաջնորդութեան պայմաններում որեւէ մի պետութիւն չի կարող իրեն անվտանգ զգալ, ինչը մեխանիկօրէն բերելու է սպառազինութեան մրցավազքի, եւ անվտանգութեան մտահոգութիւնների էլ աւելի աճի։ Քրդերի օրինակն էլ ցոյց է տալիս, որ մեծ պետութիւնները առանձնապէս զգացմունքային չեն, եւ կարող են հանգիստ շրջանցել ցանկացած դաշնակցային պարտաւորութիւն, երբ պահը գայ։

Մնում է ապաւինել սեփական ուժերին, ինչի դէպքում էլ միշտ չէ, որ հնարաւոր է «բարոյական յաղթանակից» զատ այլ ձեռքբերումներ ունենալ։

 

Panorama.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։