Հա

Քաղաքական

23/10/2019 - 09:30

Բորիս Ջոնսոնի Brexit-ի յաղթանակն ու պարտութիւնը

Չէր հասցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տօնել յաղթանակը, դրան յաջորդեց պարտութիւնը:

«alikonline.ir» - Չէր հասցրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տօնել յաղթանակը, դրան յաջորդեց պարտութիւնը: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Euronews-ը։

Նախօրէին հոկտեմբերի 22-ի երեկոյեան, Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Brexit-ի նոր օրինագիծը, որը ներկայացրեց կառավարութիւնը: Փաստաթուղթը պարունակում էր նաեւ ԵՄ-ի հետ նոր գործարքի տեքստը: Դրանից յետոյ խորհրդարանականները մերժեցին վարչապետի առաջարկութիւնը՝ 3 օրւայ ընթացքում վաւերացնել Brexit-ի օրինագիծը, որպէսզի Բրիտանիան կարողանայ լքել Եւրոմիութիւնը մինչեւ հոկտեմբերի 31-ը:

Ի պատասխան՝ Ջոնսոնը դադարեցրեց փաստաթղթի քննարկումը՝ Բրիւսէլի հետ խորհրդակցութիւնների համար:

«Հիմա մենք բախւում ենք հետագայ անորոշութեան հետ։ Այժմ ԵՄ-ն պէտք է որոշի՝ ինչպէս արձագանքել խորհրդարանի դիմումին՝ Brexit-ի ժամկէտը յետաձգելու պահանջի մասին: Սրանից հետեւում է՝ առաջինը, որ կառավարութիւնը պէտք է ստանձնի միակ պատասխանատու կուրսն ու արագացնի «առանց գործարքի» Brexit-ը: Եւ երկրորդ, ես կը խօսեմ ԵՄ երկրների հետ նրանց մտադրութիւնների մասին, եւ մենք կը դադարեցնենք այս օրինագծի քննարկումը՝ մինչեւ նրանք որոշում կը կայացնեն»,- ասաց Ջոնսոնը։

Մինչեւ շաբաթւայ վերջ խորհրդարանի օրակարգում ընդգրկւել են միայն ներքին եւ տնտեսական հարցեր, ինչը վրդովեցրել է ընդդիմութեանը:

«Ես յորդորում եմ վարչապետին համագործակցել՝ համաձայնեցնելու Brexit-ի գործարքի ընդունելի գրաֆիկի շուրջ, որպէսզի պատգամաւորները կարողանան մանրամասն ուսումնասիրել այն եւ փոփոխութիւններ կատարել: Դա կը լինի կարեւոր քայլ առաջ: Ես այսօր նման առաջարկ եմ անում ընդդիմութեան անունից», - յայտարարեց լէյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը։

Շաբաթ օրը, ենթարկւելով խորհրդարանի ընդունած օրէնքին, Բորիս Ջոնսոնը նամակ է ուղարկել Բրիւսէլ՝ խնդրելով յետաձգել Brexit-ը, բայց չի ստորագրել այն, իսկ կից ուղղւած նամակում նշել էր, որ յետաձգումը համարում է մեծ սխալ:

Եւրոյանձնաժողովը նախօրէին յայտարարեց, որ հաշւի է առել քւէարկութեան արդիւնքները Բրիտանիայի խորհրդարանում եւ արդէն խորհրդակցութիւններ է անցկացնում ԵՄ երկրների ղեկավարների հետ՝ յետաձգման հարցի շուրջ:

Աւելի վաղ Ջոնսոնը խոստացել էր, որ եթէ արագացւած գրաֆիկը մերժւի պատգամաւորների կողմից, եւ Եւրոմիութիւնը որոշի երկարատեւ յետաձգել Brexit-ը, ապա նա դուրս կը բերի համաձայնագիրը խորհրդարանից եւ մինչեւ Սուրբ Ծննդեան տօներ կը գնայ ընտրութիւնների:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։