Հա

Քաղաքական

23/10/2019 - 10:40

Բրիտանիայի կառավարութիւնը հաստատել է, որ ընտրութիւններ կը յայտարարի, եթէ ԵՄ-ն յետաձգի Brexit-ը

Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քւէարկութիւնից յետոյ հաստատել է, որ վաղաժամկէտ ընտրութիւններ անցկացնելու հարց կը դնի, եթէ Եւրոմիութիւնը Brexit-ի եռամսեայ յետաձգում տրամադրի երկրին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի կառավարութիւնը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կայացած քւէարկութիւնից յետոյ հաստատել է, որ վաղաժամկէտ ընտրութիւններ անցկացնելու հարց կը դնի, եթէ Եւրոմիութիւնը Brexit-ի եռամսեայ յետաձգում տրամադրի երկրին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիայի քաղաքական մեկնաբան Լորա Քիւնսբերգը՝ յղում անելով վարչապետի դիաւանատան մի աղբիւրի:

Հոկտեմբերի 22-ի երեկոյեան բրիտանական խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որում ներառւած է «ապահարզանի» պայմանների վերաբերեալ Եւրոմիութեան հետ նոր համաձայնագրի տեքստը: Այդպիսով, Brexit-ի շուրջ գործարքը, որը ձեռք էր բերւել ԵՄ-ի հոկտեմբերի 17-ի գագաթնաժողովում, ըստ էութեան հաւանութեան է արժանացել բրիտանացի խորհրդարանականների կողմից: Կողմ է քւէարկել Համայնքների պալատի 329 անդամ, դէմ է արտայայտւել 299 պատգամաւոր: Դա առաջին քւէարկութիւնն էր խորհրդարանում, որը Ջոնսոնի կառավարութիւնը շահել է այս տարւայ յուլիսին իշխանութեան գալուց յետոյ:

Այդուհանդերձ, արդէն մի քանի րոպէ անց նախարարների կաբինետը խիստ ցաւագին պարտութիւն կրեց Համայնքների պալատի կողմից Brexit-ի մասին բիլլի քննարկման ժամկէտներին վերաբերող հանգուցային հարցում: Կառավարութիւնն ընդամենը երեք օր էր յատկացնում այն բանի համար, որ խորհրդարանականները քննարկեն այն եւ երրորդ ընթերցմամբ ընդունեն օրէնք, որը կը կարգաւորի Brexit-ի առաջիկայ գործընթացը: Այդչափ կարեւոր փաստաթուղթը նման կարճ ժամանակում քննարկելուց հրաժարւել է 322 պատգամաւոր, այն դէպքում, երբ 308-ը պատրաստ էին աշխատել Ջոնսոնի առաջարկած ժամանակացոյցով:

Եւրոխորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դրան ի պատասխան յայտարարել է, որ Եւրոմիութեան 27 երկրների ղեկավարներին առաջարկելու է համաձայնել Լոնդոնի խնդրանքով հանրակցութեան կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիւը մինչեւ 2020 թւականի յունւարի 31-ը յետաձգելուն: Մինչդեռ Ջոնսոնն ինքը կտրականապէս դէմ է յետաձգմանը: Իսկ Brexit-ի ամսաթւի յետաձգման խնդրանքը, որի մասին յիշատակել է Տուսկը, նա Բրիւսէլ է ուղարկել միայն այն պատճառով, որ դա նրան պարտաւորեցնում էր անել ընդդիմութեան ճնշման ներքոյ ընդունւած օրէնքը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։