Հա

Քաղաքական

24/10/2019 - 09:40

Թուրքիան յաղթե՞ց, թէ՞ պարտւեց Սոչիում

Հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցաւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի առանցքը Սիրիայի հիւսիսում Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից իրականացւող «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնից յետոյ տեղի ունեցող զարգացումներն էին: Հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի միջնորդութեամբ, ժամանակաւոր հրադադար հաստատւեց Թուրքիայի ԶՈւ, դրան յարող զինեալ խմբաւորումների եւ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջեւ:

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցաւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի առանցքը Սիրիայի հիւսիսում Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից իրականացւող «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութիւնից յետոյ տեղի ունեցող զարգացումներն էին: Հոկտեմբերի 17-ին, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի միջնորդութեամբ, ժամանակաւոր հրադադար հաստատւեց Թուրքիայի ԶՈւ, դրան յարող զինեալ խմբաւորումների եւ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջեւ: Ըստ պայմանաւորւածութեան՝ ռազմական գործողութիւնները պէտք է դադարէին 120 ժամով, այսինքն՝ ժամկէտը լրանալու էր հոկտեմբերի 22-ին: Եւ հէնց այս հանդիպումից էր կախւած՝ շարունակելո՞ւ է Թուրքիան իր գործողութիւնները, թէ՞ ռուս-սիրիական դաշինքի հետ համաձայնութեան կը գայ:

Մօտ 6 ժամ տեւած հանդիպման ընթացքում որոշւեց պահպանել ստատուս քւոն Սիրիայի հիւսիսում եւ քրդական Մանբիջից դուրս բերել քրդական խմբաւորումները: Ընդունւած յուշագրի մէջ կարեւորւում էր Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանումն ու Թուրքիայի սահմանային անվտանգութիւնը:

Դատելով Թուրքիայի յայտարարութիւններից՝ «Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանում» եւ «Թուրքիայի սահմանային անվտանգութիւն» եզրոյթներն իրար հակադիր երեւոյթներ են, եւ չի կարող լինել Թուրքիայի սահմանային անվտանգութեան խնդիր՝ առանց Սիրիայի տարածքային ամբողջականութեան խախտման, քանի որ Թուրքիան մտադիր է այդ շրջանները դարձնել անվտանգութեան գօտի՝ առանց քրդական ներկայութեան, այդտեղ վերաբնակեցնելով Թուրքիայում գտնւող 3 մլն. փախստականի: Թուրքիան, իհարկէ, այդ շրջանը կը փորձի թուրքացնել՝ հեռահար նպատակների համար:

Ըստ յուշագրի՝ նախատեսւում է.

1. Կողմերը վերահաստատում են իրենց հաւատարմութիւնը Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանը, ինչպէս նաեւ Թուրքիայի ազգային (սահմանային) անվտանգութեան ապահովմանը:

2. Ընդգծւում է ահաբեկչութեան դէմ պայքարում վճռականութիւնը, ինչպէս նաեւ Սիրիայի տարածքում անջատողական ձգտումներին դիմակայումը։

3. Այս համատեքստում «Խաղաղութեան ակունք» գործողութեան ներկայիս տարածք Թել Աբեադ եւ Ռաս ալ Այն քաղաքների միջեւ 32 կմ. խորութեամբ կը պահպանւի գոյութիւն ունեցող ստատուս քւոն։

4. Երկու կողմերը վերահաստատում են Ադանայի համաձայնագրի կարեւորութիւնը. ՌԴ-ն կաջակցի ժամանակակից պայմաններում Ադանայի համաձայնագրի իրագործմանը:

5. Մոսկւան ու Անկարան պայմանաւորւածութիւն են ձեռք բերել, որ 2019 թւականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ից սկսած, Ռուսաստանի ռազմական ոստիկանութեան եւ սիրիական սահմանային ծառայութեան ստորաբաժանումները սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատւածում կաջակցեն քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG), դրանց սպառազինութիւնների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ. հեռաւորութեան վրայ, որը պէտք է աւարտւի 150 ժամւայ ընթացքում: Այս պահից սկսած՝ ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայութիւնը կը սկսի գործել սահմանից 10 կմ. խորութեամբ` սահմանից դէպի արեւմուտք, եւ «Խաղաղութեան ակունք» գործողութեան տարածքից արեւելք, բացառութեամբ Քամիշլի քաղաքը:

6. Քրդական ազգային պաշտպանական ուժերի բոլոր ստորաբաժանումները եւ դրանց սպառազինութիւնը դուրս կը բերւեն Մանբիջ եւ Թել Ռըֆատ քաղաքներից:

7. Երկու կողմերը ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ ահաբեկչական տարրերի ներթափանցումը կանխելու համար:

8. Համատեղ ջանքեր կը գործադրւեն փախստականների անվտանգ եւ կամաւոր վերադարձը դիւրացնելու համար:

9. Սոյն յուշագրի իրականացումը վերանայելու եւ համակարգելու համար կը ստեղծւի համատեղ մոնիթորինգի եւ ստուգման մեխանիզմ:

10. Երկու կողմերը կը շարունակեն աշխատել «Աստանայի բանաձեւի» շրջանակներում սիրիական հակամարտութեան քաղաքական լուծման ուղղութեամբ, ինչպէս նաեւ կը նպաստեն Սահմանադրական յանձնաժողովի գործունէութեան մեկնարկին:

Ռուսաստանը, կատարելով Casus foederis-ի շրջանակում իր պարտաւորութիւնները, Սիրիայի հետ կարողացաւ էլ աւելի ամրապնդել Ասադի դիրքերը՝ Սիրիայի կառավարական ուժերն արդէն հասել են Թուրքիայի սահմանին: Թէեւ այս դէպքում նոյնպէս ամէն բան Ասադի «սրտով չէ», որի համար անընդունելի են սեփական երկրի տարածքում թուրքական ներկայութիւնն ու դեռեւս չհանգուցալուծւած քրդական անջատողականութեան հարցը:

Ամէնից շատ ոչ շահեկան դիրքերում յայտնւեցին քրդերը: ԱՄՆ-ի կողմից դաւաճանւելով՝ քրդերը միայնակ էին մնացել թուրքական զինուժի դէմ: Իսկ Ասադի հետ համաձայնութեան գալով՝ յոյս էր արթնացել յետ մղել թուրքական յարձակումները: Վերը նշւած յուշագրով՝ ռուս-սիրիական ուժերը 150 ժամում ապահովելու են քրդական զօրքերի դուրսբերումը, ինչին քրդերը չեն կարող չենթարկւել, եթէ հաշւի առնենք նաեւ, որ Թուրքիան ցանկացած քրդական ակտիւութեան դէպքում դարձեալ կը սկսի գործողութիւնները. այդ մասին նշել էր Չաւուշօղլուն:

Իսկ Թուրքիան, այսպիսով, չկարողացաւ իրականացնել «Խաղաղութեան ակունք» գործողութեամբ նախատեսւածը: Չի կարելի ասել, որ Էրդողանն այնքան միամիտ էր, որ մտածում էր, թէ կարող է առանց որեւէ արտաքին միջամտութեան իրագործել Սիրիայի հիւսիսի բռնազաւթումը: Սիրիայի հիւսիսի խնդիրը լուծւած չէ, հետեւաբար՝ «թուրքական ախորժակը» դեռ չի փակւել, եւ հետագայում այս հարցը դարձեալ դառնալու է խնդրո առարկայ: Բացի այդ՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել է, որ թէեւ, ՌԴ եւ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների արդիւնքում, «Խաղաղութեան ակունք» գործողութիւնն աւարտւել է, այդուհանդերձ, թուրքական զինուժը կը պահպանի իր ներկայութիւնը Սիրիայում:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։