Հա

Քաղաքական

26/10/2019 - 09:50

Բարդ կոմպրոմիս Սիրիայի հարցում. Ռուբէն Սաֆրաստեանի անդրադարձը ՌԴ եւ Թուրքիայի բանակցութիւններին

Սիրիայի հարցում Սոչիում կայացած բանակցութիւններով ձեռքբերւած համաձայնութիւնները բաւական բարդ կոմպրոմիսի արդիւնք են:

«alikonline.ir» - Սիրիայի հարցում Սոչիում կայացած բանակցութիւններով ձեռքբերւած համաձայնութիւնները բաւական բարդ կոմպրոմիսի արդիւնք են: «Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ կողմերը զիջումների գնացին՝ իւրաքանչիւրն ինչ-որ մասով բարենպաստ իրավիճակում յայտնւելով: Թուրքիան, թէպէտ, չհասաւ նախապէս յայտարարած իր ծրագրին, այն է, մօտաւոր 450 կմ. երկայնքով, 32 կմ. խորութեամբ տարածք գրաւել թուրք-սիրական սահմանին, սակայն կարողացաւ իր վերահսկողութեան տակ վերցնել 120 կմ. երկայնքով, 10 կմ. խորութեամբ տարածք: Սիրիական սահմանի որոշ հատւածներում տեղակայւելու են թուրք-ռուսական պարեկախմբեր: Սահմանի վրայ տեղակայւելու են նաեւ սիրիական բանակի պարեկակէտերը:

«Սիրիան ստիպւած էր համաձայնւել սրան, սակայն նա ունենալու է հնարաւորութիւն իր պարեկակէտերը տեղակայելու սահմանին, այն տարածքներում, որտեղ տարիներ շարունակ սիրիական զինւորի ոտք չի դրւել: Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարենպաստ իրավիճակ ստացւեց: ՌԴ-ն տնտեսական առումով այնքան բարենպաստ չէ, որ մեծ քանակութեամբ զօրք պահի, բայց կարողացաւ հասնել նրան, որ իր ստորաբաժանումները տեղակայւեն Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի շրջանում»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը:

Ձեռքբերւած համաձայնութեամբ, քրդերը ստանում են լրացուցիչ ժամանակ Սիրիայի սահմանամերձ շրջանները լքելու համար, նրանք տեղափոխւում են աւելի խորը հատւած: Ամէն դէպքում քրդերի հսկողութեան տակ են շարունակելու մնալ մեծ տարածքներ՝ նաւթահորերով: Թուրքագէտը նկատեց, որ այս համաձայնութեան արդիւնքում քրդերի կորուստը մեծ էր, եղան հարիւրաւոր զոհեր, այդ թւում՝ խաղաղ բնակչութեան շրջանում, 100 հազարից աւելի փախստականներ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն Սիրիայում շարունակում է պահել իր զինւած ջոկատները մի քանի հարիւրի հասնող թւաքանակով: Դա այն տարածքներում, որոնք գտնւում են քրդերի հսկողութեան տակ, եւ որտեղ տեղակայւած են նաւթի հորերը:

«Այստեղ հայկական հարցը հետաքրքր ձեւով ի յայտ եկաւ: Վարչապետի գրառումը վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացաւ ռուսների հետ համաձայնութեան գալ, եւ ես չեմ բացառում, որ քննարկւել է հայերի անվտանգութեան հարցը: Միւս կողմից հայկական հարցը բարձրացւեց ԱՄՆ-ում: Հաղորդագրութիւն կայ, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը կրկին օրակարգ է մտնում: Ստացւում է աշխարհի երկու հզօր պետութիւններն, ամէն մէկը մի ձեւով, անդրադարձել են հայկական հարցին, գործընթացները դրական են»,- ասաց Ռուբէն Սաֆրաստեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։