Հա

Քաղաքական

30/10/2019 - 13:30

Հարւած ԱՄՆ-ից. թուրքական ԶԼՄ-ները սկանդալային են որակել Ներկայացուցիչների պալատի որոշումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը կայծակնային արագութեամբ յայտնւեց թուրքական լրատւամիջոցների գլխագրերում:

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը կայծակնային արագութեամբ յայտնւեց թուրքական լրատւամիջոցների գլխագրերում:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, թուրքական ամենայայտնի պարբերականներից մէկը՝ «Հուրիէթ»-ը, սկանդալային է որակել Ներկայացուցիչների պալատի որոշումը: Պարբերականը յիշեցրել է, որ նմանօրինակ բանաձեւ օրակարգում յայտնւել էր նաեւ 2010 թւականին, սակայն Թուրքիայից եկած ազդակների պատճառով այն ի վերջոյ չդրւեց քւէարկութեան:

Թուրքական խոշորագոյն՝ «Անադոլու» պետական գործակալութիւնն անմիջապէս հրապարակել է երկրի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը, որտեղ Ներկայացուցիչների պալատի որոշումը խիստ քննադատութեան է ենթարկւում: «Կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել մեր յարաբերութիւնների հետ որեւէ առնչութիւն չունեցող հարցերը ներքին քաղաքականութեան գործիք դարձնելը, շարժւել մեր գործընկերային յարաբերութիւնների ոգուն յարիր կերպով եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որոնք աւելի չեն վնասի ԱՄՆ ղեկավարութեան հետ մեր յարաբերութիւնները»,- ասւում է ԱԳՆ յայտարարութեան մէջ:

«Անադոլու»-ն մէջբերել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի կողմից՝ բանաձեւի ընդունումից անմիջապէս յետոյ արւած թւիթերեան գրառումը, որում դիւանագէտը յայտարարել է, թէ Ներկայացուցիչների պալատի որոշումն իրենց կառավարութիւնն ու ժողովուրդը «համարում են առ ոչինչ»:

«Սկանդալային հարւած Միացեալ Նահանգների կողմից». այսպէս է վերնագրել նիւթը թուրքական յայտնի «Ենի Շաֆաք» պարբերականը:

Թուրք ազգայնականներին պատկանող «Սեոզջու» գործակալութիւնը հրապարակել է որոշման առնչութեամբ Թուրքիայի նախագահականից ստացւած առաջին արձագանքը: Մասնաւորապէս, նախագահականի հաղորդակցման բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը յայտարարել է, որ բանաձեւի ընդունումը «մտահոգիչ է ցանկացած մէկի համար, ով կարեւորում է ԱՄՆ- Թուրքիա յարաբերութիւնները»: Նա «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նաեւ, որ որոշումը «հակասում է ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնների ոգուն»:

Իսկ HaberTurk-ը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք աւելի վաղ ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը՝ նշելով, որ գործընթացը սկսւել է Ուրուգւայից:

Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առնչութեամբ յօդւածներ են հրապարակւել մի քանի տասնեակ այլ թուրքական լրատւամիջոցներում եւս, մասնաւորապէս, Haberler-ում, Diken-ում, T24-ում, GazeteDuvar-ում եւ այն:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունւեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Քւէարկութեանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քւէարկեց 405-ը, դէմ՝ 11-ը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։