Հա

Քաղաքական

31/10/2019 - 12:30

«Սենատը եւ Թրամփը պէտք է հետեւեն Ներկայացուցիչների պալատի օրինակին». համաշխարհային ԶԼՄ-ներ

Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը։ Այդ թեմայով յօդւածներ են հրապարակել The New York Times-ը, The Washington Post-ը, Bloomberg-ը, Daily Beast-ը, The Guardian-ը եւ այլ հեղինակաւոր համաշխարհային լրատւամիջոցներ։

«alikonline.ir» - Համաշխարհային բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը։ Այդ թեմայով յօդւածներ են հրապարակել The New York Times-ը, The Washington Post-ը, Bloomberg-ը, Daily Beast-ը, The Guardian-ը եւ այլ հեղինակաւոր համաշխարհային լրատւամիջոցներ։ News.am-ը հատւածներ է բերում մի քանի ԶԼՄ-ների առաւել հետաքրքիր հրապարակումներից։

«Այս բանաձեւը հսկայական նշանակութիւն ունի ամերիկահայերի համար։ Սակայն դա նաեւ յիշեցում է այն մասին, թէ որքան կարեւոր է ամերիկեան արտաքին քաղաքականութեան համար ճշմարտութիւնն ասելը, եւ վերջնական արդիւնքում որքան ինքնակործանիչ է Միացեալ Նահանգների համար աւտոկրատ ճնշման մարտավարութեան հետ համակերպւելը, լինի դա Թուրքիայից կամ մէկ այլ տեղից»,- The New York Times-ում գրում է Սամանտա Փաուէրը:

«Ներկայացուցիչների պալատում այս բանաձեւի ուղին առաջարկում է երկու դաս, որոնք դուրս են գալիս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի յարաբերութիւնների սահմաններից։

Առաջինը՝, որպէս բազային կանոն, յանուն Ամերիկայի ընդհանուր հեղինակութեան եւ մեր դիւանագէտների հանդէպ վստահութեան, Վաշինգտոնի պաշտօնատար անձինք պէտք է իրաւասու լինեն ասել ճշմարտութիւնը։

Երկար տարիների ընթացքում Թուրքիայից օտարացման վախից դիւանագէտներին ասւել է խուսափել լավ փաստաթղթաւորւած ցեղասպանութեան յիշատակումից։ 2005թ․, երբ Հայաստանում ամերիկեան դեսպան Ջոն Էւանսը յայտարարեց, որ «հայերի ցեղասպանութիւնը 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն էր», նա յետ կանչւեց եւ ստիպւած էր վաղաժամ թոշակի անցնել։

Երկրորդը, երբ աւազակները զգում են, որ իրենց մարտավարութիւնն աշխատում է, նրանք սովորաբար աւելի շատ են ահաբեկում՝ դաս, որը պէտք է նկատի ունենալ Չինաստանի եւ Սաուդական Արաբիայի կողմից սպառնալիքներին արձագանքելիս։ Թուրքական կառավարութիւնն ամէն տարի միլիոնաւոր դոլարներ է ծախսում ամերիկեան պաշտօնեաների եւ օրէնսդիրների շրջանում լոբբիի համար՝ աւելի քան 12 միլիոն դոլար Օբամայի օրօք եւ համարեայ նոյնքան էլ Թրամփի նախագահութեան առաջին երկու տարիներին։

Հեշտ է հասկանալ, թէ ինչու է ցանկացած գլխաւոր հրամանատար խուսափում խզել կապերը Թուրքիայի՝ անհանգիստ հարեւանութեան մէջ կարեւոր դաշնակցի հետ։ Սակայն Թուրքիան կարող է շատ աւելին կորցնել, քան Միացեալ Նահանգները։

ԱՄՆ-ը օգնել է ստեղծել Թուրքիայի զինւած ուժերը, բերել է նրանց ՆԱՏՕ եւ գլխաւորել է կոալիցիան, որը յաղթել է ԴԱԷՇ-ին։ Վերջին հինգ տարիներին ամերիկեան ընկերութիւնները Թուրքիայում մօտ 20 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարել։

Պալատում քւէարկութիւնն ուշացած էր։ Այժմ Սենատը եւ նախագահ Թրամփը պէտք է հետեւեն այդ օրինակին։ Փաստերն են դա պահանջում։

Բանաձեւը թուրքական կառավարութեան կողմից տասնամեայ ինտենսիւ լոբբիի գագաթնակէտն էր, որ տասնեակ միլիոնաւոր դոլարներ արժեցաւ, եթէ ոչ աւելին»,- գրում է The Washington Post-ը։

«Զարգացումը փոփոխւեց հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հեռախօսազրոյցից յետոյ։ Չխորհրդակցելով Կոնգրեսի հետ՝ Թրամփը զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ համաձայնեց ԱՄՆ-ի համարեայ բոլոր զօրքերը դուրս բերել Սիրիայի հիւսիսային մասից, եւ, ըստ էութեան, թոյլ տւեց թուրքական ուժերին գրոհել քրդերին, որոնք երկար տարիներ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին ԴԱԷՇ-ի դէմ պայքարում։

Դրանից յետոյ Թուրքիան կորցրեց իր արդէն երերուն աջակցութիւնը Կապիտոլեան բարձունքում։ Պատնէշը կոտրեց պատժամիջոցների մասին առաջարկութիւնների հոսքը՝ նոր թափ հաղորդելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փորձերին։

Ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսին ժպտաց եւ թոթւեց ուսերը, երբ նրան հարցրեցին, հեշտացրեցի՞ն արդեօք Թրամփի գործողութիւնները ցեղասպանութեան ճանաչման ուղին։

Բանաձեւը դեռեւս բախւում է Սենատում յաղթական ընդունման դժւարին վերելքի հետ, սակայն այս հասարակ յաղթանակը սէյսմիկ առաջընթաց էր Վաշինգտոնի ինսայդերների դէմ, որոնք խոչընդոտում են այն, ինչը մարդկանց մեծ մասն ակնյայտ է համարում»։

Al-Monitor-ն այս բանաձեւի համատեքստում արժանին է մատուցում այս ուղղութեամբ Քիմ Քարդաշեանի ջանքերին։ «Երկար տարիների ընթացքում Քարդաշեան-Ուեսթը, յիշելով իր հօրը՝ Ռոբերտ Քարդաշեանին, հրապարակայնօրէն պնդում էր, որ Միացեալ Նահանգները որպէս ցեղասպանութիւն ճանաչեն 1.5 հայերի հանդէպ հաշւեհարդարը։ Սակայն այս քարոզչութիւնը նոր որակ ձեռք բերեց վերջին ամիսներին, երբ Քարդաշեանը այս հարցը քննարկում էր Հայաստանում բարձրագոյն պաշտօնատար անձանց հետ դէմ առ դէմ հանդիպումներում, Կոնգրեսի անդամների հետ անձնական զրոյցներում եւ նախագահի աւագ խորհրդական Ջարեդ Քուշնէրին ուղղւած տեքստային հաղորդագրութիւններում։

Յուլիսին The Wall Street Journal-ին տւած հարցազրոյցում նա ասել էր, թէ վերջերս գրել է Քուշնէրին Հայկական Հարցի մասին։

Քարդաշեանը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Սպիտակ տուն այցի ժամանակ։ «Ես ուզում եմ դա իմ առաքելութիւնը դարձնել։ Հայրս կը հպարտանար ինձնով»,- ասել էր նա։

Հոկտեմբերի սկզբին Հայաստան իր այցի ժամանակ նա բանաւոր պայմանաւորւածութիւններ էր ձեռք բերել քաղաքական առաջնորդների հետ, որպէսզի Հայաստանի կառավարութեան փաստարկները առաջ քաշի ԱՄՆ պաշտօնատար անձանց մօտ»։

CNN-ը նշում է, որ Ներկայացուցիչների պալատը ուժեղ հաղորդագրութիւն է ուղարկել թուրքական կառավարութեանը՝ կապւած ամերիկեան օրէնսդիրների եւ Անկարայի միջեւ յարաբերութիւնների վատացման հետ։

«Ներկայացուցիչների պալատը առաջին անգան քւէարկեց երկկուսակցական հիմքով, որպէսզի ընդունի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը։ Սա նշանակալի քաղաքական իրադարձութիւն է, քանի որ Թուրքիան պնդում է, թէ զանգւածային սպանութիւնները ցեղասպանութիւն չեն եղել, եւ վիճարկում է զոհերի թիւը՝ մօտեցնելով այն 300.000-ին։

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւը տասնամեակներ շարունակ գոյութիւն ունէր տարբեր ձեւերով, սակայն Կոնգրեսի երկու կուսակցութիւնների առաջնորդները խուսափում էին դրա ընդունումից՝ Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի շահերի համար Թուրքիայի ռազմավարական նշանակութեան եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցութեան պատճառով»։

«Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւը ձեւականօրէն Ներկայացուցիչների պալատ էր մտցւել դեռեւս յունւարին, սակայն ընդունւեց միայն այժմ՝ Թուրքիայի քաղաքականութիւնից դժգոհութեան, մասնաւորապէս՝ Սիրիայի հիւսիսում քրդերի դէմ գործողութիւնների պատճառով»,- յայտնում է BBC-ն։

Եթէ անցեալում ցեղասպանութեան ճանաչումը զոհաբերւում էր Թուրքիայի հանդէպ արտաքին քաղաքականութեան նկատառումներին, ապա այժմ Ներկայացուցիչների պալատը քւէարկեց դրա օգտին՝ նոյն նկատառումներից ելնելով, կարծում է Հարաւային Կովկասի հարցերով փորձագէտ եւ բրիտանական Conciliation Resource կազմակերպութեան կովկասեան ծրագրի տնօրթն Լոուրենս Բրոերսը։

Սակայն Ամերիկայի կողմից ցեղասպանութեան ճանաչումը չի մօտեցնում վերջնական նպատակը՝ իր պատմութիւնը քննադատօրէն գնահատելու Թուրքիայի պատրաստակամութիւնը։ Իսկ այսօրւայ գէոքաղաքական համատեքստում բանաձեւը կարող է մեկնաբանւել որպէս Թուրքիային պատժելու փորձ, յաւելել է փորձագէտը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։