Print this page
03/11/2019 - 10:40

«Ճանաչումն ուժ է, այլ ոչ թուլութիւն». ՀՀ նախագահը NYT-ի հետ խօսել է Ցեղասպանութեան ճանաչման մասին

Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միեւնոյն ժամանակ կը լինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետութիւն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ասել է ամերիկեան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir» - Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միեւնոյն ժամանակ կը լինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետութիւն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ասել է ամերիկեան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տւած հարցազրոյցում:

«Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կեանքում, ընտանիքում, ընկերների հետ յարաբերութիւններում, ուժ է: Դա թուլութեան նշան չի կարող համարւել»,- նշել է Արմէն Սարգսեանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, լրագրող Ռոժեր Կոհենը The New York Times-ում ստւարածաւալ յօդւած է հրապարակել, որում անդրադարձել է նաեւ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման փաստին:

«Հայաստանի բոլոր գրասենեակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնւում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարօտի, հպարտութեան, վերադարձի յոյսի եւ Հայոց Ցեղասպանութեան, որը սկսւեց 1915 թւականին, Օսմանեան կայսրութիւնում սպանւեցին աւելի քան մէկ միլիոն հայեր: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը, անտեսելով թուրքական նախազգուշացումները, ընդունեց այդ Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: Նախագահ Բարաք Օբաման այդպէս էլ չճանաչեց այն, թէպէտ 2008 թւականին որպէս նախագահի թեկնածու խոստացել էր: Ռեալպոլիտիկը յաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է Կոհենը:

Յօդւածագիրն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան առաջացման պատմութեանը՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ բաց են միայն Վրաստանի եւ Իրանի հետ սահմանները: «Այդուհանդերձ, ես հայերին տեսայ անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակութիւն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի շուրջ երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մէջ են Սփիւռքի մի քանի անգամ աւելի հայերի հետ, ովքեր մշտապէս գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայեացքն աւելի շատ ուղղւած է ապագային, այլ ոչ թէ անցեալին:

Երկրում 2018 թւականին իրականացւած յեղափոխութիւնը, որի ժամանակ ոչ մի կաթիլ արիւն չթափւեց, դրախտ չբերեց, սակայն այն վերացրեց ֆատալիզմը: Մարդիկ զգում են, որ ունեն ազատութիւն անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցոյցերի նման Բէյրութում, Բաղդադում եւ Սանտեագոյում եւս վերջին շաբաթների ընթացքում ցոյցեր սկսւեցին, որոնց հետեւանքով ցնցւեցին կառավարութիւնների հիմքերը, իսկ որոշ դէպքերում հրաժարականների պատճառ դարձան:

«Բեռլինեան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» խորագիրը կրող յօդւածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրոյցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխութիւնների ալիքին: Խօսելով թեմայի մասին՝ Արմէն Սարգսեանը նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլեւս չեն աշխատելու: «Մենք ապրում ենք քւանտային աշխարհում, քանի որ մեր կեանքի աւելի քան կէսն արդէն վիրտուալ է»,- ասել է ՀՀ նախագահը՝ Հայաստանն անւանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մէկը», որը փնտրելու է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ ամէն անհատ ունի ձայն, որը «կարող է լսելի դարձնել ամէն օր»:

Յարակից լուրեր