Հա

Քաղաքական

04/11/2019 - 15:30

«Սիրիայում ռազմական գործողութիւնների վերսկսումը չի կարելի բացառել». արաբագէտ

Թէեւ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանւում է, այդուհանդերձ, տեղական խախտումներ արձանագրւում են, ընդ որում՝ ռուս-թուրքական եւ թուրք-ամերիկեան պայմանաւորւածութիւնների հետ կապւած, այդ իսկ պատճառով ռազմական լայնածաւալ գործողութիւնների վերսկսում չի կարելի բացառել. այսօր Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ անդրադառնալով մեր հարցին, թէ արդեօ՞ք հնարաւոր է ռազմական գործողութիւնների վերսկսում Սիրիայում:

«alikonline.ir» - Թէեւ հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանւում է, այդուհանդերձ, տեղական խախտումներ արձանագրւում են, ընդ որում՝ ռուս-թուրքական եւ թուրք-ամերիկեան պայմանաւորւածութիւնների հետ կապւած, այդ իսկ պատճառով ռազմական լայնածաւալ գործողութիւնների վերսկսում չի կարելի բացառել. այսօր Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց արաբագէտ Արմէն Պետրոսեանը՝ անդրադառնալով մեր հարցին, թէ արդեօ՞ք հնարաւոր է ռազմական գործողութիւնների վերսկսում Սիրիայում:

Արաբագէտը կարծիք յայտնեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած խնդիր՝ կապւած նրանց պայմանաւորւածութիւնների հետ, կարելի կը լինի լուծել՝ հաշւի առնելով երկրների ղեկավարների միջեւ բանակցութիւնների բարձր մակարդակը, մինչդեռ՝ անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել քրդական գործոնով պայմանաւորւած:

Հոկտեմբերի 22-ին Սոչիում տեղի էր ունեցել հանդիպում Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, որի ժամանակ յուշագիր էր ընդունւել Սիրիայի հիւսիսում հրադադարի պահպանման համար համատեղ գործողութիւնների վերաբերեալ: Ըստ յուշագրի՝ քրդերը պէտք է հեռանային թուրք-սիրիական սահմանից 30 կմ. խորութեամբ՝ 150 ժամւայ ընթացքում, որից յետոյ պէտք է տեղի ունենար ռուս-սիրիական դաշինք-Թուրքիա համատեղ պարեկութիւնը: Յուշագիրը թէպէտ Թուրքիային զրկեց իր նպատակների իրագործումից (թուրք-սիրիական սահմանի ամբողջ երկայնքով՝ 30 կմ. խորութեամբ, անվտանգութեան գօտու ստեղծում), այնուհանդերձ, մի շարք հիւսիսային շրջաններ անցել են թուրքերի վերահսկողութեան տակ, իսկ Ասադին հնարաւորութիւն է տրւել դուրս գալու թուրք-սիրիական սահման:

Սիրիական SANA լրատւական գործակալութեան համաձայն՝ սիրիական կառավարական բանակը շարժւել է Հասաքէի հիւսիս՝ թուրքական զինուժի հնարաւոր յարձակումներին դիմակայելու: Ըստ գործակալութեան՝ սիրիական բանակը վերահսկում է 60 կմ. երկարութեամբ տարածք Էլ Աղայբէշից մինչեւ Սաւամի Ալիա եւ դիրքաւորւել է Թել Թամեր բնակավայրի շրջակայքում: Իսկ թուրքական զօրքերը մտել են Ռաս ալ Այնի հարաւային շրջաններ՝ ստեղծելով այնտեղ ամրութիւններ: Սիրիայի կառավարական եւ թուրքական զինուժի միջեւ փոխհրաձգութեան մասին հաղորդումներ չկան, թէեւ նման դէպք եղել է հոկտեմբերի 30-ին Ռաս ալ Այնի արեւելքում:

Հոկտեմբերի 29-ին քրդերն արդէն հեռացել էին 30 կմ. խորութեամբ՝ ըստ ռուս-թուրքական պայմանաւորւածութեան, իսկ նոյեմբերի 1-ին սկսւել էր ռուս-թուրքական առաջին պարեկութիւնը:

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը, անդրադառնալով հարցին, թէ հնարաւո՞ր է քրդական զօրամիաւորումների միանան Բաշշար Ասադի ուժերին՝ թուրքական վտանգի դէմ պայքարելու համար, նշեց, որ հրադադարը հնարաւոր եղաւ մի կողմից թուրք-ամերիկեան, միւս կողմից՝ ռուս-թուրքական բանակցութիւնների շնորհիւ,  եւ ըստ նրա՝ թուրք-սիրիական սահմանը վերահսկելու է  սիրիական բանակը, այսինքն՝ պայմանաւորւածութիւն կայ քրդերի եւ Ասադի միջեւ՝ զիջել դիրքերը կառավարական ուժերին:

«Քրդերի եւ Սիրիայի կառավարութեան միջեւ շատ աւելի գլոբալ բանակցութիւնների մասին տեղեկութիւններ չկան, սակայն կան պայմանաւորւածութիւններ, որոնք ի յայտ կը գան Սիրիայի Սահմանադրական յանձնաժողովի աշխատանքների ժամանակ: Ինչ վերաբերում է քրդերի ինքնավարութեանը, ապա քրդերն արդէն իսկ զրկւել են դրանից հիւսիսում: Իսկ աւելի հարաւ նրանց հետագայ կարգավիճակի հարցը կը քննարկւի վերոնշեալ յանձնաժողովի աշխատանքների ընթացքում: Այսինքն՝ կարող ենք ենթադրել արդէն, որ քրդերը կը զրկւեն սիրիական պատերազմում ձեռք բերած բոլոր նւաճումներից»,- նշեց արաբագէտը:

Մեր հարցին՝  ԱՄՆ-ի վերջին գործողութիւնները (օր., ըստ New York Times-ի, ԱՄՆ-ը 900 զինւոր է թողնելու Սիրիայում) Սիրիայում նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ն իրեն պարտւած է զգում եւ չի ցանկանում ձեռնունայն հեռանալ Սիրիայից՝ հաշւի առնելով նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին, Արմէն Պետրոսեանը պատասխանեց, որ թէեւ դժւար է բոլոր գործողութիւնները կապել մէկը միւսի հետ, այնուհանդերձ, այս ամէնը ցոյց է տալիս թուրք-ամերիկեան յարաբերութիւնների վիճակը: «Ակնյայտ է, որ ԱՄՆ-ը չունի յստակ դիրքորոշում այդ տարածքների վերաբերեալ, սակայն փորձելու է որոշակի դերակատարութիւն ունենալ Սիրիայի առանձին հատւածներում, յատկապէս՝ հարաւում (կապւած իսրայէլական գործօնի հետ) եւ նաւթային գօտիներում»,- յաւելեց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։