Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասն Իրանին կոչ է արել հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին։
«alikonline.ir» - Գերմանիայի ԱԳ նախարար Հայկօ Մաասն Իրանին կոչ է արել հաւատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին. յայտնում է Deutsche Welle-ը։
Անդրադառնալով նախօրէին ուրանի հարստացման արագացման համար նոր սերնդի սենտրիֆուգների ստեղծման մասին Իրանի յայտարարութեանը, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, թէ դա իբր սպառնալիքի տակ է դնում Միջուկային համաձայնագիրը: Նա Իրանին կոչ է արել վերադառնալ գործարքի դրոյթներին:
«Իրանը ստեղծել է շատ առաջադէմ սենտրիֆուգներ, որոնք չեն համապատասխանում համաձայնագրին»,- յայտարարել է Մաասը։
Նշենք, որ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպութեան ղեկավար դոկտ. Ալի Աքբար Սալեհին երէկ՝ նոյեմբերի 4-ին այցելել է Նաթանզի միջուկային կենտրոն: Այցի նախօրէին նա յայտնել էր ուրանի հարստացման գործընթացն արագացնելու նպատակով 30 նոր ցենտրիֆուգների գործարկման մասին: