Հա

Քաղաքական

05/11/2019 - 14:00

Իսրայէլն այլեւս չունի թուրքական արձագանքից վախենալու որեւէ պատճառ. The Jerusalem Post-ի անդրադարձը

Իսրայէլական ամենահեղինակաւար օրաթերթերից The Jerusalem Post-ը յօդւած է հրապարակել, որում անդրադարձել է հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ նշելով, որ Իսրայէլն այլեւս չունի ոչ մի պատճառ վախենալու թուրքական արձագանքից:

«alikonline.ir» - Իսրայէլական ամենահեղինակաւար օրաթերթերից The Jerusalem Post-ը յօդւած է հրապարակել, որում անդրադարձել է հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ նշելով, որ Իսրայէլն այլեւս չունի ոչ մի պատճառ վախենալու թուրքական արձագանքից: Գրում է Yerkir.am-ը:

«Մօտ 105 տարի տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութիւնը: Օսմանեան կայսրութեան հայկական համայնքի ներկայացուցիչները համակարգւած ոչնչացւում էին կառավարութեան հեղինակաւոր ներկայացուցիչների հրամաններով: Աւելի քան 1.5 մլն. հայ սպանւեց կամ ուղարկւեց սիրիական անապատները՝ մահանալու:

... Կայսրութիւնում գերմանացի ռազմական կցորդը դա ներկայացնում էր որպէս «տոտալ ոչնչացում» եւ այլ զեկոյցներում տւել է այդ սարսափների միջով անցածների գրաֆիկական պատկերները: Կանայք վաճառւում էին եւ բռնաբարւում, երեխաները մատնւում սովի: Հայերի կոտորածները նախաբան էին Հոլոկոստի եւ ԴԱԷՇ իրագործած յանցանքների համար, բացումն էին նմանատիպ զանգւածային սպանութիւնների:

Որպէս պետութիւն, որն արթնացել է ցեղասպանութիւնից, Իսրայէլը շատ լաւ գիտի, թէ ինչ է նշանակում լինել փոքրամասնութիւն, որը դարձել է կառավարութեան կողմից կոտորածների եւ համակարգւած սպանութիւնների սուբիեկտ: Ինչպէս հայերը, հրեաները ստիպւած էին ապրել որպէս փոքրամասնութիւն այնպիսի ռեժիմների ներքոյ, ինչպիսին գերմանականը կամ լեհականն էին՝ վայելելով պաշտպանւածութիւն այնքան ժամանակ, քանի դեռ դուրս չէին պետութեան շահերի շրջանակից:

Հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը: Այն մեծամասնութեամբ անցաւ՝ 405 ձայնով, եւ հաստատեց, որ ԱՄՆ-ը կը յիշատակի 20-րդ դարի մեծագոյն չարագործութիւնը: ԱՄՆ-ն այս քայլն արել էր Թուրքիայի հետ յարաբերութիւններում վերջին լարւածութիւնների պատճառով:

Դժբախտաբար, Իսրայէլը նոյն կերպ չի վարւել՝ մեծ մասամբ քաղաքական դրդապատճառներով: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը երկար տարիների քննարկում է, որը կարող էր կտրել Թուրքիայի հետ կապը:

... Այժմ մենք ունենք հրաշալի հնարաւորութիւն ուղղելու սխալները: Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնները երբեւիցէ եղած ամենացածր մակարդակում են: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հրահրել Իսրայէլին՝ հակասեմական ամենաակնառու ձեւով: Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրների, եւ այդպիսով՝ այդ երկրները կարող են յետ կանգնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից, որը Թուրքիայի պատւի հարցն է: Իսրայէլն այլեւս չունի Թուրքիայից վախենալու որեւէ պատճառ: Չեղած ռազմական հակամարտութիւն, կարո՞ղ է այն իրականում աւելի վատանալ:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչող բանաձեւը պատմական ճշմարտութեան եւ արդարութեան քւէ է,- նշել է Կապոյտների եւ սպիտակների համանախագահ Եաիր Լապիդն իր թւիթերեան էջում:- Թուրքիային չի կարելի թոյլ տալ ահաբեկել աշխարհին Ցեղասպանութեան ժխտմամբ: Ես շարունակելու եմ պայքարել Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար»:

«Լիկուդ» կուսակցութեան պատգամաւոր Գիդէոն Սաարը նմանատիպ թւիթ է արել. «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական եւ սկզբունքային դիրքորոշումը 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանութեան զանգւածային սպանութիւնները ճանաչելու վերաբերեալ: Իսրայէլը պէտք է յստակեցնի այս սարսափելի վայրագութեան նկատմամբ իր դիրքորոշումը»:

Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որ Իսրայէլը ճիշտ վարւի»,- գրում է իսրայէլական թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։