Հա

Քաղաքական

11/11/2019 - 09:20

«Չնայած առկայ լարւածութեանը՝ Թրամփը եւ Էրդողանը փորձելու են փոխզիջումների միջոցով պահպանել յարաբերութիւնների այս մակարդակը». թուրքագէտ

Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւնների այս ժամանակաշրջանը կարելի է բնորոշել լարւած, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յարաբերութիւնները լաւ են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Սոնա Սուքիասեանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

«alikonline.ir» - Թուրքիա-ԱՄՆ յարաբերութիւնների այս ժամանակաշրջանը կարելի է բնորոշել լարւած, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յարաբերութիւնները լաւ են: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Սոնա Սուքիասեանը` անդրադառնալով նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպմանը:

«Յարաբերութիւններում եղած լարւածութիւնը վաղուց է առաջացել ու պայմանաւորւած է ոչ միայն Թուրքիայի` Սիրիա ներխուժմամբ, այլեւ դրանից առաջ տեղի ունեցած տարբեր գործօններով, բայց ենթադրութիւնները, թէ այժմ աւելի կը սրւեն յարաբերութիւնները, եւ անգամ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս կը գայ, ինչպէս պնդում են շատերը, իմ կարծիքով, հիմնաւոր չեն»,- ասաց թուրքագէտը:

Նրա խօսքով` երկար ժամանակ քննարկւում էր, որ Էրդողանը պէտք է այցելի ԱՄՆ, եւ հանդիպման օրակարգային հարցերը վաղուց են որոշւած եղել. Սիրիայում ընթացող գործընթացներ, երկու երկրների յարաբերութիւններ, առեւտրային տարբեր ոլորտներում համագործակցութիւն, եւ, առհասարակ, տարածաշրջանային զարգացումներն Արեւելքում: Ըստ Սուքիասեանի`այցին առնչւող ուշագրաւ դէպքեր տեղի ունեցան, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը: 

«Թուրքական մամուլում շատ շրջանառւեց, որ, միգուցէ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումից յետոյ Էրդողանը չեղարկի ԱՄՆ այցը, բայց երկու երկրների ղեկավարներն օրեր առաջ հեռախօսազրոյց ունեցան, որի ընթացքում երկու կողմերն էլ հաստատեցին` հանդիպումը կայանալու է»,- ասաց Սուքիասեանն` ընդգծելով, որ այցի չեղարկման հաւանականութիւնը շատ քիչ էր:

Թուրքագէտի խօսքով` ԱՄՆ-ն եւ Թուրքիան տարբեր ոլորտներում ունեն շատ կարեւոր համագործակցութիւններ, Թուրքիան ՆԱՏՕ-ի հարաւային թեւն է պահպանում, եւ, ինչքան էլ յարաբերութիւնները լարւած լինեն, միեւնոյն է, երկրների ղեկավարները փորձելու են բանակցութիւնների եւ փոխզիջումների միջոցով պահպանել յարաբերութիւնների մակարդակը, ինչպիսին այն կայ: «Չեմ կարծում, որ դրանք կը սրւեն այնքան, որ կը լինի դիւանագիտական յարաբերութիւնների որոշակի դադարեցում»:

Անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման քննարկմանը` թուրքագէտը նշեց, որ բարդ գործ է սպասւում հայկական համայնքի ու այն կառոյցների ներկայացուցիչներին, որոնք զբաղւում են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու գործընթացով:

«Նրանք շատ մեծ աշխատանքներ են տարել, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում յաջողւել է իրականացնել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, բայց Սենատում շատ աւելի լուրջ խնդիրների կարող են բախւել, որովհետեւ այնտեղ սենատորներից մէկը կարող է պարզապէս վետոյի իրաւունք կիրառել, եւ բանաձևը չընդունւի: Դրան գումարւում է նաեւ այն, որ Սենատի անդամների մեծամասնութիւնը հանրապետականներ են, վերջիններիս առաջնորդը Դոնալդ Թրամփն է, իսկ Թրամփ-Էրդողան յարաբերութիւնները, կրկնում եմ, բաւականին լաւ մակարդակի վրայ են»,- պարզաբանեց թուրքագէտը` ընդգծելով նաեւ, որ, եթէ անգամ Սենատն ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ, այն որեւէ իրաւական հիմք չի ունենայ:

«Թէ Ներկայացուցիչների պալատում ընդունւած բանաձեւը, թէ՛ այն փաստաթուղթը, որը քննարկւելու է Սենատում, ինչ-որ խորհրդատւական բնոյթի տեքստեր են, որոնք որեւէ իրաւական հիմք չունեն, եւ, հետևաբար, նոյնիսկ եթէ Սենատում էլ ընդունւի նմանատիպ բանաձեւ, միեւնոյն է, դա որեւէ կերպ չի պարտադրելու ԱՄՆ նախագահին` ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, արտաբերել այդ տերմինն ու միջազգային հարթութեան վրայ դնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը»,- ամփոփեց Սոնա Սուքիասեանը:

Աւելի ուշ`հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումն, ըստ որոշ փորձագէտների, պայմանաւորւած էր նաեւ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների լարմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։