Հա

Քաղաքական

12/11/2019 - 12:40

Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում

Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ:

«alikonline.ir» - Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ: Իրար հակասող յայտարարութիւններ է անում նաեւ Էրդողանը. BBC-ին հաղորդում է, որ Էրդողանը նետել է Թրամփի՝ իրեն ուղղւած նամակը, որում պահանջւում էր դադարեցնել ռազմական գործողութիւնները, մի քանի օր անց էլ Էրդողանը յայտարարում է, որ Թրամփը շատ անկեղծ եւ ազնիվւ է իր նկատմամբ:

Թէ ինչ պէտք է քննարկւի հանդիպման ժամանակ՝ դժւար չէ կռահել: Վերջին մէկ ամսւայ ընթացքում թուրք-ամերիկեան յարաբերութիւններում առաջացել են մի շարք խոտաններ՝ սիրիկան, քրդական խնդիրներ, ամերիկեան պատժամիջոցներ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից եւ այլն: Բացի այդ, կան նաեւ աւելի վաղ ծագած հարցեր՝ S-400 ՀՕՊ համակարգերի գնումը Ռուսաստանից՝ ամերիկեան «Պատրիոտ» համակարգերի փոխարէն, «Ինջիրլիք» ռազմաբազայի հարցը, ամերիկեան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի հեռացումը եւ այլն:

«Մենք կը քննարկենք մեր երկկողմ յարաբերութիւնները եւ տարածաշրջանային դրութիւնը: S-400, Պատրիոտ, F-35. անշուշտ դրանք նոյնպէս օրակարգի հարց են: Մենք պատրաստ ենք գնել Պատրիոտները, թող մեզ առաջարկեն եւ մենք կը գնահատենք: Մեր նպատակը առեւտրաշրջանառութիւնը 100 մլրդ. հասցնելն է: Քննարկւելու են նաեւ ռազմական արդիւնաբերութեանն ուղղւած քայլերը»,- նշել է Էրդողանը:

Նախքան ԱՄՆ այցելութիւնը տւած մամլոյ ասուլիսի ժամանակ Էրդողանը նաեւ յայտարարեց, որ կրօնական առաջնորդ Ֆեթուլլահ Գիւլէնի արտայանձնման հարցը նոյնպէս լինելու է առաջնային հարցերից մէկը:

Կասկածից վեր է նաեւ, որ Թրամփ-Էրդողան հանդիպման առանցքային հարցերից մէկը կը լինի նաեւ Հայոց Ցեղասպանութեան հարցը: Էրդողանը կը գնայ ամէն քայլի, որպէսզի հանրապետական մեծամասնութիւն ունեցող Սենատում կանխի Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը: Yerkir.am-ը աւելի վաղ յայտնել էր, որ, ըստ Bloomberg-ի, Թրամփի վարչակազմից ոմն բարձրաստիճան պաշտօնեայ յայտնում է, որ վարչակազմը դէմ է Թուրքիայի դէմ կիրառւելիք պատժամիջոցներին եւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը: Դատելով Թրամփի վարչակազմի՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում ոչ հայամէտ դիրքորոշումը, չի բացառւում, որ այս հարցում ԱՄՆ ղեկավարութիւնը եւս շարունակի նախորդների մօտեցումները:

Ինչպէս արդէն նշել ենք, ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը պատրաստւում է բողոքի ակցիա կազմակերպել Վաշինգտոնում՝ Էրդողանի այցի հետ կապւած, որն արդէն պէտք է պայքարի ոչ միայն հակահայկական, թուրքական լոբբինգի, այլ նաեւ Թրամփի վարչակազմի դէմ, որը յամառօրէն շարունակում է պրոթուրքական վարքագիծ որդեգրել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։