Հա

Քաղաքական

14/11/2019 - 10:30

Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը յայտարարել է, որ արգելափակել է աւելի քան մէկ դար առաջ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը Սենատի կողմից:

«alikonline.ir» - Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը յայտարարել է, որ արգելափակել է աւելի քան մէկ դար առաջ Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի ընդունումը Սենատի կողմից, ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է The Hill պարբերականը:

Սենատորն օգտւել է այն կանոնից, որի համաձայն՝ մէկ սենատոր հնարաւորութիւն ունի արգելափակելու բանաձեւի ընդունումն ամբողջ պալատի կողմից:

«Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ խօսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախւում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողութիւնների պատճառով: Ես յոյս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- յայտարարել է Գրահամը Սենատի նիստի ընթացքում, որ հեռարձակւում էր հեռուստատեսութեամբ:

Գրահամը մանրամասնել է նաեւ, որ սենատորները «չպէտք է «գոյներ հաղորդեն» կամ վերաշարադրեն պատմութիւնը»:

Նիստի ընթացքում բանաձեւի ընդունման առաջակութեամբ է հանդէս եկել Սենատի միջազգային յարաբերութիւնների կոմիտէի դեմոկրատ անդամ Ռոբերտ Մենենդեսը:

«ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը պէտք է ազնւօրէն արտացոլի մարդու իրաւունքների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների խախտումները, ինչպէս նաեւ էթնիկ զտումներն ու ցեղասպանութիւնը»,- յայտարարել է Մենենդեսը:

Աւելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտատարութիւն էր տարածել առ այն, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ստւերում է թուրք-ամերիկեան յարաբերութիւնները:

Յիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում ձայների մեծամասնութեամբ ընդունել էր Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը։ Այն ընդունւել էր 405 կողմ, 10 դէմ, 3 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։