Հա

Քաղաքական

14/11/2019 - 11:30

Նա արժանի չէր Սպիտակ տան ընդունելութեանը. բողոքի ցոյց է անցկացւել ընդդէմ Էրդողանի այցի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, յունական ու հայկական կառոյցները բարձրաձայնել են ընդդէմ այս այցի՝ բողոքի ցոյց անցկացնելով Սպիտակ տան մօտ:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, յունական ու հայկական կառոյցները բարձրաձայնել են ընդդէմ այս այցի՝ բողոքի ցոյց անցկացնելով Սպիտակ տան մօտ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Վաշինգտոն ուղեկցւում էր Սպիտակ տան մօտ Լաֆայետի պուրակում բողոքի ցոյցով: ԱՄՆ ու Թուրքիայի նախագահների բանակցութիւնների ողջ ընթացքում հնչում էին կոչեր ընդդէմ Թուրքիայի քաղաքականութեան, Էրդողանի այցի եւ նրա ընդունելութեանը Սպիտակ տանը:

«Էրդողանին մեծ պատւով են դիմաւորել Սպիտակ տանը: Այս մակարդակի ընդունելութեան պատիւը նա չէր վաստակել եւ արժանի չէր: Մենք մտահոգւած ենք այս առիթով»,- նշել է Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

«Հիասթափւած եմ, որ նման գործչին, ով վերջին տարիներին բազմիցս ոտնահարել է ամերիկեան արժէքները եւ շահերը, ու պատասխանատու է ամերիկացիներին ծեծի ենթարկելու համար հէնց ամերիկեան հողի վրայ, արժանացնում են կարմիր գորգին Սպիտակ տանը»,- ասել է յունական Hellenic American Leadership Council (HALC) կազմակերպութեան գործադիր տնօրէն Էնդի Զեմենիդոսը:

Արամ Համբարեանը կարեւորում է բողոքի ցոյցի անցկացումը, որը միասնական ուղերձ է ամերիկեան քաղաքական վերնախաւին թուրքական քաղաքականութեան վերանայման համար: Նա վստահ է՝ Թուրքիայի նկատմամբ քաղաքականութիւնը փոխւում է եւ մատնանշում հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը:

ԱՄՆ նախագահի հետ համատեղ մամլոյ ասուլիսին այս բանաձեւի մասին խօսել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով փաստաթուղթը բնութագրել է որպէս վիրաւորանք թուրք ազգին: Նրա կարծիքով՝ այս բանաձեւը վնասում է թուրք-ամերիկեան յարաբերութիւններին, եւ նա յոյս ունի, որ ԱՄՆ Սենատի անդամները չեն աջակցի այս պահին Սենատում շրջանառւող Հայոց Ցեղասպանութեան մասին նմանատիպ բանաձեւը:

Քրդական «Յանուն Ռոջեմի արտակարգ յանձնախմբի» ղեկավար Օսլեմ Գոնարը եւս դատապարտում է Էրդողանի այցը Վաշինգտոն եւ Սպիտակ տանը նրան պատւով ընդունելու փաստը: Նա քննադատում է ԱՄՆ-ին ու Թուրքիային փակ դռների յետեւում առանց քրդերի մասնակցութեան վերջիններիս ճակատագրի շուրջ բանակցելու համար:

Օրւայ երկրորդ կէսին բողոքի ցոյցի մասնակիցների մի խումբ հաւաքւեց Թուրքիայի դեսպանի նստավայրի մօտ գտնւող Շերիդան Սըրքլ օղակաձեւ ճանապարհի տարածքում, որտեղ 2017 թւականի մայիսին նախագահ Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի նախագահի անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներն ու նրա կողմնակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանական ցոյցի մասնակիցներին: Արամ Համբարեանը յիշեցրեց, որ Էրդողանը որեւէ պատասխանատւութիւն այդպէս էլ չկրեց միջադէպի համար, եւ այս հարցում, ըստ նրա, իր մեղքի բաժինն ունի նախագահ Թրամփը:

«Որպէս ԱՄՆ նախագահ՝ նա պարտաւոր է յարգել եւ պաշտպանել մայրաքաղաք Վաշինգտոնում առանց վախի ազատ արտայայտւելու ամերիկացիների իրաւունքը»,- ընդգծել է Համբարեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։