Հա

Քաղաքական

16/11/2019 - 09:10

«ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցաւ հերթական գործարքը, որով խոչընդոտւեց պատմական արդարութեան ճանաչման ընթացքը». թուրքագէտ

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

«alikonline.ir» - Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ի երեկոյեան տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումից յետոյ ամերիկացի սենատոր Լինդսի Գրահամը արգելք էր դրել Սենատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի վրայ, թէեւ հոկտեմբերի 27-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ էր ընդունել:

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ սպասելի էր, որ Հայոց Ցեղասպանութեան թեմայի հետագայ ընթացքն արդէն պէտք է կախւած լինէր անդրկուլիսեան բանակցութիւններից, որի գագաթնակէտը եղաւ Թրամփի եւ Էրդողանի հանդիպումը՝  սենատոր Լինդսի Գրահամի մասնակցութեամբ, որը Էրդողանի հետ հանդիպումից յետոյ գնացել եւ Սենատում վետօ էր դրել  բանաձեւի վրայ:

«Ակնյայտ է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք են բերւել պայմանաւորւածութիւններ եւ, յենւելով այդ պայմանաւորւածութիւնների վրայ ու հաշւի առնելով Թուրքիայի կարեւորութիւնը ԱՄՆ ռազմավարական ծրագրերի համար Մերձաւոր Արեւելքում ու Սիրիայում, Սպիտակ տունը, Գրահամի միջոցով, որը համարւում է Թրամփի ամենամտերիմ սենատորներից մէկը, կանգնեցրեց հետագայ ընթացքը: Այսինքն՝ հերթական գործարքը տեղի ունեցաւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ, որով էլ խոչընդոտւեց պատմական արդարութեան եւ բարոյականութեան վրայ հիմնւած այս բանաձեւի հետագայ ընթացքը»,- նշեց թուրքագէտը:

Ըստ Սաֆրաստեանի՝ հանդիպման ընթացքում քննարկւած ամենակարեւոր հարցերից էր ամերիկա-թուրքական յարաբերութիւնների ամենաթէժ թեմաներից մէկը՝ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման եւ տեղակայման խնդիրը, որը կողմերը թողեցին իրենց ներկայացուցիչների քննարկմանը, եւ հանդիպումից յետոյ Էրդողանը յայտարարել էր, որ ԱՄՆ-ը համաձայնել է վաճառել «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը:

Յիշեցնենք, որ ռուսական S-400-ները սկսել են Թուրքիա մատակարարւել այս տարւայ յուլիսի 11-ից: Դրանից առաջ Թուրքիան բազմիցս ցանկութիւն էր յայտնել ԱՄՆ-ից գնել «Պատրիոտ» համակարգերը, սակայն մերժում էր ստանում, որից յետոյ Ռուսաստանի հետ ձեռք բերեց համաձայնութիւն S-400-ների գնման վերաբերեալ, որոնք, ի տարբերութիւն ամերիկեանի, իրենց մարտաւարական-տեխնիկական բնութագրերով աւելի զարգացած են եւ, որ ամենակարեւորն է, աւելի էժան: Թուրքիան դրանից յետոյ ենթարկւեց քննադատութիւնների ԱՄՆ-ի կողմից, եւ մի շարք պատժամիջոցների փաթեթներ ընդունւեցին Թուրքիայի դէմ: Պէտք է նաեւ յաւելել, որ Դոնալդ Թրամփը բազմիցս յայտարարել է, որ չի մեղադրում Թուրքիային S-400-ների գնման համար, քանի որ իր նախորդի՝ Բարաք Օբամայի վարչակազմը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային «Պատրիոտ»-ներ չի վաճառել, որն էլ, սեփական անվտանգութեան նկատառումներով, դիմել է Ռուսաստանին:

Անդրադառնալով քրդական հարցին, որը քննարկւել է հանդիպման ժամանակ, Սաֆրաստեանը նշեց, որ ԱՄՆ-ը չի պատրաստւում հեռանալ նաւթով հարուստ շրջաններից, որոնք ամսական 30 մլն. դոլարի օգուտ են տալիս: Այդ գումարը, ըստ ամերիկացիների, գնում է քրդերի օգնութեանը:

«Թուրքերը եւ ամերիկացիները եկել են համաձայնութեան, որ պէտք է հնարաւորինս քրդերին հեռացնել թուրք-սիրիական սահմանից, որը թուրքերի պահանջն է, եւ տեղափոխել նաւթերով հարուստ շրջաններ: ԱՄՆ-ը դրան կողմ է, քանի որ դա հնարաւորութիւն կը տայ, որ, երբ Սիրիայում իրական գործընթացը սկսւի, այստեղ քրդերի միջոցով ստեղծի ինքնավար միաւորում, որը հնարաւորութիւն կը տայ օգտագործելու նաւթահանքերը»,- նշեց Ռուբէն Սաֆրաստեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։