Քաղաքական գործընթացներն Ադրբեջանում կարող են վկայել կառավարող կուսակցութեան պառակտման մասին։ Իլհամ Ալիեւը դա շատ վտանգաւոր է համարում եւ, հաւանաբար, պատրաստւում է ինչ-որ քաղաքական բարեփոխումների։
«alikonline.ir» - Քաղաքական գործընթացներն Ադրբեջանում կարող են վկայել կառավարող կուսակցութեան պառակտման մասին։ Իլհամ Ալիեւը դա շատ վտանգաւոր է համարում եւ, հաւանաբար, պատրաստւում է ինչ-որ քաղաքական բարեփոխումների։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում դեկտեմբերի 2-ին ասաց քաղաքագէտ, Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը։
Նրա խօսքով՝ մեջլիսը ընդդիմադիր է Ալիեւին, ինչը խանգարում է նրան որոշակի բարեփոխումներ կատարել, եւ այդ պայմաններում շատ կարեւոր է ունենալ Մոսկւայի աջակցութիւնը որեւէ անկանխատեսելի հանգամանքների պարագայում, քանի որ դիմելու այլ տեղ չկայ՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան ինքն է գտնւում ծանր դրութեան մէջ։
«Նկատի ունենալով նաեւ Արեւմուտքի քննադատութիւնը աւտորիտարիզմի պատճառով՝ Ալիեւը փորձում է ստեղծել իր քաղաքական իմիջը, բայց նրա գործողութիւնների սցենարն առայժմ ակնյայտ չէ»,- աւելացրել է նա։
Փորձագէտը նշել է, որ Մեհրիբան Ալիեւան, ի տարբերութիւն Անդրկովկասի միւս նշանաւոր կին քաղաքական գործիչների, ի տարբերութիւն այդ նոյն Զուրաբիշւիլու (Վրաստանի նախագահ- խմբ.), աւելի փորձառու է, ցինիկ, կարող է կտրուկ հակառուսական յայտարարութիւններ անել, իսկ յետոյ փոխել տեսակէտը։
«Բացի այդ, նա մի ինչ-որ բարեգործական գործունէութիւն է վարում։ Նրա հետ կարող է անգամ կապւած լինել ղարաբաղեան հակամարտութեան որոշ կարգաւորումը, օրինակ՝ նա կարող է հրաժարւել Հայաստանի հետ տեղեկատւական պատերազմից, կարող է ճանաչել հայերի աւանդը Ադրբեջանի, Բաքւի նաւթային ճիւղի, մշակոյթի կայացման գործում։ Բայց Ալիեւային իշխանութիւն յանձնելու պայմանները դեռ չեն հասունացել։ Հաւանաբար, պէտք է տեղի ունենան ինչ-որ գործընթացներ, որոնցում նա պէտք է դրսեւորի իրեն։ Չի բացառւում, որ նա լոկ ծածկոյթ է եւ արդիւնքում՝ կառաջադրւի այլ թեկնածութիւն։ Բայց ակնյայտ է, որ չորրորդ անգամ Ալիեւին շատ դժւար կը լինի առաջադրւել»,- եզրափակել է Տարասովը։
Յիշեցնենք, որ Ադրբեջանի մեջլիսը դեկտեմբերի 2-ին յատուկ նիստում յայտարարել էր ինքնալուծարման մասին։
Նոյեմբերին տեղի է ունեցել Ադրբեջանի փոխնախագահ, երկրի նախագահ Իլհամ Ալիեւի տիկին Մեհրիբան Ալիեւայի այցը Մոսկւա։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհւել է Բարեկամութեան շքանշան ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։