Հա

Քաղաքական

04/12/2019 - 12:10

«Անհնար կը լինէր պատկերացնել, որ Գերմանիան լինէր ՆԱՏՕ-ի մաս՝ չճանաչելով Հոլոկոստը». Delfi

Լիտւացի քաղաքական մեկնաբան, լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը Delfi պարբերականում հրապարակւած իր յօդւածում անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեանը, Թուրքիայի՝ որպէս ՆԱՏՕ-ի անդամ անհամատեղելիութեանը, Թուրքիայում մարդու իրաւունքների ոտնահարումներին եւ շատ այլ հարցրերի։

«alikonline.ir» - Լիտւացի քաղաքական մեկնաբան, լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը Delfi պարբերականում հրապարակւած իր յօդւածում անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեանը, Թուրքիայի՝ որպէս ՆԱՏՕ-ի անդամ անհամատեղելիութեանը, Թուրքիայում մարդու իրաւունքների ոտնահարումներին եւ շատ այլ հարցրերի։ Գրում է Panorama.am-ը:

«Անհնար կը լինէր պատկերացնել, որ Գերմանիան լինէր ՆԱՏՕ-ի մաս, եթէ նա չճանաչէր նացիստական յանցագործութիւնները՝ ներառեալ Հոլոկոստը: Այնուամենայնիւ, Թուրքիան, որը չի պատրաստւում խոստովանել, որ ցեղասպանութիւն է իրականացրել քրիստոնեայ ժողովուրդների՝ հայերի, ասորիների եւ յոյների դէմ, ՆԱՏՕ-ի անդամ է:

Հիւսիսատլանտեան պայմանագրի նախաբանում ասւում է, որ պայմանագրի կողմերը «վճռական են պաշտպանելու իրենց ժողովուրդների ազատութիւնը, ընդհանուր ժառանգութիւնը եւ քաղաքակրթութիւնը, որոնք հիմնւած են ժողովրդավարութեան, անհատական ազատութեան եւ օրէնքի գերակայութեան վրայ»:

Վերոնշեալ սկզբունքներից ո՞րն է պահպանում Թուրքիան: Արդեօ՞ք դա նրան յաջողւում է: Ինչպէ՞ս կարելի է պահպանել այն քաղաքակրթութիւնը, որին նա չի պատկանում կամ պահպանել, այն սկզբունքները, որոնց այդ երկրում հազիւ են հետեւում:

Եթէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է պարզապէս ունենալ ուժեղ բանակ, առերեւոյթ ժողովրդավարութիւն եւ արեւմտեան երկրների հետ որոշ ընդհանուր շահեր, ապա ինչպէ՞ս է պատահել, որ  Ռուսաստանը դեռ ՆԱՏՕ-ի մաս չէ:

Ոմանք կարող են ասել, որ Ռուսաստանը խախտում է անձեռնմխելիութեան սկզբունքները Հարաւային Օսիայում եւ Ուկրայինայում, այնուամենայնիւ, ՆԱՏՕ-ի երկրների համար սա, կարծես, այլեւս անյաղթահարելի բարոյական եւ իրաւական խնդիր չէ 1974 թւականից յետոյ, երբ թուրքական զօրքերն օկուպացրեցին Հիւսիսային Կիպրոսը:

Այժմ Թուրքիան նաեւ հնարաւորինս օկուպացնում է Սիրիայի տարածքը, Ռուսաստանի հետ բանակցութիւններ է վարում նաեւ պարեկային գօտիների համար:

Իսկ ի՞նչ կասէք սպառազինութեան եւ ռազմական համատեղելիութեան խնդրին: Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելուց եւ SU-57 կործանիչներ գնելու հարցը դիտարկելուց յետոյ, այլեւս, կարծես թէ, Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրւելու հարցը լուրջ խոչընդոտ չէ: Ակնյայտ է, որ սպառազինութիւնների եւ թուրքերի միջոցով իրականացւող անուղղակի ինտեգրումն արդէն ընթանում է:

Ռուսական իշխանութիւնները չեն ճանաչում խորհրդային յանցագործութիւնները եւ արդարացնում են Ստալինի վայրագութիւնները: Թուրքիան միանգամայն նոյնն է անում՝ չընդունելով, որ ծրագրել եւ իրագործել է հայկական, ասորական եւ յունական ցեղասպանութիւնները` ուղղորդւած զանգւածային սպանութիւններով, խոշտանգումներով եւ անապատային աքսորներով: Աւելին, թուրքական օրէնսդրութիւնը թոյլ է տալիս քրէական հետապնդում իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր հաստատում են թուրքերի կողմից իրականացւած ցեղասպանութիւնները` պնդելով, որ դա վիրաւորում է թուրք ժողովրդին: Սա շատ նման է Վլադիմիր Պուտինի ռուսական օրէնքին եւ այդ երկրի պատմութեան գաղափարական քարոզչութեանը:

Թուրքիայում քրիստոնեայ ժողովուրդների ցեղասպանութիւնը` դաժանութեան, կտտանքների եւ գաղափարական արդարացման առումով, շատ նման է նացիստների կողմից իրականացւած հրէական Հոլոկոստին: Օրինակ՝ Օսմանեան կայսրութիւնում մեծ համբաւ ունեցող բժիշկ Մեհմեդ Ռեշիդը յայտնի էր նրանով, որ հայերին վերաբերւում էր որպէս երկրորդ կարգի մարդկանց՝ նրանց ստորադասելով, իր կարծիքով, աւելի առաջադէմ մահմեդականներից: Նա հրամայում էր պայտել հայ աքսորեալներին, որպէսզի աւելի զւարճալի լինի աքսորի ճանապարհին նրանց նայելը: Նա նաեւ սիրում էր խաչել նրանց՝ հաշւի առնելով հայկական կրօնը: 1978-ին, Թուրքիայում, ՆԱՏՕ-ի անդամ երկրում, հրատարակւեց հանրագիտարան, որը նկարագրում է Մեհմեդ Ռեշիդին որպէս «մեծ հայրենասէր»:

Իրենց նացիստական ապագայ գործընկերների նման, թուրք բժիշկները դաժան փորձեր էին իրականացնում «երկրորդ կարգի» մարդկանց վրայ: Օրինակ՝ հայերին ներարկում էին տիֆի տենդով հիւանդների արիւն՝ դրա դէմ պատւաստանիւթ որոնելու համար: Վերոնշեալ փորձարկումներով յայտնի բժշկի համար Ստամբուլում նոյնիսկ թանգարան է կառուցւել, նա համարւում է թուրքական մանրէաբանութեան հայրը:

Տրապիզոնի առողջապահութեան վարչութեան պետ Ալի Սաիբը ջանասիրաբար կատարել է իր մասնագիտական պարտականութիւնը՝ ստիպելով յղի հայ կանանց եւ երեխաներին թոյն խմել, իսկ հրաժարւելու դէպքում նրանց խեղդում էին ծովում: Սաիբը սիրում էր մորֆինի մահացու չափաբաժին ներարկել հայ աքսորեալներին, որոնք հրաշքով փրկւել էին անապատի միջով անցած աղէտալի ճանապարհորդութիւնից: Նա նաեւ երեխաներին սպանում էր շարժական տաք գոլորշու լոգանքներում:

Այժմ Թուրքիայում փողոցներն ու նշանակալից հասարակական վայրերը կոչւում են ցեղասպանութեան կազմակերպիչների անուններով `Թալէաթ, Ջեմալ, Էնւեր: Հետաքրքիր կը լինէր, եթէ ՆԱՏՕ-ի մէկ այլ անդամ՝ Գերմանիան, փողոցներ անւանէր, օրինակ՝ Հիմլերի անունով:

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցութեան հիմնական խնդիրն այն չէ, որ այն արգելափակում է մերձբալթեան պաշտպանական ծրագրերը, գնում է ռուսական S-400-ը` հրաժարւելով ամերիկեան սպառազինութիւնից, աջակցում է ԴԱԷՇ-ի եւ «Ջաբհաթ ալ Նուսրա»-ի մարտիկներին, օկուպացնում Սիրիայի տարածքները, որտեղ իր արաբական դաշնակիցների հետ միասին ոչնչացնում է քրիստոնէական համայնքների մնացորդները Փոքր Ասիայում: Հիմնական խնդիրն այն չէ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եւրոպայում տեսնում է ժողովրդագրական եւ մշակութային վերածնւած Օսմանեան կայսրութիւն, որտեղ բարձր ծնելիութեամբ թուրք բնակչութիւնը կը կարողանայ պարտադրել սեփական կանոնները: Թուրքիայի՝ որպէս ՆԱՏՕ-ի անդամ հիմնական խնդիրը չի կայանում նրա գործողութիւնների, նպատակների, քաղաքական եւ սոցիալական իրողութիւնների կամ Արեւմուտքի նկատմամբ նրա վերաբերմունքի մէջ (այս մօտեցումն ամենեւին չպէտք է զարմացնի դարեր անց) Խնդիրն այստեղ ոչ թէ թուրքական մօտեցումն է, այլ՝ արեւմտեանը:

Ցեղասպանագէտների միջազգային ասոցիացիայի կողմից պաշտօնապէս ճանաչւել է Թուրքիայի քրիստոնեաների` հայերի (սպանւել է առնւազն 1.5 միլիոն մարդ), յոյների (սպանւել է մօտ 750.000 մարդ) եւ ասորիների (մօտ 300.000 զոհ) ցեղասպանութիւնները:

Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչւել է նաեւ Եւրոխորհրդարանի, Եւրոպայի խորհրդի եւ, վերջերս՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից: Այն ճանաչւել է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների՝ ներառեալ Լիտւայի կողմից: Շւէյցարիայում, Սլովակիայում, Յունաստանում եւ Կիպրոսում քրէական հետապնդում է նախատեսւած Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար: Սլովակիան եւ Յունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են, ճիշտ այնպէս, ինչպէս Թուրքիան, որը յամառօրէն ժխտում է ցեղասպանութիւնը: Դա մի տեսակ ֆանտազմագորիա է: Դեռ կարծո՞ւմ էք, որ վերոյիշեալ երկրները պատկանում են ընդհանուր քաղաքակրթութեանը, ընդհանուր ժառանգութեանը եւ ընդհանուր սկզբունքներին:

Ինչ վերաբերում է այս իրավիճակին, ապա Թուրքիան եւ իր դաշնակիցները դեռեւս առանձնակի խնդիրների չեն բախւում: Շատերն անգամ ուրախանում են եւ, ըստ երեւոյթին, հպարտանում նման դաշնակից ունենալու ընդհանուր (ներիր ինձ, Տէր) ժառանգութեամբ:

Ճիշտ է, որ Թուրքիան Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կարեւոր հակակշիռ էր եւ պէտք է ենթադրել, որ Թուրքիան դեռեւս չի մտել Եւրոմիութիւն ոչ առանց պատճառների:

Կար ժամանակ, որ յոյս կար, որ Թուրքիայում իրավիճակը կը բարելաււի: Փոխարէնը, այն աւելի վատացաւ: Եւ այսպէս, ինչքան հեռու է այն գնում, այնքան աւելի դժւար է դառնում բացատրել եւ արդարացնել խորացող արժէքային անջրպետը:

Հաշտարար մօտեցումը շարունակելը նոյնիսկ աւելի կեղծաւոր կը լինէր, քան մինչ այժմ լռութիւնը ցեղասպանութեան խնդրի շուրջ, սելեկտիւ ամնեզիան, չխօսելն այն մասին, թէ ինչը կարող է անյարմարութիւն պատճառել կամ անօգուտ է թուրք ընկերների համար, մեղմ ասած, պատիւ չի բերում նրանց: Նման մօտեցումը մասամբ համընկնում է 1939-ին Ադոլֆ Հիտլերի ասածի հետ, երբ նա կիսւեց լեհերին ոչնչացնելու իր ծրագրերով. «Ի վերջոյ, ո՞վ է այսօր յիշում հայերի ոչնչացման մասին»: Այլ կերպ ասած` ոչ ոքի չի հետաքրքրում: Իսկ նրանք, ովքեր պաշտպանում են արեւմտեան արժէքները, միթէ՞ չպէտք է մտածեն նաեւ դրա մասին»,- ասւում է յօդւածում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։