Հա

Քաղաքական

08/12/2019 - 13:50

Ադրբեջանում նախաձեռնւած «սպիտակ յեղափոխութեան» հնարաւոր նպատակները

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցութեան քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունւել՝ հանդէս գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկութեամբ: Նման որոշումը հիմնաւորւել էր «նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկայ կազմը չի համապատասխանում պետութեան ղեկավարի վարած քաղաքականութեանը եւ փաստացի չի մասնակցում երկրում իրականացւող բարեփոխումներին:

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցութեան քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունւել՝ հանդէս գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկութեամբ: Նման որոշումը հիմնաւորւել էր «նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկայ կազմը չի համապատասխանում պետութեան ղեկավարի վարած քաղաքականութեանը եւ փաստացի չի մասնակցում երկրում իրականացւող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին Միլլի Մեջլիսն ընդունել էր խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու վերաբերեալ Ադրբեջանի նախագահին ուղղւած դիմումը: Նախագահը դիտարկել է նամակը եւ խորհրդարանը լուծարելու վերաբերեալ հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի պլենումը հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրութեանը, որից յետոյ՝ դեկտեմբերի 5-ին, նախագահ Ալիեւը խորհրդարանի արձակման եւ արտահերթ ընտրութիւնների անցկացման վերաբերեալ հրամանագիր է ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները նշանակւել են 2020 թ. փետրւարի 9-ին: Հարկ է յիշեցնել, որ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրութիւնների անցկացումը նախանշւած էր 2020 թ. նոյեմբերին:

Նախ եւ առաջ պէտք է հաւաստել, որ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների կազմակերպման անակնկալ եւ հապճեպ գործընթացն իր ձեւով, նաեւ բովանդակութեամբ որոշակիօրէն յիշեցնում է 2018 թ․ Ադրբեջանի նախագահի ընտրութիւնների սցենարը, որի միջոցով իշխանութիւնը ձգտում է հնարաւորինս սահմանափակել ընդդիմութեան հնարաւորութիւնները։ Կասկածից վեր է, որ ընտրութիւնների՝ նախանշւած ժամկէտից մի քանի ամիս առաջ եւ հապճեպ անցկացմամբ, առանց այն էլ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, նաեւ տեխնիկապէս զրկւելով հաւուր պատշաճի քւէարկութեանը նախապատրաստւելու հնարաւորութիւնից, արձանագրելու են սպասւածից ցածր արդիւնքներ։

Այս պայմաններում ընդդիմութեան շրջանում առարկայական քննարկումներ են ծաւալւել՝ ընտրութիւններին մասնակցելու հարցի առնչութեամբ: Գերակշռում է այն դիրքորոշումը, որ իշխանութիւնները հնարաւոր ամէն բան անելու են ընտրութիւնները կեղծելու եւ իրենց անվիճելի յաղթանակն ապահովելու համար: Բայց եւ այնպէս, ցայժմ հնչած տեսակէտների համաձայն՝ ընդդիմութեան գործելաոճի հետ կապւած միասնական մօտեցում չի արձանագրւել: Որպէս օրինակ՝ ընդդիմադիր «Ժողճակատ» եւ «Մուսաւաթ» կուսակցութիւններն ընտրութիւններին իրենց հնարաւոր մասնակցութիւնը պայմանաւորում են իշխանութիւնների կողմից ընտրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտութեամբ, մինչդեռ «ՌԷԱԼ» («Հանրապետական այլընտրանք կուսակցութիւն») դիրքորոշումն առաւելապէս ընտրութիւններին ակտիւ մասնակցութեան ապահովման օգտին է:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում այս զարգացումները դիտարկւում են որպէս վերջին շրջանում իշխող վարչակարգի ինքնամաքրման եւ արդիականացման գործընթացի տրամաբանական շարունակութիւն: Ասել է, թէ՝ նոր խորհրդարանի ձեւաւորման քայլը եւս հիմնականում մեկնաբանւում է իշխանութեան վերարտադրման եւ կլանային պայքարի հարթութիւններում, համաձայն որի՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի դէմքով հանդէս եկող «Փաշաեւների» կլանը վստահ յաղթանակ է արձանագրում առաւել պահպանողական «Նախիջեւանեան» եւ «ԵրԱզների» (Հայաստանում ծնւած, այնուհետեւ Ադրբեջան տեղափոխւած ադրբեջանցիների) կլանների նկատմամբ, որի վերջնարդիւնքն է լինելու երկրի ամբողջական իշխանութիւնը Ալիեւայի ձեռքին կենտրոնացնելը:

Բացի վերոնշեալից, այդուհանդերձ պէտք է փաստել, որ Ալիեւի գլխաւորած կլանային վարչախումբը բաւական զգուշաւոր է, լուրջ անհանգստութիւն ունի սեփական անվտանգութեան առումով յատկապէս վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղ գտած տարաբնոյթ բողոքի գործողութիւնների, հասարակական համընդհանուր դժգոհութիւնների ֆոնին։ Հետեւաբար, երկրի իշխանութեան բոլոր թեւերում իրականացւող արդիականացման գործընթացը կարելի է բնութագրել նաեւ՝ որպէս իշխանութիւնների կողմից նախաձեռնւած, այսպէս կոչւած, «սպիտակ յեղափոխութեան» փորձ: Բաքւի վարչակարգը, իրաւացիօրէն, լուրջ մտավախութիւն ունի, որ ժամանակակից աշխարհում բաւական թրենդային քաղաքական եւ քաղաքացիական շարժումները, որոնք բառի ուղիղ իմաստով մօտենում են նաեւ Ադրբեջանին, պարբերաբար դրսեւորւում են նաեւ այդ երկրի տարածքում, մի օր որեւէ պատճառով, որեւէ առիթով աւելի մեծ ալիք են ստանալու, որին դիմագրաւելու միակ արդիւնաւէտ ճանապարհը զանգւածային ուժի կիրառումն է լինելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու իրաւական հիմնաւորում՝ դիցուք խորհրդարանական ընտրութիւնների շատ կանխատեսելի արդիւնքները, որոնք փաստացի արձանագրելու են ընդդիմադիր քաղաքական ուժերի ժողովրդականութեան գրեթէ զրոյական մակարդակն ադրբեջանական հասարակութեան շրջանում։

Վերոնշեալի համատեքստում, այնուամենայնիւ, պէտք է փաստել, որ առնւազն վերջին երեք դէպքերում՝ Լիբանանում, Իրաքում, անգամ Իրանում բողոքի գործողութիւնների քաղաքական բաղադրիչը յստակ կերպով ուղղւած է գործող քաղաքական համակարգերի դէմ՝ որպէս անզիջում պահանջ առաջադրելով ամբողջական բովանդակային փոփոխութիւն: Եւ ներկայում ծաւալւող գործընթացներն էլ ցոյց են տալիս, որ, օրինակ Լիբանանի եւ Իրաքի դէպքում, գործող համակարգերի կոսմետիկ վերափոխումներն անգամ ի զօրու չեն փրկելու հասարակութիւններում խորը հիասթափութիւն, ձանձրոյթ ու հակակրանք առաջացրած կոռումպացւած վարչակարգերին։

Հայաստանի տեսանկիւնից, հարեւան ոչ բարեկամական երկրում տեղի ունեցող զարգացումները պէտք է կարեւորել նաեւ արցախեան հիմնախնդրի համատեքստում: Չի բացառւում, որ նախաձեռնւած գործընթացների բարեյաջող աւարտից յետոյ երկրի ներսում աւելի ուժեղացած վարչախումբը որոշակի շրջափուլում Արցախի հարցում դիմի իր համար նպատակայարմար գործելաոճի, այդ թւում նաեւ՝ արկածախնդրութեան:

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։