Հա

Քաղաքական

11/12/2019 - 11:40

«Մեծ մահակի քաղաքականութիւն». ինչպէս ԱՄՆ-ն իրեն այլ երկրներ ներխուժելու իրաւունք վերապահեց

115 տարի առաջ՝ 1904-ի դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ Թէոդոր Ռուզւելտը Կոնգրեսին ուղղւած իր ամենամեայ ուղերձում հռչակեց Մոնրոյի դոկտրինի իր՝ ընդլայնւած տարբերակը, որը հետագայում կոչւեց «Ռուզւելտի ուղղում» կամ «Մեծ մահակի քաղաքականութիւն» (Ռուզւելտը սիրում էր աֆրիկեան մի ասացւածք՝ «Մեղմ խօսիր, բայց ձեռքում պինդ պահիր մեծ մահակն ու հեռուն կը գնաս»):

115 տարի առաջ՝ 1904-ի դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ Թէոդոր Ռուզւելտը Կոնգրեսին ուղղւած իր ամենամեայ ուղերձում հռչակեց Մոնրոյի դոկտրինի իր՝ ընդլայնւած տարբերակը, որը հետագայում կոչւեց «Ռուզւելտի ուղղում» կամ «Մեծ մահակի քաղաքականութիւն» (Ռուզւելտը սիրում էր աֆրիկեան մի ասացւածք՝ «Մեղմ խօսիր, բայց ձեռքում պինդ պահիր մեծ մահակն ու հեռուն կը գնաս»):

Քողարկւելով Արեւմտեան կիսագնդի երկրների բարգաւաճման ու կայունութեան համար մտահոգութեամբ՝ ԱՄՆ նախագահը յայտարարեց, որ Միացեալ Նահանգներն իրաւունք ունի ներխուժելու դրանց տարածք, եթէ, Վաշինգտոնի տեսանկիւնից, «օրինականութեան խախտումներ» են տեղի ունենում: Փաստօրէն, դա դարձաւ Վաշինգտոնի՝ «համաշխարհային ոստիկան» դառնալու ընթացքի փուլերից մէկը:

Պատմաբանները նշում են, որ այդ ժամանակաշրջանում Սպիտակ տան արտաքին քաղաքականութիւնը լատինաամերիկեան ինքնիշխան պետութիւնների նկատմամբ գործնականում չէր տարբերւում եւրոպական տէրութիւնների քաղաքականութիւնից իրենց գաղութների նկատմամբ:

Իսկ ի՞նչ է Մոնրոյի դոկտրինը:

1820-ին Իսպանիայում յեղափոխութիւն է սկսւում: Երկու տարի անց Ֆրանսիան, դժգոհ իր սահմանների մօտ անկարգութիւններից, դիմում է եւրոպական առաջատար տէրութիւններին՝ խնդրելով աջակցել իրեն Պիրենէեան թերակղզի ներխուժելու հարցում: 1822-ի հոկտեմբեր-դեկտեմբերին անցկացվում է Վերոնայի կոնգրեսը, որի ընթացքում Ֆրանսիային թոյլատրւում է ներխուժել Իսպանիա. յաջորդ տարւայ գարնանը ֆրանսիական զօրքերն արդէն Իսպանիայում էին:

Հարկ է նշել, որ արդէն 1820-ականներից Իսպանիայի եւ Պորտուգալիայի լատինաամերիկեան գաղութների մեծ մասը անկախութիւն էր ձեռք բերել, եւ լատինաամերիկեան «անկախութիւնների շքերթի» հարցում եւրոպական պետութիւնները միակարծիք չէին: Աւստրիան, Պրուսիան եւ Ռուսաստանը կողմ էին, որ Իսպանիան վերականգնի իր ինքնիշխանութիւնը Լատինական Ամերիկայի նախկին տարածքների վրայ: Դա ձեռնտու չէր Մեծ Բրիտանիային, որն ակտիւ առեւտուր էր անում լատինաամերիկեան շուկաներում եւ վախենում էր մրցակցութիւնից: Արդիւնքում՝ իսպանական նախկին գաղութների մասին Վերոնայի կոնգրեսը որոշում չի կայացնում:

Աւելի ուշ բրիտանացիներն առաջարկում են ԱՄՆ-ին՝ միասին քաղաքական բաժանում տալ Նոր եւ Հին աշխարհներին: Սակայն Վաշինգտոնը նախընտրում է սեփական քայլն անել. 1823 թւականի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Ջէյմս Մոնրոն Կոնգրեսին ուղղւած ուղերձում առաջարկում է աշխարհը բաժանել եւրոպական եւ ամերիկեան համակարգերի: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը չպիտի միջամտէր Եւրոպայի գործերին, իսկ Եւրոպան՝ Լատինական Ամերիկայի: Այսպիսով՝ ԱՄՆ-ը հռչակում է իր գերակայութիւնը Արեւմտեան կիսագնդում:

19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ի ծաւալապաշտութիւնը դառնում է աւելի ագրեսիւ: 1901-ին իշխանութեան եկած Թէոդոր Ռուզւելտը շարունակում է երկիրը իմպերիալիստական տէրութիւն դարձնելու ուղեգիծը, եւ նրա նախաձեռնութիւնը թէեւ որպէս ԱՄՆ օրէնք չի ձեւակերպւել, սակայն երկրի իշխանութիւնները միջազգային հարցերում օգտւում են այդ «զէնքից»:

Այսպէս՝ 20-րդ դարի սկզբին Միացեալ Նահանգները մի շարք յարձակումներ է գործել Կուբայի վրայ՝ այն ժամանակ առ ժամանակ իր իշխանութեան տակ վերցնելով: 1909-ին Նիկարագուաում տեղի է ունենում պրոամերիկեան յեղաշրջում, երեք տարի անց երկիրն օկուպացւում է ամերիկեան զօրքերի կողմից: ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի՝ 1910-1919 թթ. սահմանային կոնֆլիկտի հետեւանքով օկուպացւում է Վերակրուսը: Բացի այդ՝ ամերիկացիները գրաւում են Հայիթին եւ Դոմինիկեան հանրապետութիւնը:

Մասնագէտների կարծիքով՝ Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի վարած քաղաքականութիւնը շատ հեռու է միջազգային իրաւունքի սկզբունքներից, ամերիկեան արտաքին քաղաքականութիւնում իշխում է ուժեղի իրաւունքը՝ հիմնւած Մոնրոյի դոկտրինի եւ դրա՝ ռուզւելտեան մեկնաբանութեան վրայ:

Ի դէպ, «Մեծ մահակի քաղաքականութիւնը» վաղուց դուրս է եկել Արեւմտեան կիսագնդի սահմաններից: Պատմական վառ օրինակները շատ են, ամենաթարմը՝ Սիրիան:

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։