Հա

Քաղաքական

15/12/2019 - 13:00

«Մենք յանցագործութիւն ենք արել». Էրդողանը կը դառնա՞յ երկրորդ Բրանդտ

Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանը վերյիշում է՝ ինչպէս Գերմանիայի կանցլերը հրեաների առաջ խոստովանեց գերմանացիների մեղքերը, եւ դա փոխեց հրեաների վերաբերմունքը գերմանացիների նկատմամբ։ Արդեօ՞ք Թուրքիայի այսօրւայ նախագահը կը հետեւի կանցլերի օրինակին։ Ահա թէ որն է հարցը։

«alikonline.ir» - Sputnik Արմենիայի սիւնակագիր Սերգէյ Բաբլումեանը վերյիշում է՝ ինչպէս Գերմանիայի կանցլերը հրեաների առաջ խոստովանեց գերմանացիների մեղքերը, եւ դա փոխեց հրեաների վերաբերմունքը գերմանացիների նկատմամբ։ Արդեօ՞ք Թուրքիայի այսօրւայ նախագահը կը հետեւի կանցլերի օրինակին։ Ահա թէ որն է հարցը։

Պաշտօնական Անկարան խայտառակութիւն է համարել այն, որ ԱՄՆ Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։ Դա անւանել է Վաշինգտոնի վրէժը Սիրիայում անցկացւած թուրքական ռազմական գործողութեան համար։

Կարելի է ենթադրել, որ հիմա Թուրքիան Ամերիկայի հետ յարաբերութիւններում գործելու է «ակն ընդ ական» սկզբունքով, թէեւ աւելի ճիշտ կը լինէր տեղի ունեցածը դիտարկել որպէս խելամիտ գործելու ու միակ ճիշտ ուղին ընտրելու ազդանշան։

Իսկ այդ ուղին փնտրելու կարիք չկայ, այն արդէն վաղուց է հարթւած։ Ճիշտ է, աշխարհագրական առումով այլ կոորդինատներով, բայց ամենակարեւորն այստեղ ոչ թէ քարտէզի վրայ ունեցած տեղն է, այլ բարոյականութիւնն ու վճռականութիւնը։

Ինչի՞ կամ, աւելի ճիշտ, ու՞մ մասին է խօսքը։ 70-ականներին Գերմանիայի կանցլեր դարձած Վիլլի Բրանդտի մասին։ Հրեաները գերմանացիներին անիծում էին ոչ պակաս, քան հայերը թուրքերին։ Երկու դէպքում էլ դա անհիմն չէր։ Բայց ահա Գերմանիայում իշխանութեան եկաւ խելացի ու բարեխիղճ մի գերմանացի, որը հասկանում էր` ժողովուրդները դատապարտւած են կա՛մ յաւէրժ ատելութեան, կա՛մ էլ պէտք է փորձել հասկանալ միմեանց։

1970 թւականին կանցլերը Վարշաւա այցելեց ու արեց այն, ինչը բոլորին յուզեց։ Յետոյ յայտնի լուսանկարը տարածւեց աշխարհով մէկ ու ստիպեց խօսել իր մասին։

Բրանդտը, ի նշան գերմանացիների ապաշխարանքի, մի պահ քարացաւ Անյայտ զինւորի արձանի եւ Հրեական գետտոյի ապստամբութեան հերոսների յուշարձանի մօտ ու ծնկի իջաւ։ Այդ աննախադէպ արարքը ոչ ոքի անտարբեր չթողեց։ «Թայմս» թերթը Բրանդտին տարւայ մարդ անւանեց, իսկ արդէն յաջորդ տարի նա Խաղաղութեան Նոբէլեան մրցանակ ստացաւ։

Բրանդտը Գերմանիայի առաջին կանցլերն էր, որ Իսրայէլ գնաց։ Դա պարզապէս այց չէր։ Նա նորից ամբողջ երկիրը ցնցող ժեստ արեց։ Հոլոկոստի յուշահամալիր գնաց մի գլխարկով, որը դնում են օրտոդոքս հրեաները։ Բացեց Սաղմոսագիրքն ու սկսեց գերմաներէն կարդալ հետեւեալ տողերը. «Մենք մեղքեր ու յանցանքներ ենք գործել։ Ողորմած Աստւած, ներիր մեզ»։

Բրանդտը գրաւեց բազում իսրայէլցիների եւ ոչ միայն իսրայէլցիների սրտերը։ Նա իր ամենակարեւոր պարտքն էր համարում օգնել իր ժողովրդին յաղթահարել ոչ այդքան հեռաւոր անցեալը։ Դեռ Վարշաւայում գտնւելիս կանցլերն ասել էր․ «Չկայ մի ժողովուրդ, որը կարողացել է թաքնւել իր անցեալից»։

Դիւանագիտութիւնը դիւանագիտութեամբ, բայց կան դէպքեր, երբ պէտք է կարողանալ աչքերին նայել ու ճիշտն ասել։ Օրերս դա արեց դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը։

«Ցեղասպանութիւնը տեղի է ունեցել, ու Թուրքիան է եղել դրա իրագործողը։ Ես ասում եմ բոլոր ընկերներիս ու գործընկերներիս, որ ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է։ Մեր սենատորները պէտք է համարձակութիւն ունենան եւ ասեն դա ուղիղ, պարզ ու անվերապահօրէն»,- ասաց նա նիստի ժամանակ։

Թուրքիայի առաջնորդները ոչ մի նման բան չեն ասում։ Հայաստանի հետ սահմանը փակ են պահում, ապրում են առանց Երեւանում դեսպանատան ու բարձր մակարդակով հանդիպումների, մեղադրում են հարեւաններին պատմական ճշմարտութիւնն աղաւաղելու մէջ։ Այսինքն՝ իբր այն, ինչ ասում ենք ոչ թէ մենք, այլ Ռոբերտ Մենենդեսը, յօրինւածքներ են։

«Սպանութիւններն իրագործւել են կացիններով, դանակներով, բահերով ու եղաններով։ Դա սպանդի էր նման։ Նորածիններին մայրերի աչքի առաջ սպանում էին քարերով։ Հասկանալի է, որ Թուրքիայի վերջնական նպատակը հայ ժողովրդին վերացնելն էր»,- ասաց ամերիկեան քաղաքական գործիչը, ու նա գիտէր՝ ինչ էր ասում։

Իսկ յետոյ ի՞նչ։ Մենք Թուրքիայի հարեւաններ ենք, ու դա տեւելու է ոչ թէ մի կամ երկու դար, այլ յաւէրժ։ Հարցն այն է` շարունակել նայել միմեանց որպէս թշնամիներ, թէ այլ ճանապարհ ընտրել։

Այսպիսի իրավիճակ երեւակայենք. զինւելով խիզախութեամբ ու ողջախոհութեամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողութիւն է խնդրում նախկինների կատարած չարագործութիւնների համար ու առաջարկում է փակել ողբերգական էջը։ Չեմ կարծում, որ հայերը չեն հասկանայ ու չեն ընդունի նման քայլը։ Ու ոչ միայն հայերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։