Հա

Քաղաքական

04/01/2020 - 14:10

Ադրբեջանը տարածք է տրամադրում իսրայէլական զինուժին` ծաւալելու հետախուզական գործողութիւններ Իրանի նկատմամբ

Ադրբեջանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել` կապւած որոշ արտասահմանեան լրատւամիջոցներով շրջանառւող այն տեղեկութեան հետ, որ Ադրբեջանի տարածքում տեղակայւել են իսրայէլական մարտական ինքնաթիռներ:

«alikonline.ir» - Ադրբեջանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաղորդագրութիւն է տարածել` կապւած որոշ արտասահմանեան լրատւամիջոցներով շրջանառւող այն տեղեկութեան հետ, որ Ադրբեջանի տարածքում տեղակայւել են իսրայէլական մարտական ինքնաթիռներ: Գրում է 168.am-ը:

Նշւում է, թէ պարբերաբար միտումնաւոր նման սադրիչ տեղեկութեան տարածում է կազմակերպւում: Ադրբեջանը պնդում է, թէ տարածւած այս տեղեկութիւնը չի համապատասխանում իրականութեանը` օտարերկրեայ որեւէ մարտական ինքնաթիռ կամ ռազմական այլ սարքաւորումներ տեղակայւած չեն Ադրբեջանի տարածքում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան մէջ նշւած «օտարերկրեայ սարքաւորումներին», ապա պէտք է հակադարձել եւ յիշեցնել ադրբեջանական պաշտպանական գերատեսչութեանը, որ ըստ իրենց իսկ պաշտօնական բազմաթիւ հաղորդագրութիւնների, Ադրբեջանում իսրայէլական Aeronautics ընկերութեան հետ համատեղ արտադրւում է Pegasus 120 անօդաչու թռչող սարքը, որը բացի օդային հետախուզութիւն իրականացնելուց, հնարաւորութիւն ունի նշանակւած վայր տեղափոխել որոշակի քանակի զէնք եւ զինամթերք: Համադրելով փաստերը, ակնյայտ է դառնում` Ադրբեջանի եւ Իսրայէլի միջեւ առկայ է սերտ ռազմական համագործակցութիւն, ինչը ձեռնտու է երկուստեք:

Ադրբեջանը գնում է Իսրայէլից արտօնեալ պայմաններով զինատեսակներ եւ ստանում դրանցից որոշների համատեղ արտադրութեան հնարաւորութիւն: Փոխարէնն Ադրբեջանն Իսրայէլի զինւած ուժերին տրամադրում է իր տարածքը` Իրանի նկատմամբ հետախուզական գործողութիւններ ծաւալելու, ինչպէս նաեւ`անհրաժեշտութեան դէպքում հրթիռային հարւածներ հասցնելու:

Ի դէպ, տւեալ տեղեկութիւնը տարածել է հեղինակաւոր The New York Times պարբերականը, որում, մասնաւորապէս, գրւած է` «ամերիկեան լրտես արբանեակները հետեւել են, թէ ինչպէս իսրայէլական անօդաչու թռչող սարքերը թռչում են Ադրբեջանի ռազմակայաններից եւ ուղեւորւում դէպի հարաւ՝ Իրանի սահմանին։ Անօդաչու թռչող սարքերն իրականացրել են նաեւ Իրանի միջուկային օբիեկտների ֆոտօ եւ տեսանկարահանում պարզելու՝ արդեօ՞ք Իրանի հակաօդային պաշտպանութեան միջոցները յայտնաբերել են թռիչքները թէ՞ ոչ»:

Յատկանշական է այն փաստը, որ իրաքեան զանգւածային լրատւական միջոցներում տեղեկութիւններ յայտնւեցին այն մասին, որ Իսրայէլն Իրաքում իրանցի զինւորականներին հարւածելու համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, որոնք թռիչք էին իրականացրել Ադրբեջանի տարածքից: Այսպիսով, պաշտօնական Բաքուն հաւատարիմ մնալով իր որդեգրած ապատեղեկատւութեան տարածման քաղաքականութեանը, ջանք չի խնայելու միջազգային ատիաններում հերքելու իր օժանդակութիւնը իսրայէլական զինուժին ընդդէմ Իրանի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։