Հա

Քաղաքական

16/01/2020 - 11:20

««Հայրենիքին հարկեր վճարելու համար». Պուտինը որոշել է կատարելագործել Ռուսաստանը սահմանադրական փոփոխութիւններով եւ Միխայիլ Միշուստինի միջոցով». «Կոմերսանտ»-ի անդրադարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղւած ելոյթը, որում որպէս գլխաւոր նորութիւն սպասւում էին ժողովրդագրական աջակցութեանն ուղղւած քայլերը, աւարտւեց ՌԴ իշխանութեան համակարգի բարեփոխման մասին յայտարարութեամբ` «սուպերնախագահական» համակարգից հրաժարմամբ եւ նախագահա-խորհրդարանական Հանրապետութեան ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազօրութիւններով:

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդին ուղղւած ելոյթը, որում որպէս գլխաւոր նորութիւն սպասւում էին ժողովրդագրական աջակցութեանն ուղղւած քայլերը, աւարտւեց ՌԴ իշխանութեան համակարգի բարեփոխման մասին յայտարարութեամբ` «սուպերնախագահական» համակարգից հրաժարմամբ եւ նախագահա-խորհրդարանական Հանրապետութեան ստեղծմամբ` Պետական խորհրդի նոր լիազօրութիւններով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Հետագայ իրադարձութիւնները, ամենայն հաւանականութեամբ, կախւած կը լինեն Վլադիմիր Պուտինի անսպասելի գաղափարների նկատմամբ ներկայիս քաղաքական համակարգի արձագանքից: Հիմք չկայ կարծելու, որ Վլադիմիր Պուտինն իր այս գաղափարներն աւելի վաղ քննարկել էր այլ խաղացողների հետ, ինչպէս եւ հիմք չկայ կարծելու, որ դրանից յետոյ տեղի ունեցածը ծրագրւած էր. Դմիտրի Մեդւեդեւի ղեկավարած կառավարութիւնն արդէն մէկ ժամ անց դադարեց գոյութիւն ունենալ: Յաջորդ քայլը նախագահն արեց արդէն նոյն օրը: Յունւարի 16-ին ՌԴ պետական դուման պէտք է հաստատի նոր կառավարութեան ղեկավարի` Դաշնային հարկային ծառայութեան ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածութիւնը, որի հետ է ասոցացւում վերջին տարիներին իշխանութեան զգալի մասի «թւայնացումը»:

Պրագմատիզմի սահմաններում Վլադիմիր Պուտինի առաջարկը սահմանադրական բարեփոխումների մասին կարելի է մեկնաբանել այսպէս. վարչապետի, փոխվարչապետերի եւ ՌԴ ոչ ուժային կառոյցների նախարարների թեկնածութիւնն այսուհետեւ ներկայացնելու եւ հաստատելու է Պետդուման` խորհրդարանի ստորին պալատը: Ուժային նախարարներին նախագահը նշանակելու է Դաշնային խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) հետ խորհրդակցութիւնների արդիւնքում: Սա նշանակում է, որ ՌԴ իշխանութեան «քաղաքացիական» մասը դառնում է խորհրդարանական, «ռազմական» մասը` «կիսանախագահական»: Սա իշխանութեան մէջ խոշորագոյն փոփոխութիւնն է` սկսած 1993 թւականից:

Վլադիմիր Պուտինի խօսքով` նոր կառավարութիւնը կաշխատի արդէն մի փոքր այլ երկրում, քան մինչ այս: Նախագահը յայտարարել էր, որ «Ռուսաստանի առաջ պատմական յանձնարարականներ են դրւած», եւ փոփոխութիւնների նպատակը նաեւ դրանց հասնելն է: Սակայն այս փոփոխութիւններով գործադիր իշխանութեան ղեկին կը զբաղւի արդէն ոչ թէ Դմիտրի Մեդւեդեւը, այլ Միխայիլ Միշուստինը: Յամենայն դէպս Պետդումայում նախագահի նշած թեկնածութեան դէմ արտայայտւողներ դեռեւս չեն եղել: Միխայիլ Միշուստինին վարչապետի պաշտօնում առաջադրելը բացայայտ փորձ է նախագահի կողմից աւելի մասշտաբային դարձնել Դաշնային հարկային ծառայութեան շատ յաջող «թւային տրանսֆորմացիան», ինչի արդիւնքում ռուսական հարկային ծառայութիւնը համարւում է աշխարհում ամենաառաջադեմներից մէկը: Չնայած դեռեւս պարզ չէ գործադիրի հետ կապւած Միշուստինի ոչ մի նախաձեռնութիւն, սակայն կարելի է ենթադրել, որ կառավարութիւնում կամրապնդւեն Ֆինանսների նախարարութեան ներկայացուցիչների դիրքերը:

Մի խօսքով` Միշուստինի նշանակումից կարելի է եզրակացնել, որ դժւար թէ ամէն ինչ մնայ այնպէս, ինչպէս կար, կամ եղած իրավիճակին մօտ լինի:

Հաւանաբար, Վլադիմիր Պուտինի գաղափարի հիմքն այն է, որ միայն այսպիսի փոփոխութիւններն ու նշանակումը թոյլ կը տան մինչեւ 2024 թւականը հասնել իր նշած համախառն ներքին արդիւնքի տարեկան 5% աճին:

Պէտք է եզրակացնել նաեւ, որ Սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէն կանցկացւի եկող ամիսների ընթացքում: Պետդումայի նոր ընտրութիւնները պակաս հաւանական են: Իսկ Վլադիմիր Պուտինի` իշխանութեան մէջ իր դերի մասին նախագահի պատկերացումներն արտացոլւած չեն յունւարի 15-ի իրադարձութիւններում:

Յիշեցնենք, որ երէկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղւած ելոյթից յետոյ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւը յայտարարել է, որ կառավարութիւնն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։