Հա

Քաղաքական

22/01/2020 - 10:20

Ռուսաստանի պաշտպանութեան գիծը հնարաւոր է դարձեալ հասնի Արաքս

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը:

«alikonline.ir» - Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկօ Մաասը հանդէս է եկել Իրանի վերաբերեալ յայտարարութեամբ: «ԱՄՆ-ն ու Եւրոպան տարբեր մօտեցումներ ունեն: Թէեւ ԱՄՆ-ը միակողմանիօրէն հրաժարւեց միջուկային համաձայնագրից եւ անցաւ առաւելագոյն ճնշումների, մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել բանակցութիւնների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան ցանկանում են պահպանել համաձայնագիրը, որպէսզի կանխեն Իրանի կողմից միջուկային զէնքի ստեղծումը: Սպառնալիքները եւ ռազմական լարւածութիւնը ոչինչ չեն փոխել: Մենք ցանկանում ենք խանգարել Մերձաւոր Արեւելքում հրդեհի բռնկմանը: Եւրոպական Միութիւնը յենւում է դիւանագիտութեան վրայ, այլ ոչ՝ էսկալացիայի: Մենք չենք ցանկանում ձեւ անել, թէ իրադրութիւնն անմիջապէս կը փոխւի Թեհրանում ռեժիմը դրսից փոխելու պարագայում»,- նշել է նա:

Մաասը նաեւ յատուկ ընդգծել է, որ «Իրաքում արդէն իսկ ամէն բան այնպէս չընթացաւ»:

Վերլուծելով Գերմանիայի արտգործնախարարի յայտարարութիւնը՝ ռուսաստանցի քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակած յօդւածում, ըստ Yerkir.am-ի, նշում է, որ, եթէ այն գնահատւի բովանդակային առումով, ապա երկու մասի կարելի է բաժանել: Առաջինը Իրանի նկատմամբ ԵՄ քաղաքականութեան գնահատականն է, երկրորդը՝ Մերձաւոր Արեւելքում իրադարձութիւնների պոտենցիալ ընթացքի՝ հնարաւոր է «հրդեհ բռնկւի», եթէ ԱՄՆ-ը որոշի «դրսից» փոխել «իրանական ռեժիմը»:

Այստեղ, ըստ քաղաքագէտի, ծագում է իրավիճակի հանգուցալուծման հեռանկարի հարցը: Յայտնի է, որ ԵՄ-ն չողջունեց Վաշինգտոնի դուրս գալը Թեհրանի հետ Համապարփակ գործողութիւնների համատեղ ծրագրից: Ամերիկացիները կոշտ պատժամիջոցներ սկսեցին կիրառել Իրանի նկատմամբ: Ի պատասխան՝ Եւրոպան ընտրեց միջնորդաւորւած դիւանագիտութեան ճանապարհը: Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կապ պահպանելով, առաջարկեց ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ յատուկ համաձայնագիր ստորագրել, սակայն նախաձեռնութիւնը յաջողութեամբ չպսակւեց: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդատւութիւններ անցկացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Դիւանագիտական համոյթի» կազմում իր տեղն է փնտրում նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը: Սակայն ամէն բան դեռ ապարդիւն է: Վերջերս մտցւեց INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարային մեխանիզմը, որը հնարաւորութիւն է տալիս Իրանի հետ առեւտրում շրջանցելու ամերիկեան պատժամիջոցները, սակայն էականօրէն ոչինչ չի փոխւել:

Առաջարկւեց նաեւ կիրառութեան մէջ դնել միջուկային պայմանագրով նախատեսւած՝ վէճերի լուծման մեխանիզմը, որը ենթադրում է յատուկ յանձնաժողովի ստեղծում, երբ կողմերից մէկը խախտում է պայմանագիրը: Եթէ 15 օրւայ ընթացքում վէճը չի լուծւում, կարող են հետեւել պատժամիջոցներ ՄԱԿ-ի մակարդակով: Դա մերժւեց Թեհրանի կողմից: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին յայտարարեց, որ «եթէ Եւրոպան Իրանի վրայ ճնշում գործադրի միջուկային գործարքի պահով, ապա Թեհրանը կը վերանայի իր համագործակցութիւնը Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ»:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Թեհրանը յայտարարել էր, որ հրաժարւում է հարստացւած ուրանի ծաւալների սահմանափակման, նաեւ ցենտրիֆուգների քանակի ու մոդելների վերաբերեալ պարտաւորութիւնից:

Գնահատելով ստեղծւած իրավիճակը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Զիգմար Գաբրիէլը համարում է, որ ԵՄ-ն «իրանական ճգնաժամի պայմաններում իրեն դրսեւորում է որպէս «թղթէ վագր»»: Նրա կարծիքով՝ լարւածութիւնն իրապէս նւազեցնելու համար Եւրոպան պէտք է քաղաքական ռիսկի դիմելու քաջութիւն ունենայ՝ քաղաքական կոնֆլիկտի մէջ մտնի ԱՄՆ ներկայիս նախագահի հետ: Գաբրիէլը նաեւ առաջարկում է, որ Եւրոպական կենտրոնական բանկը կամ ԵՄ երկրների ազգային բանկերը, ի պատասխան Իրանի կողմից միջուկային գործարքի կատարման եւ գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեանը զուսպ արձագանքելուն, Թեհրանին բազամիլիարդանոց վարկեր առաջարկեն՝ միջուկային գործարքի պահպանման պայմանով:

Սակայն, Տարասովի կարծիքով, իրադարձութիւնների նման ընթացքին Բրիւսէլը պատրաստ չէ, եւ նրա յայտարարութիւններն ընկալւում են ընդամենը որպէս «քաղաքական թախանձանքներ»:

Իրանը, ըստ քաղաքագէտի, անշուշտ, կը ցանկանար, որ Եւրոպան իր միջուկային ծրագրի վերաբերեալ համաժողով անցկացնէր՝ Լիբիայի վերաբերեալ բեռլինեան համաժողովի նման, վերահսկողութիւն սահմաներ իր դոսեէի նկատմամբ, ինչը հնարաւորութիւն կը տար Թեհրանին եւրոպական ուղղութեամբ իրականացնելու դիւանագիտական լայն մանեւրի քաղաքականութիւն:

«Չի ստացւում: Եւրոպան սպասում է՝ միայն մտահոգութիւն յայտնելով, չունենալով Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնների ամբողջական պատկերը կամ այդ՝ ամերիկեան գործօնով պայմանաւորւած բարդ իրավիճակից դուրս գալու տեսլականը: Եւրոպան ի վիճակի չէ քայլեր անել տարածաշրջանում դիւանագիտական գործողութիւնների առաջնագիծ դուրս գալու համար: Նաեւ վախենում է, այդ թւում՝ Գերմանիան, իրանական ճգնաժամի մաս դառնալ, քանի որ Իրանում եւ այդ երկրի շուրջ իրավիճակի հետագայ վատթարացման դէպքում ճգնաժամը չի սահմանափակւի միայն այդ պետութեամբ: Բեռլինում համարում են, որ Իրանում ռեժիմ փոխելուն ուղղւած քաղաքականութիւնը առանց քաղաքական ռազմավարութեան կարող է յանգեցնել մերձաւորարեւելեան հրդեհի: Եւ ոչ միայն այնտեղ: Իրանում հնարաւոր ապակայունացումը չի շրջանցի նաեւ Անդրկովկասի երկրները»,- գրում է նա եւ ներկայացնում չինական The Paper լրատւականի, նաեւ Bloomberg-ի նկարագրած սցենարը՝ «Սոլէյմանիից յետոյ». ԱՄՆ-ը, Իրանի հետ համարեա ռազմական հակամարտութեան քաղաքականութիւն վարելով, կը փորձի քայքայել Սիրիայում Իրանի հակաամերիկեան եւ հակաիսրայէլական առանցքը, որպէսզի տարածաշրջանում միայն Թուրքիան մնայ որպէս Ռուսաստանի միակ դաշնակից, կը ստեղծի իրավիճակ, երբ Ռուսաստանի ներկայութիւնը տարածաշրջանում կունենայ բացառապէս «սահմանափակ մարտավարական բնոյթ»:

«Այդ կապակցութեամբ պնդում են, թէ Լիբիան մերձաւորարեւելեան հերթական շախմատային պարտիան է, որում Ռուսաստանն ակտիւ մասնակցութիւն ունի՝ ներգրաւելով Թուրքիային, ինչը, գերմանական Deutschlandfunk ռադիոընկերութեան կարծիքով, «աննախադէպ փաստ է»: ԱՄՆ-ի խնդիրն է չթոյլատրել, որ Իրանի ու Ռուսաստանի յարաբերութիւնները հասնեն ռազմա-քաղաքական ռազմավարական գործընկերութեան մակարդակին, դժւարացնել Մոսկւայի մանեւրելու հնարաւորութիւնը Անկարայի եւ Թեհրանի հետ ալեանսում:

Միւս կողմից՝ ԱՄՆ-ում երկիւղում են, որ «Իրանի անկում» գործողութեան սկիզբը Ռուսաստանին ոչ միայն այդ երկրի պաշտպանութեան առաջնագիծ կը մղի, այլեւ կամրացնի Արաքսով անցնող պատմական սահմաններում: Դա պարտադրւած որոշում կը լինի, քանի որ Իրանի ապակայունացումը կը յանգեցնի դժւար կանխատեսելի մի շարք իրադարձութիւնների, այդ թւում՝ ԴԱԷՇ-ի կողմնակիցների էքսպանսիան արգելափակող պատնէշի անկմանը: Իրադարձութիւնների այդպիսի ընթացքը շատերին ֆանտաստիկ է թւում կամ փոքր-ինչ չափազանցւած, սակայն այն հնարաւոր է եւ անտեսել այլեւս չի կարելի: Եւրոպայում արդէն սկսել են հասկանալ դա»,- յօդւածը եզրափակում է Ստանիսլաւ Տարասովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։