Հա

Քաղաքական

22/01/2020 - 13:00

«ՌԴ կառավարութեան կադր-բլանշը». «Կոմերսանտ»-ի անդրադարձը ՌԴ կառավարութեան նոր կազմին

Յունւարի 21-ին ՌԴ կառավարութեան նոր կազմը ոչ միայն նշանակւեց, այլեւ անցկացրեց իր անդրանիկ նիստը: ՌԴ կառավարութեան կազմում փոփոխութիւններին է անդրադարձել «Կոմերսանտ» պարբերականը:

«alikonline.ir» - Յունւարի 21-ին ՌԴ կառավարութեան նոր կազմը ոչ միայն նշանակւեց, այլեւ անցկացրեց իր անդրանիկ նիստը: ՌԴ կառավարութեան կազմում փոփոխութիւններին է անդրադարձել «Կոմերսանտ» պարբերականը:

Պարբերականը նշել է, որ նոր կառավարութիւն կարող էր նշանակւել անգամ մէկուկէս տարի առաջ, բայց նախագահ Վլադիմիր Պուտինը միայն այժմ հրաժարւեց 2018-ի մայիսին կառավարութեան ոչ ուժային բլոկում կատարելիք փոխզիջումներից: Վարչապետ Միխայիլ Միշուստինը յունւարի 21-ին փաստացի հաստատել է կառավարութեան առաջիկայ խնդիրները, որոնք բխում են կառավարութեան նոր կառուցւածքից եւ կազմից. առողջապահութիւն, սոցիալական ոլորտ, թւայնացում, էլեկտրոնային բիւջէ, շինարարութիւն:

Հարցն այն մասին, թէ ինչպէս է նոր կառավարութիւնը պայքարելու ներդրողների կողմից վստահութեան ճգնաժամի դէմ, բաց է մնում:

«Եւ, այսպէս, Ռուսաստանի կառավարութիւնը յունւարի 21-ին իր առաջին նիստն անցկացրեց: Կառավարութեան նոր կազմի ձեւաւորման համար ռեկորդային կարճ ժամանակ պահանջւեց. դեռեւս 6 օր առաջ Դմիտրի Մեդւեդեւի կառավարութիւնը չէր պատրաստւում հեռանալ, իսկ յունւարի 21-ին նշանակւեց Միխայիլ Միշուստինի կառավարութիւնը»,- գրում է «Կոմերսանտ»-ը:

Ուժային ոլորտում Վլադիմիր Պուտինը փոխել է միայն մէկ նախարարի. արդարադատութեան նախկին նախարար Ալեքսանդր Կոնովալովին փոխարինել է նախկին փոխվարչապետ, կառավարութեան աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Չոյչենկոն: Ոչ ուժային կառոյցներում էլ փոփոխութիւնները հիմնականում կադրային մակարդակի վրայ են եղել:

Այդ նշանակումները քննարկւում էին դեռևս 2018 թւականի մայիսից: Նոր կառավարութիւնը հրաժարւել է «փոխվարչապետ-նախարար» մակարդակի համակարգից:

Ինչպէս քննարկւում էր մէկուկէս տարի առաջ, առաջին փոխվարչապետ է նշանակւել նախագահի օգնական Անդրէյ Բելոուսովը: Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտօնը, իսկ նախարարութիւնը, ամենայն հաւանականութեամբ, կամրապնդի իր դիրքերը նոր կառավարութիւնում:

Համախառն ներքին արդիւնքի աճի խնդիրը կառավարութեան նոր կազմով պէտք է որ աւելի լաւ լուծւի: Կառավարութիւնը դարձել է աւելի «տեխնոկրատ» եւ «երիտասարդ», նրա աշխատանքի վրայ աւելի քիչ կազդի վերջին տարիներին կառավարութեան անդամների միջեւ փոխյարաբերութիւնների բեռը: Ակնյայտ է, թէ ինչով է զբաղւելու Միշուստինի կառավարութիւնն առաջիկայ ամիսներին. սոցիալական քաղաքականութեան հարցեր եւ թւայնացում:

Սակայն աւելի արդիւնաւէտ կառավարութիւնը ներդրողների համար դեռեւս վստահութեան առիթ չէ, այդ վստահութիւնը համեմատաբար դանդաղ է առաջանում: Միխայիլ Միշուստինն արդէն յունւարի 21-ին է յայտարարել ներդրումային «կլիմայի» արագ փոփոխման անհրաժեշտութեան մասին: Դրա մաս կարող են դառնալ վերահսկողական գործունէութեան բարեփոխումն ու կապիտալի ներդրման պաշտպանութիւնը, սակայն բացի սրանից կը քննարկւեն նաեւ այլ գաղափարներ, քանի որ կառավարութեանն «արագ յաջողութիւններ» են պէտք, առանց որոնց հնարաւոր չէ լինել աւելի լաւ կառավարութիւն, քան նախորդն էր:

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։