Հա

Քաղաքական

25/01/2020 - 10:30

Ջաւախքը սահուն կերպով Նախիջեւանի է վերածւում

Վրաստանի Սամցխէ-Ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում։ Այստեղ բախւում են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը։ Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով։ Սակայն այստեղ գլխաւոր խաղացողները վերոնշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են։ Թուրքիան ու Ադրբեջանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը` ուրիշ։

ԷԴՒԱՐԴ ԱՅՒԱԶԵԱՆ

 

Վրաստանի Սամցխէ-Ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում։ Այստեղ բախւում են Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը։ Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով։ Սակայն այստեղ գլխաւոր խաղացողները վերոնշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են։ Թուրքիան ու Ադրբեջանը այլ շահեր ու ծրագրեր ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը` ուրիշ։ Չնայած, որ Հայաստանի ու Վրաստանի շահերը գլոբալ առումով համընկնում են, սակայն ի տարբերութիւն Թուրքիայի ու Ադրբեջանի նրանք չեն գործում միասնական թիմով եւ դրանով յաճախ ջուր լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին։

Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպւում այն մտքի հետ, որ 1830-ական թւականներին ստիպւած էր զիջել Ախալցխայի փաշալիքը Ռուսական կայսրութեանը։ Այն մինչեւ հիմա հաւակնութիւններ ունի Աջարիայի ու Ջաւախքի նկատմամբ, բայց ի տարբերութիւն 1918 թւականի, երբ Թուրքիան բացայայտ ձեւով յարձակւել էր Սամցխէ-Ջաւախքի վրայ, հիմա Թուրքիան փորձում է այս շրջաններին տիրանալ ֆինանսական ներդրումների ու մարդկային ներհոսքի միջոցով։ Սակայն չի բացառւում, որ օրերից մի օր անհաւասարակշիռ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխարհաքաղաքական դէպքերի բերումով որոշի զօրք մտցնել Աջարիա ու Ջաւախք։ Դէպքերի նման զարգացումը այս պարագայում ֆանտաստիկաի ժանրից է թւում եւ այն այս պայմաններում քիչ հաւանական է, սակայն ոչ մէկ չգիտի ինչ իրավիճակ է լինելու վաղը մեր տարածաշրջանում։ Ու եթէ մենք հաշւի առնենք Թուրքիայի ռազմական ագրեսիան Իրաքում ու Սիրիայում, ինչպէս նաեւ հիւսիսային Կիպրոսի բռնազաւթումը ու ագրեսիւ պահւածքը Հայաստանի նկատմամբ, ապա ամէն ինչ իր տեղն է ընկնում բացայայտելով Թուրքիայի իրական պատկերը։ Նոյնիսկ ինքը Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի թաքցրել, որ հաւակնութիւններ ունի Բաթումիի նկատմամբ։

Եւ ահա այս պայմաններում արդէն ուղիղ 30 տարի է ինչ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանը արագ տեմպերով հայաթափւում է խնդիրներ ստեղծելով Վրաստանի ու Հայաստանի անվտանգութեան համար։ Հետաքրքրականը այն է, որ ոչ Հայաստանը եւ առաւել եւս ոչ Վրաստանը չեն գիտակցում այս վտանգի հետեւանքները։ Վրաստանը նոյնիսկ կարծում է, որ ինքնուրոյն կարողանալու է լուծել այս դեմոգրաֆիկ խնդիրը, որը ստեղծւել է հայերի հեռացման հետեւանքով։ Սակայն վերջին տարիների փորձը ցոյց է տալիս, որ հայաթափւած Ախալցխա քաղաքում հայերի տեղը զբաղեցրել են նոյն շրջանի գիւղերից քաղաք իջած վրացիները, ինչի հետեւանքով իրենց վրացական գիւղերն են դատարկւել։ Դրանից բացի նրանց մի մասը հեռացել է Թբիլիսի, ցանկանալով ապրել մայրաքաղաքում։ Վերջին տասնամեակներին, եթէ ինչ-որ ներգաղթ էլ եղել է դա կատարւել է այսպես կոչւած թուրք-մեսխեթցիների հաշւին։ Այսպիսով պէտք է փաստենք, որ շրջանը կամաց-կամաց հայաթափւում է վտանգելով իր քրիստոնէական դիմագիծը։ Նոյն իրավիճակն է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում։ Ուղակի այնտեղ գիւղերի շատ լինելու պատճառով խնդիրը այդքան աչքի չի ընկնում ինչպէս Ախալցխայում։

Ադրբեջանը իր հերթին ամէն ջանք գործադրում է, որ Վրաստանի Քւեմօ Քարթլի շրջանում, որը սահմանակցում է Սամցխէ-Ջաւախքին, գնալով աւելանայ ադրբեջանական բնակչութիւնը ու դրա հետ մէկտեղ իր ազդեցութիւնը։ Նրանց ծրագիրը շատ պարզ է։ Այստեղով իրականացւում են նրանց տնտեսական եւ տրանսպորտային խոշորագոյն նախագծերը, որոնք են Բաքու-Թբիլիսի-Ջէյհանը եւ Բաքու-Թբիլիսի-Կարսը։ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տրանսպորտային ու էներգետիկ կապը արդէն փաստացի կայ եւ մնում է այն ամրագրել թուրքական ազգաբնակչութեան ներկայութեամբ։ Իսկ հայաթափւած եւ թուրք-մեսխեթցիներով բնակեցւած Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանի վերջին հանգրւանը Թուրքիան ու Ադրբեջանն է լինելու։ Նման չարաբաստիկ սցենարի իրականացման դէպքում Վրաստանը կարող է կորցնել այս գեղեցիկ շրջանը, իսկ Հայաստանը յայտնւել Թուրքիայի ու Ադրբեջանի լիակատար շրջափակման մէջ։ Այս իրավիճակում Նախիջեւանի հայաթափման ցաւալի ու վտանգաւոր հետեւանքները շատ աւելի մեղմ են թւալու քան Ջաւախքի հնարաւոր հայաթափման հետեւանքները։

2018 թւականին Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Նոր Հայաստանի իշխանութիւնները պէտք է լաւ վերլուծեն այս տարածաշրջանում կատարւող իրադարձութիւնները եւ փորձեն անկեղծ զրոյց սկսել Վրաստանի իշխանութիւնների հետ կանխելու համար թուրք-ադրբեջանական նենգ ծրագիրը Սամցխէ-Ջաւախքի ու Աջարիայի վերաբերեալ։ Դա հարկաւոր է անել ինչպէս Հայաստանի այնպէս էլ Վրաստանի անկախութեան ու ինքնիշխանութեան ապահովման համար։

 

Սամցխէ-Ջաւախքի Մեդիա վերլուծական կենտրոն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։