Հա

Քաղաքական

16/02/2020 - 12:10

Սիրիա. Կարեւոր բարոյական քայլ քաղաքական դրդապատճառներով

Սիրիայի ժողովրդական ժողովը փետրւարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ «20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձեւը: Այսպիսով, Սիրիան դարձաւ Լիբանանից յետոյ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը:

ԱՐՄԷՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Սիրիայի ժողովրդական ժողովը փետրւարի 13-ին միաձայն ընդունել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացւած՝ «20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից Հայոց Ցեղասպանութեան եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող» բանաձեւը: Այսպիսով, Սիրիան դարձաւ Լիբանանից յետոյ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ըստ նշւած յանձնախմբի ղեկավար սիրիահայ պատգամավոր Նորա Արիսեանի՝ 2020 թ. յունւարի 20-ին գումարւել էր կառոյցի արտահերթ նիստը, որի ընթացքում լայօրէն քննարկւել էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը:

Այնուհետեւ, նիստի տեղեկագիրը ներկայացւել է խորհրդարանի նախագահութեանը՝ այն խորհրդարանի օրակարգում ներառելու համար: Բանաձեւում մասնաւորապէս նշւում է՝ «Սիրիայի խորհրդարանը դատապարտում եւ ճանաչում է հայերի ցեղասպանութեան ոճիրը եւ իր խորը զօրակցութիւնը յայտնում եղբայրական հայ ժողովրդին, ինչպէս նաեւ դատապարտում է պատմական իրողութիւնը ժխտող եւ խեղաթիւրող որեւէ փորձ` այն համարելով մարդկութեան դէմ իրականացւած ամենածանր ոճիրներից մէկը»:

Հարկ է նշել, որ սիրիական հակամարտութեան ողջ ընթացքում, հաշւի առնելով թուրքական իշխանութիւնների ոչ բարեկամական, անգամ թշնամական դիրքորոշումը եւ գործողութիւնները սիրիական իշխանութիւնների հանդէպ, Սիրիայի Հայ Դատի յանձնախմբի եւ սիրիահայ համայնքային այլ կառոյցների կողմից պարբերաբար փորձեր են նախաձեռնւել երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման վերաբերեալ բանաձեւը առաջ մղելու ուղղութեամբ։ Դեռեւս 2015 թ. մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանը յատուկ նիստով յարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին:

Այդուհանդերձ, որքան էլ բարեկամական Սիրիա պետութեան կողմից նախաձեռնւած քայլը բարոյական առումով գնահատելի է, բայցեւայնպէս պէտք է արձանագրել, որ հայ ժողովրդի ազգային ողբերգութիւնը հերթական անգամ օգտագործւում է՝ որպէս Թուրքիային պատժելու կամ պատասխանելու գործիք: ՍԱՀ խորհրդարանի կողմից նման բանաձեւի ընդունումը ժամանակային եւ իրավիճակային առումով համընկնում է Սիրիայի հիւսիս-արեւմտեան Իդլիբ նահանգում ընթացող զարգացումների պատճառով թուրք-սիրիական յարաբերութիւնների ծայրաստիճան սրումով: Շուրջ 1 ամիս է՝ սիրիական կառավարական ուժերը կրկին ակտիւացրել են 2017 թ. մայիսին սիրիական հակամարտութեան կարգաւորմանը միտւած «Աստանայի ձեւաչափով» նախատեսւած 4 ապառազմականացւած գօտիներից վերջինի՝ Իդլիբ նահանգի վերջնական ազատագրման ռազմագործողութիւնը, որի յաջողման պարագայում, ըստ էութեան, հիմնականում աւարտին կը մօտենայ հակամարտութեան ռազմական բաղադրիչը: Իդլիբի գործողութիւնը կասեցւել էր դեռեւս 2018 թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների արդիւնքում հաստատւած հրադադարի ռեժիմով: Ընտ դրանց՝ Թուրքիան պարտաւորւում էր զատել շրջանում գործող ահաբեկչական եւ չափաւոր ընդդիմադիր խմբաւորումներին, իսկ ռուս եւ թուրք զինւորականները համատեղ դիտարկելու էին հրադադրի ռեժիմը: Մինչդեռ անցած շուրջ 1.5 տարւայ ընթացքում Անկարան այդպէս էլ չկարողացաւ իրականացնել իր պարտաւորութիւնները, եւ սիրիական կառավարական ուժերն իրենց դաշնակիցների, այդ թւում արտաքին՝ Ռուսաստանի եւ Իրանի աջակցութեամբ, փորձում են վերջնականապէս հանգուցալուծել Իդլիբի թնջուկը: Իրավիճակը սրւեց յատկապէս անցած 10 օրերի ընթացքում, երբ արձանագրւեցին թուրք-սիրիական անմիջական բախումներ, երկկողմ զոհեր (թուրքական կողմից 14 զինծառայող), նիւթական վնասներ:

Արդիւնքում պէտք է հաւաստել, որ սիրիական հակամարտութեան ողջ ընթացքում թուրք-սիրիական երկկողմ յարաբերութիւններն այսքան չէին լարւել, նման բնոյթի եւ մասշտաբի ուղիղ բախումներ չէին գրանցւել: Ստեղծւած իրավիճակը պայմանաւորւած է նաեւ լարւածութիւնը մեղմելու նպատակով երկկողմ յարաբերութիւններում աւանդական միջնորդների՝ Ռուսաստանի եւ Իրանի ընդգծւած կրաւորական կեցւածքով, որոնք նախկինում մշտապէս կանխել են թուրք-սիրիական ուղղակի առճակատման որեւէ հնարաւորութիւն: Իսկ այս հանգամանքն իր հերթին կարելի է հիմնաւորել Իդլիբում նաեւ Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Իրան խորքային հակասութիւններով, որը դրսեւորւում է նաեւ քաղաքական եւ հռետորաբանական հարթութիւններում: Հետեւաբար նման պայմաններում, երբ հիմնական բոլոր մակարդակներում ծայրաստիճան սրւել է նաեւ կողմերի միջեւ հռետորաբանութիւնը, իսկ Թուրքիայի խորհրդարանից հնչում են անգամ Դամասկոսը գրաւելու վերաբերեալ յայտարարութիւններ, Սիրիայի խորհրդարանում նախաձեռնւում է Թուրքիայի թշնամական քայլերի դէմ պատասխան գործընթաց:

Չնայած վերոնշեալ օբիեկտիւ հանգամանքներին, այդուհանդերձ, Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացի վրայ, անշուշտ, իրենց կարեւոր ազդեցութիւնն է ունեցել նաեւ սիրիահայ համայնքային եւ հոգեւոր կազմակերպութիւնների, խորհրդարանի ազգութեամբ հայ պատգամաւորների նպատակաուղղւած եւ հետեւողական գործունէութիւնը: Դրականօրէն է ազդել սիրիահայերի սկզբունքային դիրքորոշումն ու հաւատարմութիւնը Սիրիա-հայրենիքի ամբողջականութեան պահպանման, հակամարտութիւնը բացառապէս խաղաղ եղանակով կարգաւորելու ջանքերին:

Բացի թւարկւածներից նման գործընթացին էականօրէն խթանել է նաեւ ճգնաժամի ողջ ընթացքում հայ-սիրիական եւ Հայաստան-Սիրիա յարաբերութիւնների խորացման իրողութիւնը: Պաշտօնական Երեւանի եւ հայ ժողովրդի մշտական հոգեբանական, նաեւ առարկայական՝ տարաբնոյթ մարդասիրական օգնութեան տրամադրման եղանակով զօրակցութիւնը բարեկամ սիրիացի ժողովրդին եւ նրա հայրենիքն արիւնաքամ արած հակամարտութեան ողջ ընթացքում, հայկական Հումանիտար առաքելութեան արդէն շուրջ 1 տարի շարունակւող գործունէութիւնը Հալէպում յաւելեալ կերպով նպաստել են այս գործընթացի հասունացմանը:

Միեւնոյն ժամանակ, հաշւի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան նախագահական պետութիւն է, այդ երկրի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացն իրաւական առումով ամբողջական եւ աւելի ազդեցիկ դարձնելու տեսանկիւնից անհրաժեշտ է դրա վաւերացումը նաեւ նախագահի ինստիտուտի մակարդակով:

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։