Հա

Քաղաքական

18/02/2020 - 10:10

Իդլիբից՝ Ղարաբաղ. Թուրքիան կը վառի՞ Կովկասում պատերազմի պատրոյգը

Պատերազմից հնարաւոր չէ խուսափել, այն հնարաւոր է լոկ հետաձգել՝ օգուտ հակառակորդի. իտալացի փիլիսոփա Նիկոլոյ Մաքիաւելիի այս միտքը, ցաւօք, կիրառելի է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ստեղծւած իրողութիւնների պարագայում: Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցութիւններ են վարում յանուն բանակցութիւնների՝ առանց որեւէ լուրջ յոյսի, որ քաղաքական փոխզիջման կարելի է հասնել:

«alikonline.ir» - Պատերազմից հնարաւոր չէ խուսափել, այն հնարաւոր է լոկ հետաձգել՝ օգուտ հակառակորդի. իտալացի փիլիսոփա Նիկոլոյ Մաքիաւելիի այս միտքը, ցաւօք, կիրառելի է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ստեղծւած իրողութիւնների պարագայում: Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցութիւններ են վարում յանուն բանակցութիւնների՝ առանց որեւէ լուրջ յոյսի, որ քաղաքական փոխզիջման կարելի է հասնել: Կողմերն արդէն երկար ժամանակ բացայայտօրէն նախապատրաստւում են յարաբերութիւնների պարզմանը նոր, մասշտաբային ռազմական եղանակով, այլ ոչ՝ բանակցային սեղանի շուրջը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է EADaily-ն:

Յօգուտ հակառակորդի հետաձգումը Բաքւում ու Երեւանում տարբեր կերպ են հասկանում: Հայաստանում լայնօրէն ներկայացւում է կարծիքը, որ ադրբեջանական կողմը մեծացնում է հեռահար եւ ճշգրիտ հարւածող սպառազինութիւնների զինանոցը՝ բլիցկրիգի յոյսով, որը տեղի կունենայ հակառակորդի համար անսպասելի ժամանակ: Ընդ որում՝ նշւում է, որ 2016-ի ապրիլեան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է ղարաբաղեան ճակատի մի քանի ուղղութիւններով միաժամանակ յանկարծակի յարձակւելու հնարաւորութիւնը: Որպէս հիմնաւորում նշւում է հայկական զօրքերի պաշտպանութեան գծի ամբողջ երկայնքով զգալի ուժեղացումը եւ մերձճակատային գօտում հակառակորդի ակտիւութեան հետախուզման միջոցների տեղակայումը:

Իսկ Բաքւում այն կարծիքին են, որ հայկական կողմի համար պատերազմի հետաձգման օգուտը ռազմաքաղաքական համալիր բնոյթի է: Մի կողմից Երեւանը կարողացել է ապրիլեան քառօրեայից յետոյ զգալիօրէն ամրացնել «հարւածող բռնուցքը» («Իսկանդեր- Է» օպերատիւ մարտավարական հրթիռային համալիրներ, «Սմերչ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր, Su-30SM բազմանպատակային կործանիչներ), միւս կողմից՝ մեծանում է Ռուսաստանի աջակցութիւնը ՀԱՊԿ գործընկերոջը՝ հաշւի առնելով ընթացիկ իրավիճակը Հարաւային Կովկասում եւ յարակից տարածաշրջաններում:

Ի դէպ, Ադրբեջանն էլ աւելի շատ է յենւում Թուրքիայի վրայ, որի ուշադրութիւնը Ղարաբաղի նկատմամբ աւելի է մեծանում Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի հետ «փափուկ» առճակատման ամէն փուլում: Սիրիական Իդլիբում այս օրերին լարւածութեան աճ կայ, ներքաշւած են Անկարան ու Մոսկւան:

Յայտնի է, որ դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ամուր համաձայնագիր էր ստորագրւել առ այն, որ Ղարաբաղում Բաքւի ցանկացած ակտիւ ռազմական գործողութեան մասին թուրք դաշնակիցը պէտք է նախապէս տեղեակ լինի: Հետագայում համաձայնագիրն ընդլայնւեց մի շարք ճշգրտող պայմանաւորւածութիւններով՝ ընդհուպ համատեղ ծրագրերի մշակումը, եթէ Ադրբեջանը որոշի «վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը» Ղարաբաղում:

Ապրիլեան պատերազմը ռուս-թուրքական առճակատման անդրկովկասեան շարունակութիւնն էր, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին Թուրքիան «թիկունքից հարւած» հասցրեց՝ Սիրիայի հիւսիս-արեւմուտքում թուրքական F-16-ը խոցեց ռուսական SU-25 ռմբակոծիչը:

Լարւածութիւնը Ղարաբաղում Թուրքիային հետաքրքիր է որպէս ծանրակշիռ ռեսուրս եւ միաժամանակ փաստարկ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական առեւտրում: Սիրիական Իդլիբում ռազմական իւրաքանչիւր գործողութիւնից յետոյ Թուրքիա են ուղղւում տասնեակհազարաւոր փախստականներ: Ներկայումս հաւասարապէս Թուրքիայի աջակցութիւնը վայելող՝ հաշտութեան չգնացող եւ «չափաւոր» գրոհայինների այդ վերջին յենակէտը նախագահ Էրդողանի համար դարձել է իր ճշմարտացիութիւնը սիրիական ուղղութեամբ պաշտպանելու սկզբունքային կէտ: Նրա համար այստեղ ամէն ինչ յստակ է՝ կայ թշնամի՝ ի դէմս Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի, եւ կայ սիրիական զինւած ընդդիմութիւն, որին պէտք է մարտունակ վիճակում պահել, որպէսզի հարաւային սահմաններին պահպանւի Անկարայի ու Դամասկոսի միջեւ ստեղծւած բուֆերային գօտին:

Եթէ տեղափոխւենք «անդրկովկասեան Իդլիբ» (թուրքական տեսանկիւնից), ապա այստեղ Ռուսաստանի համար ամէն բան յստակ չէ: Կայ միակ ռազմական դաշնակիցը տարածաշրջանում ՝ Հայաստանը, ինչն ապրիորի պահանջում է, որ նրան համապատասխան աջակցութիւն տրամադրւի, սակայն կայ նաեւ Ադրբեջանը որի հետ Ռուսաստանը չի պատրաստւում խզել երկկողմանի յարաբերութիւնները: Ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարւածութեան ցանկացած մասշտաբային էսկալացիայի պարագայում Ռուսաստանը շատ նուրբ ու դժւար իրավիճակում է յայտնւում, քանի որ այս կամ այն կողմի «ընտրութիւնը» յղի է ամենաանցանկալի հետեւանքներով: Իսկ եթէ այդպէս է, ապա Էրդողանի՝ վերը նշւած ռեսուրսն ու փաստարկը կոնսերւացւածից անցնում են աշխատանքային վիճակի Ղարաբաղում ռազմական սցենարի գործարկման ժամանակ:

Փետրւարի 15-ին Միւնխէնի անվտանգութեան համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ բանավէճը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սահմանափակեց թեզով, թէ հայերն իրենց ինքնորոշման իրաւունքը եւս մէկ անգամ իրագործելու համար թող աշխարհի քաղաքական քարտէզի վրայ այլ վայր փնտրեն, բայց ոչ՝ Ադրբեջանը: Բացի դրանից՝ հերթական անգամ հրապարակաւ մերժեց Երեւանի առաջարկած՝ հակամարտութեան կարգաւորման փաթեթային տարբերակը: Բաքուն ցանկանում է ինչ-որ բան ստանալ միանգամից ու հէնց հիմա՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքական կարգավիճակի վերաբերեալ որոշումը: Այդ «միանգամիցն ու հէնց հիման» 1994-ի մայիսից՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից անժամկէտ հրադադարի մասին պայմանագրի կնքումից յետոյ հայկական զօրքերի կողմից վերահսկւող տարածքների մի մասն է: Նման յայտարարութիւններ մէկ անգամ չէ, որ հնչեցւել են Ադրբեջանի քաղաքական բարձր ղեկավարութեան կողմից, դրանք տեղ չեն թողնում բանակցութիւնների համար, գործնականում հակամարտութեան կարգաւորումը դիւանագիտական դաշտից դուրս են մղում դէպի բացառապէս ռազմական լուծման դաշտ: Հասկանալով դա՝ հայկական կողմը, Փաշինեանի բերանով, նշում է, որ առաջատար համաշխարհային տէրութիւնները պէտք է հանդէս գան կոշտ յայտարարութեամբ, որ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծում չունի, դա բացառւում է: Երեւանի դիրքորոշումը հասկանալի է և արձագանք է գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ յայտարարութեան մէջ: Թարմացնել այդ թեզիսը Բաքւի յիշողութեան մէջ, նաեւ Թուրքիային յստակ ազդանշան յղել Ղարաբաղում ստատուս քւոյի նոր խզման անթոյլատրելիութեան վերաբերեալ ներկայումս, անշուշտ, տեղին կը լինէր: Սակայն Վաշինգտոնն ու Փարիզն այլ խնդիրներ ունեն, բացի դրանից՝ ռուս-ամերիկեան յարաբերութիւնները չեմ նպաստում նման համատեղ դիրքորոշումների մշակմանը եւ հռչակմանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ լարւածութեան մեծացման ժամկէտներին, ապա եթէ Բաքուն նախընտրի ռազմական սցենարը, դրա համար յարմար ժամանակ է գարունը՝ մինչեւ ամառ: Փետրւարի 9-ին Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, որոնցում Ալիեւի ղեկավարած «Ենի Ազերբայջան» կուսակցութիւնը պահպանեց մեծամասնութիւնը օրէնսդիր մարմնում: Սակայն որոշ ընտրատարածքներում պիտի նոր ընտրութիւններ անցկացւեն, ինչը որոշակի ժամանակ է պահանջում: Նաեւ ժամանակ է հարկաւոր ադրբեջանական քաղաքական վերնախաւի կառուցւածքում որոշակիութիւն մտցնելու համար՝ հաշւի առնելով իշխանութեան նախատեսւած «տրանզիտը» (իշխանութեան փոխանցումը Մեհրիբան Ալիեւային): Յունիսի 12-ից՝ ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան մեկնարկից յետոյ, որի 4 խաղ տեղի է ունենալու Բաքւում, Ալիեւի համար «հնարաւորութիւնների պատուհանը» փակւում է եւ տեղափոխւում յաջորդ աշուն:

2020-ի գարունը կարեւոր փուլ է Ադրբեջանում ապագայ իշխանութեան յստակեցման համար: Դա քիչ պակաս պատասխանատու փուլ չէ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի դիմակայութեան համար: Մարտի 31-ին ԼՂՀ-ում կանցկացւեն նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Բաքւի համար գայթակղիչ գաղափար է՝ խանգարել «օկուպացիոն ռեժիմին»՝ ժողովրդավարական ճանապարհով դարձեալ հաստատել իրողութիւնները Ղարաբաղում: Դա կարող է Անկարայի ակտիւ հաւանութեանն արժանանալ, որտեղ այս օրերին փորձում են նոր ալգորիթմ մշակել Սիրիայում Մոսկւայի հետ յարաբերութիւններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։