Հա

Քաղաքական

25/02/2020 - 08:40

Վրացի փորձագէտն առաջարկում է ամերիկեան բազան Ինջիրլիքից Վրաստան տեղափոխել

Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը:

«alikonline.ir» - Բախւելով վերջին տարիներին ռազմավարական տարբերւող շահերի հետ՝ կապւած տարածաշրջանում Թուրքիայի ու Իրանի աճող ազդեցութեան հետ, Վաշինգտոնին անհրաժեշտ է վերանայել ԱՄՆ աւիաբազան Թուրքիայից Վրաստան տեղափոխելու հարցը: Այս մասին ըստ News.am-ի՝ Washington Examiner-ում գրում է Արտաքին քաղաքականութեան հետազօտութիւնների ինստիտուտի Եւրասիայի ծրագրի աշխատակից Միրօ Պոպխաձէն։

«Միացեալ նահանգները նաեւ պէտք է հաշւի առնի ռուսական ագրեսիան եւ էքսպանսիոնիզմը ռազմավարական կարեւոր տարածքներում՝ արեւելեան Եւրոպայի սահմաններից դուրս։

Հարցեր են ծագում՝ կապւած Ինջիրլիք բազայի ապագայի հետ, որտեղ գտնւում են ամերիկեան միջուկային մարտագլխիկները, եւ որը 100 մղոն է հեռու Թուրքիայի ու Սիրիայի սահմաններից՝ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ աճող լարւածութեան ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին յայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել բազան՝ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի եւ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի ընդունման։

Վրաստանը կարող է առաջարկել Վազիանիի աւիաբազան՝ որպէս ԱՄՆ ռազմական աւիաբազայի կառուցման պոտենցիալ վայր»,- գրում է հեղինակը՝ բազայի տեղը եւ ենթակառուցւածքը նշելով որպէս աւելի կարեւոր դեր խաղալու պոտենցիալ հնարաւորութիւն՝ օգնելով Վաշինգտոնին մեծացնել ռազմական հզօրութիւնը, ինչպէս նաեւ սահմանափակել իրանական ազդեցութիւնը տարածաշրջանում, միաժամանակ զսպել ռուսական սպառնալիքը Հարաւային Կովկասի համար։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։