Հա

Քաղաքական

26/02/2020 - 12:00

Եւրոխորհրդարանը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիրներ Քաւալային եւ Դեմիրթաշին

Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին:

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը թուրքական իշխանութիւններին կոչ է արել բանտից ազատ արձակել ընդդիմադիր գործիչներ Օսման Քաւալային եւ Սելահաթին Դեմիրթաշին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է t24.com.tr կայքը:

Արտաքին կապերի յանձնաժողովը նշել է նաեւ, որ Թուրքիայում օրէնքի գերակայութեան հարցում ծագած խնդիրները պէտք է լուծել:

2020 թւականին Եւրոխորհրդարանի արտաքին կապերի հարցերով յանձնաժողովը իր առաջին այցը կատարել է հէնց Թուրքիա: Անկարայում յանձնաժողովի պատւիրակութիւնը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի, ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների եւ մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովի անդամների, արդարադատութեան նախարարութեան ներկայացուցիչների, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, Մարդինի՝ պաշտօնանկ արւած նախկին քաղաքապետ Ահմեթ Թուրքի եւ լրագրողների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկւել են Թուրքիայի արդարադատութեան ոլորտի խնդիրները: Յանձնաժողովի անդամները նշել են, որ Թուրքիայից թիւ մէկ սպասելիքը դատական համակարգի անկախութիւնն է:

Պատւիրակութեան անդամները ընդգծել են, որ Թուրքիան պարտաւոր է իրականացնել Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի որոշումները եւ դրա շրջանակներում ազատ արձակել քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան  առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին եւ գործարար Օսման Քաւալային, ինչպէս նաեւ քննադատութեան են ենթարկել ազատ արձակման որոշումից յետոյ Քաւալային կրկին կալանաւորելու որոշում կայացնելը:

Յիշեցնենք, որ թուրք գործարար, վերլուծաբան եւ հասարակական գործիչ Օսման Քաւալան, որը փետրւարի 18-ին, արդարացւել էր 2013 թւականին տեղի ունեցած հակակառավարական ցոյցերի մեղադրանքով, կրկին ձերբակալւել էր արդէն յաջորդ օրը` փետրւարի 19-ին:

Քաւալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական յայտնի «Անադոլու քիւլթուր» հիմնադրամը, որը զբաղւում է մշակութային փոխանակութեան ու մշակութային ժառանգությեան ուսումնասիրութեան լայնածաւալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում եւ Եւրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանաւորել է նաեւ Դիարբեքիրի մշակութային տան, Պատմութեան հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի անդամ է:

2016 թւականի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում եւ Անկարայում ձերբակալւել է քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 10-ից աւելի անդամ, այդ թւում` կուսակցութեան արդէն նախկին համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը: ԺԴԿ պատգամաւորներին մեղադրում են «Քրդստանի բանւորական» կուսակցությեան հետ կապեր ունենալու համար: Սելահաթթին Դեմիրթաշը գտնւում է թուրքական Էդիրնէ նահանգի բանտում, նրա դէմ դատական գործընթացը շարունակւում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։