Հա

Քաղաքական

26/02/2020 - 15:10

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարութիւնները ադրբեջանցիների վկայութիւններով

Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ակնյայտ կեղծ եւ անհիմն տեղեկութիւններ տարածել «Խոջալուի կոտորածի» վերաբերեալ, կամ որ աւելի ճիշտ է՝ Աղդամի իրադարձութիւնների: Մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ստեղծել մի կեղծ պատկեր, թէ Խոջալու բնակավայրում «հայերի կողմից կոտորւել են ադրբեջանցիներ, այդ թւում՝ կանայք եւ երեխաներ»: Իրականութիւնը, սակայն, բոլորովին այլ է:

ՏԱՐՕՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ակնյայտ կեղծ եւ անհիմն տեղեկութիւններ տարածել «Խոջալուի կոտորածի» վերաբերեալ, կամ որ աւելի ճիշտ է՝ Աղդամի իրադարձութիւնների: Մինչ օրս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ստեղծել մի կեղծ պատկեր, թէ Խոջալու բնակավայրում «հայերի կողմից կոտորւել են ադրբեջանցիներ, այդ թւում՝ կանայք եւ երեխաներ»: Իրականութիւնը, սակայն, բոլորովին այլ է:

Ինչպէս գիտենք, 1992 թ. փետրւարի լոյս 26-ի գիշերը Խոջալուից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի թողած միջանցքով հեռացած եւ այնուհետեւ Խոջալուից շուրջ 10 կմ. հեռավորութեան վրա յայտնաբերւած «ադրբեջանցիների» դիակները լուսանկարահանել է ադրբեջանական այժմ արդեն չգործող ANS հեռուստաընկերութեան լրագրող Չինգիզ Մուստաֆաեւը: Վերջինս նկարահանում իրականացրել է երկու անգամ՝ փետրւարի 29-ին եւ մարտի 2-ին: Առաջին անգամ, ինչպէս նշում է ինքը Մուսատաֆաեւը, իրենց այդտեղ չէին սպասում: Երկրորդ անգամ Չ. Մուստաֆաեւի հետ դէպքի վայր են տարւել նաեւ միջազգային լրագրողներ:

Միջադեպից յետոյ՝ 1992 թ. մարտի 25-ին, Ադրբեջանի Գերագոյն խորհրդում (խորհրդարան) ստեղծւել էր պատգամաւորական յանձնաժողով, որը պէտք է քննէր այն: Հարցի քաղաքական կողմը եւ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ սեփական զոհերի շահարկումները պարզորոշ երեւում են հէնց այստեղից. դեռեւս քննութիւն չանցկացրած, միջադէպը քննելու համար յանձնաժողովի ստեղծման վերաբերեալ որոշման մէջ արդէն իսկ այն անւանւում էր «ցեղասպանութիւն»՝ առանց որեւէ հիմքի եւ քննութեան: Ո՞րն էր այսպէս շտապելու պատճառը. սա ցոյց է տալիս հէնց ադրբեջանական աղբիւրների հետազօտութիւնը:

Պատգամաւորների յանձնաժողովին որպէս վկայ իր տեսածը պատմել է նաեւ Չ. Մուստաֆաեւը: Նրա վկայութեան տեսագրութիւնը ամբողջութեամբ համացանցում յայտնւել է միայն աւելի քան 25 տարի անց: Այստեղ Մուստաֆաեւը նշում է, որ փետրւարի 28-ին մեկնում է Աղդամ, այնուհետեւ մի կերպ համոզում, որ իրեն փոխադրամիջոց տան՝ գնալու միջադէպի վայր: Սկզբում նրան ասում են, թէ դիակները եղել են Խոջալուում, այն էլ արդէն վերադարձրել են: Ի վերջոյ, երբ Մուստաֆաեւին ուղղաթիռ են տրամադրում այլ տեղ գնալու համար՝ նա օդաչուներին խնդրում է գնալ այն վայրով, որտեղ, ըստ Խոջալուից Աղդամ հումանիտար միջանցքով հեռացած բնակիչների՝ իրենց համաքաղաքացիներից պէտք է լինէին՝ կենդանի:

Նշւած վայրը, ինչպէս նշում է Մուստաֆաեւը, եղել է Խոջալուից 10 կմ. եւ ադրբեջանական դիրքերից ընդամենը շուրջ 700 մետր հեռաւորութեան վրայ: Հէնց այդտեղ է նաեւ տեսել ադրբեջանցիների շուրջ 50 դիակ: Սա այն դիակներն են, որոնք տեսայ եւ լուսանկարահանվել են ու ցուցադրւում են մինչ օրս:

Մուստաֆաեւն այստեղ հետաքրքիր մանրամասներ է նկատում, ինչը նաեւ տեսանկարահանել է. դիակների արանքում պտտւում են ադրբեջանցի զինւորականներ՝ Աղդամից: Նրանց հետ եղել է նաեւ երեք ուղղաթիռ, որոնք, տեսնելով Մուստաֆաեւին՝ միանգամից վերադարձել են: Այդ 10 զինւորականը, ինչպէս նշում է Մուստաֆաեւը, վերադարձել են Աղդամ ոտքով, այնպէս՝ ինչպէս եւ եկել էին:

Այսինքն, այն վայրը, որտեղ Խոջալուի բնակիչների մարմիններն էին՝ ադրբեջանական դիրքից հեռու էր ընդամենը 700 մետր, եւ ադրբեջանցի զինւորականներն իրենց դիրքերից ոտքով հանգիստ գալիս էին այդ շրջան, պտտւում եւ յետ վերադառնում:

Մինչդեռ Չինգիզ Մուստաֆաեւին մինչ այդ վստահեցրել են, որ այդ շրջանում «հայերն են», այնտեղ գնալ չի լինում: Այստեղ հարց է առաջանում, ինչպէ՞ս են այդ մարդիկ սպանւել մի տարածքում, որը հայկական ուժերից հեռու էր եւ ադրբեջանական դիրքից ընդամենը 700 մետր հեռաւորութեան վրայ ու ամբողջութեամբ նրանց տրամադրութեան ներքոյ:

Այստեղից առաջ են գալիս նաեւ միւս հարցերը. Երբ երկրորդ անգամ՝ մարտի 2-ին, Մուստաֆաեւը վերադառնում է միջադէպի վայր, նկատում է, որ մարմինների մի մասը այդ միջակայքում խեղւել են. հանւել են գլխամաշկերը, իրականացւել են այլ դաժանութիւններ:

Այս ամէնը տեղի էր ունեցել փետրւարի 29-ի եւ մարտի 2-ի միջակայքում, երբ այդ տարածքում, ինչպէս նշում է Մուստաֆաեւը, ազատ կերպով շրջում էին ադրբեջանական զինւորականները: Այդ ամէնը հաստատւում է նաեւ առկայ տեսանիւթերով:

Հարց է առաջանում, թէ ինչպէ՞ս կարող էին հայերը խեղել սպանւած անձանց դիակները մի վայրում, որը ադրբեջանական կողմի վերահսկողութեան տակ էր: Միւս կողմից նաեւ անհեթեթ է նման բանը քննարկելը, քանի որ աննպատակ է անգամ հնարաւորութեան դէպքում մտնել այդ տարածք, իրականացնել դաժանութիւններ՝ իմանալով, որ Ադրբեջանն արդէն իսկ հրաւիրել է միջազգային լրագրողների, որոնք նկարահանում են միջադէպի հետեւանքները: Իսկ ադրբեջանական կողմը, մասնաւորապէս՝ այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի քաղաքական հակառակորդ Աբուլֆազ Ալիեւի (Էլչիբեյ) ղեկավարած «Ժողովրդական ճակատ»-ը ունէին նման շարժառիթներ: Միջադէպից օրեր անց՝ մարտի 5-ին, այս ամէնի հետեւանքով Ա. Մութալիբովը ստիպւած եղաւ հրաժարական տալ: Այստեղ կարեւոր է նշել, որ միջադէպի վայրից 700 մետր հեռաւորութեան վրայ տեղակայւած դիրքը վերահսկում էին հէնց Ժողճակատի զինեալները:

Այս հարցերի պատասխանները ադրբեջանական կողմը մինչ օրս թողել է անպատասխան՝ ողբերգութիւնն օգտագործելով քաղաքական դիւիդենտներ շահելու նպատակով: Իսկ բոլոր վկաները լռեցւել եւ լռեցւում են: Դրա վառ ապացոյցն է միջադէպից ընդամենը 3.5 ամիս անց՝ 1992 թ. յունիսի 15-ին նոյն վայրում մարտերի ընթացքում Խոջալուի գործով կարեւորագոյն վկայ Չ. Մուստաֆաեւի՝ ադրբեջանական գրադի բեկորից «պատահաբար» սպանւելը:

Միւս ապացոյցը ներկայումս Ադրբեջանի իշխանական քարոզչութեան «ամենավառ» դէմքերից Էյնուլլա Ֆաթուլաեւն է: Վերջինս, մինչեւ Ադրբեջանում քրէական պատասխանատւութեան ենթարկւելը եւ դրանից յետոյ իշխանական քարոզիչի վերածւելը անկախ հետաքննութիւն էր իրականացրել, ինչի արդիւնքում հաստատել էր, որ հումանիտար միջանցք եղել է Խոջալուի բնակիչների անվտանգ հեռանալու համար:

Ադրբեջանի կողմից իրականացւած այլ զեղծարարութիւներին կարող էք ծանօթանալ Xocali.net կայքում:

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։