Հա

Քաղաքական

29/02/2020 - 10:10

ՆԱՏՕ-ն լւանում է ձեռքերը. ո՞ւր է գնալու Թուրքիան

Ռուս-թուրքական յարաբերութիւնները, որոնք առանց այն էլ վերջին շրջանում խիստ սրւած են՝ կապւած Իդլիբի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ, սպառնում են վերաճել թշնամականի. սիրիական հողում վերջին աւիահարւածների արդիւնքում գրանցւած երեք տասնեակից աւել թուրք զինւորների մահւան առնչութեամբ չափազանց կոշտ է արտայայտւել Էրդողանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը եւ թուրքական «A Haber» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սպառնացել Մոսկւային ծանր վրէժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կայ, Ռուսաստանը ներսից կը պառակտւի։ Եթէ մուսուլմանները սկսեն հարւածել, վրէժը շատ ծանր կը լինի Ռուսաստանի համար»:

ԱՐՄԷՆ ԿԱՐԷՅԵԱՆ

 

Ռուս-թուրքական յարաբերութիւնները, որոնք առանց այն էլ վերջին շրջանում խիստ սրւած են՝ կապւած Իդլիբի շուրջ ստեղծւած իրավիճակի հետ, սպառնում են վերաճել թշնամականի. սիրիական հողում վերջին աւիահարւածների արդիւնքում գրանցւած երեք տասնեակից աւել թուրք զինւորների մահւան առնչութեամբ չափազանց կոշտ է արտայայտւել Էրդողանի արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Մեսութ Հաքքը Ջաշընը եւ թուրքական «A Haber» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում սպառնացել Մոսկւային ծանր վրէժով. «Ռուսաստանում 25 միլիոն մուսուլման կայ, Ռուսաստանը ներսից կը պառակտւի։ Եթէ մուսուլմանները սկսեն հարւածել, վրէժը շատ ծանր կը լինի Ռուսաստանի համար»:

Միաժամանակ յայտնի է դարձել, որ թուրքական կողմի խնդրանքով Պուտինն ու Էրդողանը միմեանց հետ հեռախօսազրոյց են ունեցել եւ քննարկել Իդլիբի անվտանգութեան գօտում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման հարցը: Տեղեկութիւն է ստացւել նաեւ այն մասին, որ կատարւածի առնչութեամբ Լաւրովն է թուրքերին ցաւակցութիւն յայտնել՝ հաւաստիացնելով, որ անում են ամէն բան՝ Իդլիբի շրջանում դէսկալացիայի ռեժիմն ապահովող թուրք զինծառայողների անվտանգութիւնն ապահովելու համար:

Իրավիճակը, որ այժմ ստեղծւել է Մերձաւոր Արեւելքում, իհարկէ, ռիսկային է բոլորի համար, սակայն ամենածանր վիճակում այժմ հէնց էրդողանն է. նա չունի Մոսկւային հակադրելու իրական որեւիցէ բան: Անկարան փաստացի թաղւել է Իդլիբում՝ կանգնելով շատ աւելի խորքային ու բազմաշերտ խնդիրների առաջ:

Ստեղծւած իրավիճակը չափազանց հետաքրքիր է ոչ միայն ռուս-թուրքական հակադրութեան, այլեւ Թուրքիա-Արեւմուտք յարաբերութիւնների համատեքստում. չնայած ՆԱՏՕ-ի կողմից հնչող քաջալերող յայտարարութիւններին՝ Էրդողանն ակնյայտօրէն չունի վստահութիւն, որ անհրաժեշտութեան դէպքում Հիւսիսատլանտեան դաշինքն օգնութեան կը շտապի իրեն: Աւելին՝ Էրդողանը լուրջ կասկածներ ունի, որ Ռուսաստանի հետ բախման դէպքում Անկարան կարող է մնալ միայնակ, քանի որ ցանկութեան դէպքում ՆԱՏՕ-ն կարող է գտնել արդարացումներ ու «լւանալ ձեռքերը»:

Մոսկւան չյապաղեց յայտարարել, որ յարձակումն ուղղւած է եղել գրոհի անցած ահաբեկչական խմբաւորումների դէմ, որոնց կազմում պէտք է որ թուրքեր չլինէին: Այնուհանդերձ, եթէ նոյնիսկ թիրախը թուրքերը լինէին, ապա այս պարագայում էլ էական է այն, որ դէպքը տեղի է ունեցել Սիրիայի տարածքում, ուր Թուրքիան միջազգային բոլոր նորմերով զօրք մտցնելու որեւիցէ թոյլտւութիւն չունէր: Նոյն ինքը՝ ՆԱՏՕ-ն չի ողջունել Անկարայի այդ քայլը:

Միւս կողմից՝ Էրդողանի այն շանտաժները, թէ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ, որեւիցէ էական ուշադրութեան Հիւսիսատլանեան դաշինքում չեն արժանանում՝ նկատի ունենալով յատկապէս ռուսների հետ բախման գործօնը:

Ո՞ւր է գնալու Թուրքիան

Իրավիճակը հետաքրքիր է նաեւ նրանով, որ այս ամէնով հարւածի տակ է յայտնւում նաեւ Թուրքիայի նախագահի հեղինակութիւնը ե՛ւ երկրի ներսում, ուր նրա դիրքերն, ըստ էութեան, այնքան էլ ամուր չեն, ե՛ւ իսլամական աշխարհում. Թուրքիայի հեղինակութեան սասանման հարցն է մէջտեղ գալիս: Իդլիբն Էրդողանի համար այն փորձաքարն է, որը նա պէտք է կա՛մ կարողանայ իր ճանապարհից վերացնել՝ շանս ստանալու համար, կա՛մ բախւել դրան ու տապալւել:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հակամարտութեան նրբերանգներին, ապա այդ հակամարտութիւնն, իհարկէ, շատ աւելի գլոբալ կարող է լինել՝ դուրս գալով նոյնիսկ մերձաւորարեւելեան տարածաշրջանի սահմաններից, եւ Էրդողանի խորհրդականի վերոյիշեալ յայտարարութիւնն այդ իմաստով բաւական խօսուն է, չնայած չի բացառւում, որ այդ ամէնն ընդամենը ներքին օգտագործման համար արւող յայտարարութիւններ են՝ նկատի ունենալով ռեսուրսների այն սղութիւնը, որին Թուրքիան բախւում է ռուսների դէմ պայքարում: Բոլոր դէպքերում կասկած չկայ, որ Մոսկւայում ուշադրութեամբ ունկնդրել են թուրք պաշտօնեային ու արել համապատասխան հետեւութիւններ:

Թուրքերն, ըստ էութեան, ուղղակիօրէն հարւածում են Ռուսաստանի ամենաթոյլ կէտին՝ սպառնալով երկիրը պայթեցնել ներսից եւ շահարկելով իսլամական գործօնը: Անկարան փաստացի Մոսկւային սպառնում է թիւրքական աշխարհի՝ ընդդէմ Ռուսաստանի մոբիլիզացմամբ, չնայած բացարձակապէս պարզ չէ, թէ ինչպէս կամ ինչ ռեսուրսների հաշւին է Անկարան, թէկուզ տեսականօրէն, այդ ամէնն իրականացնելու: Արեւմո՞ւտքն է յոյսը:

Միւս կողմից ռուս-թուրքական լարւածութեան ֆոնին չափազանց խոցելի իրավիճակում է յայտնվում Ալիեւը, ով, փաստօրէն, յայտնւել է Անկարայի կրնկի տակ՝ յոյս ունենալով Թուրքիայի հաշւին կոմպենսացնել սեփական «բացերը»: Արդեօք Բաքուն պատրա՞ստ է յայտնւել մուրճի ու դագանակի արանքում, Ադրբեջանում հաշւարկե՞լ են, թէ ինչ են անելու, եթէ բանը հասնի իրական պատերազմին, եւ նոյն Էրդողանն իր կրտսեր գործընկերոջ առաջ բարձրացնի «մեծ եղբօրն» աջակցելու հարցը՝ թէկուզ հէնց ռուսաստանասփիւռ ադրբեջանական համայնքի ռեսուրսն ի սպաս թուրքական շահերի դնելու տեսքով: «Մէկ ազգ, երկու պետութիւն»-ը այս դէպքում աշխատելո՞ւ է, թէ՞ այն արդիական է միայն, այսպէս ասած, լայն օրերի համար:

Դժւար է, իհարկէ, ճշգրտօրէն պատասխանել բարձրացւած հարցերին, սակայն միանշանակ է, որ Բաքուն առիթը բաց չի թողնի Ռուսաստանին ցաւեցնելու՝ նրա տարածաշրջանային դաշնակցի դէմ հերթական սադրանքը կազմակերպելու միջոցով: Բայց այդ դէպքում էլ Ալիեւի համար գերխնդիր է դառնալու «Մոսկւայի աչքերին ուղիղ նայելը»:

Անկասկած, բոլոր ռիսկերը հաշւի առնելով է, որ Հայաստանում աշխատանքային այցով գտնւող Զասը՝ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարը, յայտարարել է, որ եթէ Երեւանը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադէպերի վերաբերեալ դիմի ՀԱՊԿ-ին, կառոյցը չի յապաղի: «Ղարաբաղեան հակամարտութեան խնդիրը մշտապէս ՀԱՊԿ-ի ուշադրութեան կենտրոնում է։ Մենք արդէն լաւ համակարգ ենք կառուցել, որով Հայաստանը միւս պետութիւններին կարող է տեղեկացնել այդ խնդրի մասին»,-մասնաւորապէս ասել էր ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը՝ յաւելելով, որ ՀԱՊԿ-ը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:

Մերձաւոր Արեւելքում ստեղծւած իրավիճակը Ռուսաստանին եւս մէկ անգամ ի ցոյց է դնում «հայկական սեպի» աշխարհաքաղաքական մեծագոյն արժէքն ու բարձրացնում Երեւանի կշիռը գլոբալ գործընթացներում: Այս իրավիճակում Հայաստանին մնում է  առաւելագոյն հմտութիւն ցուցաբերելու միջոցով ամրապնդել սեփական դիրքերն ու կարողանալ օրակարգային դարձնել հայկական շահը՝ իրավիճակից նւազագոյն կորուստներով դուրս գալով:

 

Tert.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։