Հա

Քաղաքական

29/02/2020 - 13:50

«Հինգ պատճառ, թէ ինչու Իդլիբում պարտւելու դէպքում Էրդողանը կը փորձի ապակայունացնել իրավիճակն Արցախում». Երւանդ Բոզոյեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանն անդրադարձել է Իդլիբում իրավիճակի սրմանն ու ռուս-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր զարգացմանը:

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանն անդրադարձել է Իդլիբում իրավիճակի սրմանն ու ռուս-թուրքական յարաբերութիւնների հնարաւոր զարգացմանը: Գրում է Tert.am-ը:

Յօդւածն ամբողջութեամբ ստորեւ.

«Իրավիճակի սրումը Իդլիբում քննարկումների առիթ դարձաւ, թէ կը սկսւի՞ արդեօք 17-րդ ռուս-թուրքական պատերազմը արդէն մեր օրերում:

Միջազգային դիտորդների մեծ մասի կարծիքով, դա քիչ հաւանական է: Սակայն, միւս կողմից, գրեթե բոլորն են համաձայն, որ այս երկու երկրների միջեւ պատերազմական գործողութիւնները կարող են ընթանալ իրենց պրոքսի-ուժերի կողմից Լիբիայում, Սիրիայում կամ Կովկասում:

Մեր կարծիքով, Իդլիբում իրավիճակն այն աստիճանի է սրւած, որ կողմերն այլեւս զիջումների տեղ չունեն:

Սիրիական բանակն արդէն նւաճել է Իդլիբ մարզի փաստացի 50 տոկոսը, եւ նրա նպատակն է լիակատար վերահսկողութեան տակ վերցնել Մ5 եւ Մ4 մայրուղիները: Յիշեցնենք, որ Մ5 մայրուղին կապում է Հալէպը Դամասկոսի հետ, ինչը անչափ կարեւոր է երկրի միասնականութեան վերականգման համար: Իսկ Մ4 մայրուղին կապում է Հալէպը Լաթակիայի հետ: Առանց դրա Հալէպը կտրւած կը մնայ ծովից, իսկ Լաթակիան էլ՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաքից: Սակայն Մ4 մայրուղին անցնում է այդ մարզի մէջտեղով, եւ, ուրեմն, սիրիացիները դատապարտւած էին անտեսել 2018 թւականի Սոչիի համաձայնութիւնները: Արդիւնքում, այս պահի դրութեամբ թուրքական դիտորդական մի շարք կէտեր յայտնւել են մի գօտում, որն անցել է սիրիական բանակի վերահսկողութեան տակ: Հասկանալի է, որ դա ոչ նորմալ իրավիճակ է: Կամ թուրքերը պէտք է նահանջեին արդէն գրաււած տարածքներից, կամ էլ թուրքական պրոքսի ուժերը պէտք է փորձէին յետ վերցնել կորցրած տարածքները: Բնականաբար, թուրքերը փորձեցին երկրորդ ուղիով գնալ, որի արդիւնքում, յայտնւեցին օդուժի ռմբակոծութիւնների տակ եւ որի արդիւնքում էլ առաջացել է այս լարւած իրավիճակը:

Այն, թէ ինչու սիրիացիները չեն կարող կամովին յանձնել իրենց կողմից գրաււած տարածքները, հասկանալի է: Իսկ թէ ինչու Էրդողանը չի կարող յետ նահանջել, փորձենք վերլուծել առանձին:

 

Հինգ պատճառ, թէ ինչու Էրդողանը Իդլիբում յետնահանջի ճանապարհ չունի

Պատճառ 1-ին

Սիրիական ուղղութիւնն Էրդողանի համար կարեւորագոյններից է: Նա կարողացաւ «մաքրել» Սիրիայի հիւսիսը քրդերից: Այսօր փաստացի վերահսկում է Սիրիայի հիւսիսային մասում աւելի քան 6 հազար քմ տարածք՝ չհաշւած Իդլիբի մարզը: Նա փաստացի համաձայնւել է Մոսկւայի հետ կիսել Սիրիայի տարածքները ըստ ազդեցութեան գօտիների՝ ստանալով այդ երկրի հիւսիսը, փոխարէնը հրաժարւելով Ասադի ռեժիմը տապալելու ծրագրերից: Հիմա, ըստ նրա, Պուտինը փաստացի դրժում է իր խոստումը՝ վատ վիճակի մէջ գցելով Էրդողանին:

Պատճառ 2-րդ

Հրաժարւելով աջակցել Սիրիայի սուննի արաբներին եւ գործարք կնքելով Մոսկւայի հետ՝ Էրդողանն արդէն հասցրել էր «դաւաճանի» պիտակ ստանալ նրանցից: Հրաժարւելով Իդլիբից՝ Էրդողանը կարող է դաւաճանի պիտակ ստանալ արդէն Թուրքիայի կրօնամոլ շրջանակների կողմից, որոնք համարւում են նրա քաղաքական հիմնական հենարանը երկրի ներսում:

Պատճառ 3-րդ

Եթէ Էրդողանը համակերպւի Ասադի կողմից Իդլիբի հնարաւոր գրաւման հետ, ապա այդ մարզի 4 միլիոնանոց բնակչութիւնից առնւազն 25 տոկոսը կը փորձի տեղափոխւել Թուրքիա: Իսկ այսօր արդէն Թուրքիայում կայ մօտ 3 մլն. փախստական, որոնց առկայութիւնը խիստ նեարդայնացնում է թուրք հասարակութեանը եւ յատկապէս նրա աշխարհիկ մասին: Իսկ դա կարող է բերել նոր ճգնաժամի, որը հաստատ Էրդողանի օգտին չի լինի:

Պատճառ 4-րդ

Եթէ Էրդողանը զոհաբերի սուննի արաբների շահերը Սիրիայում, ապա ոչ միայն կը փլւի իր նէոօսմանեան գաղափարախօսութիւնը, այլեւ ի դէմս այդ գաղափարախօսութեանը անկեղծ հաւատացողների՝ կը ստանայ ոխերիմ թշնամիների մեծ ճամբար, որոնք չեն ների «դաւաճան Էրդողանին»՝ դրանից բխող բոլոր տեսակի հետեւանքներով: Էրդողանը գաղափարապէս կաւարտւի որպէս գործիչ: Իսկ ինչպէս յայտնի է, գաղափարապէս աւարտւած գործիչը յաջորդ քայլում կորցնում է իր իշխանութիւնը:

Պատճառ 5-րդ

Էրդողանի հեղինակութիւնը Թուրքիայում արդէն անկում է ապրում: Վկան՝ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրութիւնների արդիւնքներն էին, որտեղ, ինչպէս յայտնի է, պարտւեց Էրդողանի համակիրը: Թուրքիայի աշխարհիկ շրջանակները մերժում են Էրդողանին: Վերջինին մերժում է նաեւ Արեւմուտքը: Յատկապէս 2016-ի յեղաշրջման փորձից յետոյ Էրդողանն իր բոլոր յոյսերը կապել էր Պուտինի հետ: «Թուրքական հոսքն» ու S-400-ի գնումը վերջնականապէս են փչացրել Էրդողանի յարաբերութիւնները Արեւմուտքի հետ:

Այդ իսկ պատճառով, եթէ Էրդողանը պարտւի Իդլիբում, ապա նա կը պարտւի նաեւ Անկարայում: Սա միանշանակ է, քանզի թուրք հասարակութիւնը չի սիրում թոյլ եւ պարտւած գործիչների: Աւելի քան 500 տարւայ փորձ ունեցող երկիրը չի ընդունում ո՛չ դատարկ պոպուլիստների, ո՛չ փուչիկ-գործիչների, ոչ էլ քցւած ու պարտւած գործիչների, քանզի գիտի դրա բացասական հետեւանքների գինը պետութեան համար:

 

Ինչո՞ւ մենք պէտք է զգօն լինենք Ղարաբաղում

Ըստ էութեան, եթէ Իդլիբում Էրդողանը չկարողանայ յաղթել, ապա նա իր իշխանութիւնը փրկելու համար ունի ռեւանշի գնալու երկու ուղղութիւն: Առաջինը Լիբիան է, որտեղ նրա պրոքսի ուժերը պայքարում են մարշալ Խաֆտարի դէմ, իսկ երկրորդը Կովկասն է, որտեղ նա կարող է փորձել իր գործընկեր Ալիեւի միջոցով ռեւանշի հասնել Ղարաբաղում:

Խաֆտարի դիրքերը շատ ամուր են: Լիբիայի մեծ մասը գտնւում է նրա վերահսկողութեան տակ: Նրան են աջակցում Սաուդական Արաբիան, արբական ծոցի երկրները, եւրոպացիները եւ Մոսկւան:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այս պահին Էրդողանի համար ամենաթոյլ օղակն ենք:

Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ մենք Հայաստանում ունենք լիովին պառակտւած հասարակութիւն: Օր օրի դրսի շրջանակների «փափուկ» գործունէութեան արդիւնքում հետեւողականօրէն վարկաբեկւում են երկրի գրեթէ բոլոր ինստիտուտները: Վարչապետի, նախագահի, ԱԺ-ից յետոյ անվստահութեան ալիքը հասել է արդէն ոստիկանութեանը, ԱԱԾ-ին եւ բանակին: Այստեղ դրսի համապատասխան շրջանակները՝ ներսի շրջանակների հետ միասին, ներսից փորձում են թուլացնել երկիրը: Եւ այս ալիքն արդէն ներթափանցել է Արցախ: Իսկ ընտրութիւններն այդ վարկաբեկման գործընթացի համար բարենպաստ դաշտ է ձեւաւորել: Եթէ մարտի 5-ից յետոյ Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ համաձայնութեան չգայ Իդլիբի հարցում, ապա կարող է սկսել գործել «իրար տակից խփելու գործընթացը՝ իրենց պրոքսի ուժերի կողմից», սա նշում են գրեթէ բոլոր միջազգային հեղինակաւոր վերլուծաբանները:

Կարծում եմ, որ մենք, վերը նշւած պատճառները հաշւի առնելով, այսօր այսպէս կոչւած «թոյլ օղակ» ենք դարձել եւ որի պատճառով էլ գոնէ զգօն պիտի լինենք, որ յետոյ չասենք, թէ «պատերազմն անսպասելի թակեց մեր դուռը»: Ոչ մի անսպասելի բան չկայ: Մենք ինքներս մեր ձեռքերով ենք մեզ դարձրել «թոյլ օղակ» եւ որեւէ մէկին դրսում, բարոյական իրաւունք չունենք մեղադրելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։