Հա

Քաղաքական

03/03/2020 - 10:10

Մոսկւայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը. Ստանիսլաւ Տարասովը՝ Իդլիբի իրադարձութիւնների մասին

Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագէտ Ստանիսլաւ Տարասովի կարծիքով՝ Մոսկւան եւ Թեհրանը միասին նոյն քաղաքականութիւնն են վարում Սիրիայում Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս:

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագէտ Ստանիսլաւ Տարասովի կարծիքով՝ Մոսկւան եւ Թեհրանը միասին նոյն քաղաքականութիւնն են վարում Սիրիայում Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս: Tert.am-ի հետ զրոյցում նա նկատեց՝ ճնշումը հսկայական է:

«Թեհրանը յայտարարում է, որ իրեն ոչ ցանկալի զարգացումների արդիւնքում նա կը պատասխանի Թուրքիային: Սակայն դեռեւս սպասում են: Ինչո՞ւ, որովհետեւ մարտի 5-ին նախատեսւած է Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը: Եւ Թուրքիան, որը Արեւմուտքից չստացաւ ակնկալւող աջակցութիւնը, եւ չունի լուրջ ազդեցութիւն այս հարցում, պէտք է արդէն զիջումների գնայ»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թէ Թուրքիան փորձում է ռուսական հարւածներից յետոյ իրավիճակ փոխել, արդէն աւիահարւածներ է հասցրել սիրիական ուժերի ուղղութեամբ, Ստանիսլաւ Տարասովը նշեց.

«Այս օրերին այնքան ապատեղեկատւութիւն է տարածւում: Ամէն ինչին պէտք չէ հաւատալ: Դեռ յայտնի չէ, թէ նրանք ում ուղղութեամբ են հարւածներ հասցնում: Իհարկէ, նրանց հարւածներն ուղղւած են սիրիական կառավարութեան ուժերի կողմ, բայց նրանց դէմ հանդէս են գալիս նաեւ ջիհադիստները, որոնց հետ նրանք նախկինում համագործակցում էին: Սա պատերազմ է, իսկ դրա մասին ճշգրիտ տեղեկատւութեանը, բացի զինւորականներից, ոչ ոք չի տիրապետում»,- ասաց նա:

Անդրադառնալով մարտի 5-ին սպասւող Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նախ նա մատնանշեց, որ մինչ այդ արդէն հեռախօսային խօսակցութիւն եղել է Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ: Պուտինը խոստացել է Սիրիայի փախստակաների անվտանգութիւնը ապահովել Թուրքիայի աւիահարւածներից: Այս պահին Իրանը սպասում է, նրանք չեն գտնւում կրակակէտում: Բայց եթէ Թուրքիան փորձի Իդլիբում առաջ գնալ, ապա կը հանդիպի «Հեզբօլլահ»-ին եւ այլն: Իրադրութիւնը կարող է հասնել նրան, որ ռազմական գործողութիւնները Թուրքիայում սկսւեն: Էրդողանն իրեն անկիւն է մտցրել: Եթէ Թուրքիան իրավիճակը էսկալացիայի տանի, ապա, կարող եմ ասել, կը փլուզւի»,- ասա նա:

Արդեօք Ռուսաստանն ու Թուրքիան կոմպրոմիսի կը գնա՞ն, ո՞րը կը լինի Ռուսաստանի դիրքորոշումը: Ստանիսլաւ Տարասովի նկատառմամբ՝ գործողութիւնները տեղի են ունենում ուրիշի տարածքում, եւ Մոսկւայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը:

«Բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք արդէն թուլացած Թուրքիա: Դա նաեւ իր ազդեցութիւնն է ունենում Կովկասում, ի վերջոյ: Նրա ազդեցութիւնը պատմականօրէն մեզ հետաքրքիր տարածքում արդէն նւազում է: Որպէսզի այն վերականգնի, տասնեակ տարիներ կը պահանջւեն»,- ասաց նա:

Այս համատեքստում փորձագէտը նկատեց, որ Էրդողանի Թուրքիան հիմա միջազգային հարթակում էլ առանձնապէս հեշտ իրավիճակում չի յայտնւել: «Ոչ մի իրական աջակցութիւն Թուրքիան միջազգային հանրութեան կողմից՝ ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ ԱՄՆ-ից, Արեւմուտքից չստացաւ: Իսկ Ռուսաստանը գործում է Իրանի հետ նոյն ճակատում»,- նկատեց նա:

Ժամանակին, ըստ ռուսաստանցի փորձագէտի, երբ դիտարկւում էր Թուրքիայի՝ Եւրոմիութեանն անդամակցելու հարցը, թւում էր, թէ Թուրքիան իր ազդեցութիւնը կը մեծացնի: Ադրբեջանն էլ յոյսով էր, որ Թուրքիան իրեն կը կարողանայ օգնել՝ ղարաբաղեան հիմնախնդիրը յօգուտ իրեն լուծելու հարցում: «Բայց հակառակը տեղի ունեցաւ՝ Թուրքիան թուլացաւ»,- ասաց նա:

Խօսելով այս իրավիճակում Հայաստանի վարած քաղաքականութեան մասին՝ Ստանիսլաւ Տարասովը նշեց, որ «անգրագիտութիւն» է նկատւում: «Երբ ՆԱՏՕ-ն պարտւում է, Թուրքիան փլուզւում է, հայերը յայտարարում են, որ մասնակցելու են ՆԱՏՕ-ի զօրավարժութիւններին: Բայց պէտք է նրանցից սովորել, նրանց հետ անցկացնել ուսումնական վարժանքներ, որոնք յաղթում են, այլ ոչ թէ նրանց հետ, որոնք պարտւում են: Իսկ թէ ով է յաղթում, կարծում եմ, ինքներդ էլ հասկանում էք»,- ասաց նա:

Իսկ թէ ինչ է սպասւում Հայաստանին, հայ-ռուսական յարաբերութիւններին, ռուս-թուրքական յարաբերութիւնները սրացման գնալու դէպքում, ապա ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն առանձնացւած քաղաքականութիւն է վարում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, իրենք չեն ներկայացնում հայերի կամ ադրբեջանցիների շահերը:

«Մենք մեր սեփական մեքենան ենք վարում: Իսկ Հայաստանի նոր կառավարութիւնն այնպիսի քաղաքականութիւն է վարում, որը հայ-ռուսական յարաբերութիւնների կոնտեքստում չի տեղաւորւում: Փաշինեանը Ռուսաստանի հետ Հայաստանի յարաբերութիւնները չի կոորդինացնում, Ադրբեջանն էլ, ինչո՞ւ պէտք է Ռուսաստանը դա անի: Այո, մենք նոյն տնտեսական, ռազմաքաղաքական բլոկում ենք: Այո, տեսականօրէն կարող ենք սպառնալիք սպասել Թուրքիայից Հայաստանի նկատմամբ: Բայց պէտք է հասկանալ, որ Թուրքիան առանձնապէս Հայաստանի համար ժամանակ չունի: Նրանք 40 միլիոն քրդերի հետ խնդիր ունեն, որոնք յաւակնում են պետականութիւն ստեղծել»,- ասաց նա՝ վստահօրէն նշելով, որ հայ-թուրքական յարաբերութիւնները հիմա իրականում որեւէ մէկի օրակարգում չկան:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։