Հա

Քաղաքական

09/03/2020 - 08:20

Վրաստանի իշխանութիւնն ու ընդդիմութիւնը համաձայնութեան են եկել 2020-ին խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու նոր մոդելի շուրջ

Վրաստանի ընդդիմութեան եւ իշխանութեան ներկայացուցիչները կիրակի կարողացել են պայմանաւորւել 2020-ին խառը համակարգով խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին:

«alikonline.ir» - Վրաստանի ընդդիմութեան եւ իշխանութեան ներկայացուցիչները կիրակի կարողացել են պայմանաւորւել 2020-ին խառը համակարգով խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու մասին: Գրում է Tert.am-ը:

Ինչպէս հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը՝ վկայակոչելով խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձէին, ըստ խառը համակարգի 120 պատգամաւորը 150-ից կընտրւեն կուսակցական ցուցակներով, իսկ 30-ը՝ մեծամասնական:

«Այսօրւայ պայմանաւորւածութիւնն ամուր հիմք է հանդիսանում Վրաստանում ժողովրդավարական ընտրութիւնների անցկացման համար: Վրաստանը շարունակում է իր ժողովրդավարութեան ամրապնդումը: Այդ բանակցութիւնների յաջող եզրափակման արդիւնքում առաջին հերթին շահել է մեր երկիրը, հասարակութիւնը, եւ որ ամենակարեւորն է, իշխանութիւնը»,- ասել է Թալաքւաձէն բանակցութիւնների աւարտին:

Ընդդիմութիւնն ու իշխանութիւնը կիրակի բանակցութիւններ են վարել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի նստավայրում՝ դեսպան Քելլի Դեգնանի ներկայութեամբ: Հանդիպման աւարտին բոլոր մասնակից կողմերը յուշագիր են ստորագրել, որը պարտաւորեցնում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցութեանը Սահմանադրութեան համապատասխան փոփոխութիւններ նախաձեռնել խորհրդարանում: Պայմանաւորւածութեամբ ենթադրւում է կուսակցութիւնների համար 1 տոկոսային անցումային շեմի սահմանում ընտրութիւնների ժամանակ:  

Գործող սահմանադրական կարգի համաձայն՝ 150 պատգամաւորից 77-ն ընտրւում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական: Ընտրական անցումային շեմը կազմում է 5 տոկոս: Խորհրդարանական ընտրութիւնները Վրաստանում պէտք է տեղի ունենան հոկտեմբերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։