Հա

Քաղաքական

10/03/2020 - 12:30

«Մոսկւան ու Երեւանը մտածելու բան ունեն. սահմանին լարւածութիւն սադրելը նպատակ ունէր խայթել Մոսկւային». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպէս եւ սպասւում էր, Մոսկւայում տեղի ունեցաւ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսւայ ընթացքում Թուրքիայի կողմից գործադրւած ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկւայի աջակցութեամբ, կարողացաւ դիմակայել եւ կողմերը բանակցութիւնների սեղանին մօտեցան փաստացի նախկին դիրքերում։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Ինչպէս եւ սպասւում էր, Մոսկւայում տեղի ունեցաւ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսւայ ընթացքում Թուրքիայի կողմից գործադրւած ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկւայի աջակցութեամբ, կարողացաւ դիմակայել եւ կողմերը բանակցութիւնների սեղանին մօտեցան փաստացի նախկին դիրքերում։ Արդիւնքում Թուրքիան չկարողացաւ անգամ որեւէ շօշափելի մարտավարական ձեռքբերում արձանագրել եւ 6 ժամ տեւած բանակցութիւններից յետոյ պարզ դարձաւ, որ կողմերը փաստացի վերադարձել են նախորդ տարի Սոչիի համաձայնագրով ամրագրւած պայմանաւորւածութիւնների դաշտ։

Միջազգային մամուլը եւ փորձագէտները սա գնահատեցին իբրեւ Պուտինի փաստացի յաղթանակ, քանզի Անկարան չկարողացաւ Մոսկւային պարտադրել նոր համաձայնութիւն՝ Իդլիբի շրջանը անորոշ ժամանակով Թուրքիայի վերահսկողութեան տակ թողնելու վերաբերեալ։ Ռուսաստանը արձանագրեց, որ այդ պահանջը դիտարկում է իբրեւ Սիրիայի տարածքային ամբողջականութեան խախտում, եւ Դամասկոսը իրաւասու է վերականգնել իր հսկողութիւնը պետութեան ամբողջ տարածքի վրայ։ Բայց Մոսկւայի թէկուզ յարաբերական յաղթանակը Անկարայի նկատմամբ ամենեւին չի նշանակում լարւածութեան նւազում։ 

Աւելին, Իդլիբում ցանկացածը չստանալով՝ Թուրքիան դեռ մինչեւ մարտի 5-ի հանդիպումը փորձում էր Ռուսաստանին ատամ ցոյց տալ այլ ուղղութիւններով. յատկապէս Հարաւային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին։ Պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Չաւուշօղլուն հանդիպում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թուրքիայի կողմից պահանջ հնչեցնելով ակտիւացնել ղարաբաղեան կարգաւորման գործընթացը՝ ենթատեքստում նկատի ունենալով Ադրբեջանի պահանջների լիարժէք բաւարարումը։ 

Ի պատասխան մեծ եղբօր ժեստի, պաշտօնական Բաքուն Իդլիբում լարւածութեան ֆոնին նախաձեռնեց լարւածութեան մեծացում հայ-ադրբեջանական սահմանին՝ Տաւուշի մարզի սահմանների գրեթէ ողջ երկայնքով պարբերաբար խախտելով հրադադարը, նախորդ շաբաթ նախաձեռնելով նաեւ դիւերսիոն ներթափանցման հերթական փորձը։ Արդիւնքում, ըստ առայժմ յայտնի տւեալների, հայկական կողմը ունի 2 վիրաւոր, ադրբեջանական կողմից կայ զոհ եւ մի քանի վիրաւոր։ 

Բայց Բաքւի եւ Անկարայի համար դա չէ սկզբունքայինն ու կարեւորը։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ պատերազմ սադրելու մտադրութիւն եւ ռեսուրսներ չունեն գոնէ այս պահին։ 

Բայց կոնկրետ Հայաստան-Ադրբեջան սահմանի վրայ հրադադարի խախտումն ու լարւածութեան սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկւային, միւս կողմից՝ ի ցոյց դնել Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում առկայ որոշակի խնդրայարոյց իրավիճակը, որովհետեւ Հայաստանի պետական սահմանը նաեւ ՀԱՊԿ պատասխանատւութեան գօտին է։ 

Այս շրջանում հրադադարի խախտումների դէպքում Հայաստանը իրաւասու է արձագանք սպասել ռազմաքաղաքական դաշինքից, որին անդամակցել է, կամ դիմել համապատասխան աջակցութիւն ստանալու համար։ Չեղաւ ո՛չ մէկը, ո՛չ միւսը։ Յիշենք՝ Հայաստանը 2018-ին գեներալ Խաչատուրովի հետ կապւած իրավիճակը անմտօրէն հրահրելուց յետոյ նախատեսւածից 2 տարի աւելի շուտ զրկւեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնից՝ առաջացնելով նաեւ Մոսկւայի բացայայտ դժգոհութիւնը։ 

Ըստ այդմ, նոր իրավիճակում ՀԱՊԿ-ին ուղղւած որեւէ կոչ կամ դիմում կարող էր դաշինքի միւս անդամների կողմից առաջացնել ոչ համարժէք արձագանք՝ 2018-ի իրադրութիւնը յիշեցնելու ձեւով։ Մոսկւան էլ որեւէ կերպ չարձագանքեց հայ-ադրբեջանական սահմանում Բաքւի գործողութիւններին՝ ըստ երեւոյթին ցանկանալով պաշտօնական Երեւանին որոշակի դժգոհութեան հերթական «մեսիջը» ուղարկել։ 

Թէպէտ այս իրավիճակում Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի։ Որովհետեւ անցած տարիներին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փաստացի հաւասարութեան նշան դնելով եւ Բաքւին ռուսական սպառազինութիւն մատակարարելով՝ հէնց ինքն է ստեղծել այս կացութիւնը։

Անկարան ու Բաքուն համոզմունք ունեն, որ Հայաստանի նկատմամբ ճնշման դէպքում Ռուսաստանի միջամտութիւնը կրիտիկական դրսեւորումներ չի ունենայ՝ նկատի ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Մոսկւայի տնտեսական յարաբերութիւններն ու շահերը։ 

Սա թոյլ է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին համակարգւած ռազմավարութեամբ շարունակաբար ի ցոյց դնել հայ-ռուսական յարաբերութիւնների ներկայիս որոշակիօրէն խոցելի վիճակը։ Պաշտօնական Մոսկւան եւ պաշտօնական Երեւանը այս կապակցութեամբ մտածելու յստակ բան ունեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։